ԵՄ-ն Բելառուսի իշխանություններին կոչ է անում «չդիմել բռնությունների»

Եվրոպական առաջնորդները բելառուսական իշխանություններին հորդորում են «զերծ մնալ բռնությունների դիմելուց և հարգել մարդու հիմնարար ազատություններն ու իրավունքները»։
Մինսկում նախագահական ընտրությունների նախնական արդյունքները հայտարարելուց հետո փողոց դուրս եկած ցուցարարներին դաժանորեն ցրելուց հետո Լեհաստանի և Լիտվայի առաջնրդներ Անջեյ Դուդան և Գիտանաս Նաուսեդան համատեղ հայտարարությամբ են հանդես եկել, որում ընդգծել են Բելառուսի կողմից դեմոկրատական չափորոշիչները պահպանելու կարևորությունը։ Բեռլինում կասկածի տակ են դնում ընտրությունների օրինակարգությունը։
Իր Twitter-ում Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը պնդում է քվեարկության ստույգ տվյալները հրապարակելու անհրաժեշտությունը։ Հարևան պետությունում ստեղծված իրավիճակի կապակցությամբ Լեհաստանը պահանջել է Եվրամիության արտահերթ գագաթնաժողով հրավիրել։ Երկրի արտաքին գործերի փոխնախարար Պավել Յաբլոնսկին հայտարարել է․ «ԵՄ-ն համաշխարհային քաղաքականության սուբյեկտ է, որի նպատակն է լուծել արդի գլոբալ խնդիրները։ Եվրամիությունը չի կարող չարձագանքել անմիջականորեն իր սահմանի մոտ տեղի ունեցող իրադարձություններին։ Լեհաստանի վարչապետը արտահերթ գագաթնաժողովի կոչ է անում։ Միջազգային հանրության արձագանքը Բելառուսում կատարվող իրադարձություններին պետք է միանշանակ և վճռական լինի»։
Ալեքսանդր Լուկաշենկոյի՝ նախագահական վեցերորդ ժամկետով ընտրվելուն կողմ է քվեարկել, ԿԸՀ տվյալներով՝ ընտրողների ավելի քան 80 %-ը, ինչը կասկածի տակ են դնում աշխարհի ոչ բոլոր առաջնորդները․ Լուկաշենկոյին ընտրվելու կապակցությամբ շնորհավորել են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը և ՉԺՀ նախագահ Սի Ձինպինը և այլք։
Փոխանցում է euronews-ը։