13.08.2020 12:19

Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ալիևի հետ

Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ալիևի հետ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են, մասնավորապես, տարածաշրջանային հարցեր։

Հեռախոսազրույցը կայացել է ադրբեջանական կողմի նախաձեռնությամբ, հաղորդել է Կրեմլի մամուլի ծառայությունը։

«Կարծիքներ են փոխանակվել տարածաշրջանային հարցերի շուրջ՝ այս տարվա հուլիսին հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի լարման համատեքստում։ Ռուսաստանի կողմից ընդգծվել է լարվածությունը սաստկացնելուն նպաստող ցանկացած գործողության անթույլատրելիությունը»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Զրույցի ընթացքում ադրբեջանական առաջնորդը նաև շնորհավորել է ՌԴ-ին՝ կորոնավիրուսային վարակի դեմ պատվաստանյութը գրանցելու կապակցությամբ։

Մամուլի ծառայության հաղորդագրության համաձայն՝ երկու երկրների առաջնորդները նաև քննարկել են օրակարգային հրատապ թեմաներ։ «Կողմերը հաստատել են, որ տրամադրված են ամրապնդել ռուսաստանա-ադրբեջանական գործընկերությունը բոլոր ոլորտներում»,- ասվում է Կրեմլի հաղորդագրության մեջ։

Փոխանցում է tass.ru-ն