13.08.2020 13:27

ԵՄ-ն Բելառուսի նկատմամբ նոր պատժամիջոցներ է նախապատրաստում

ԵՄ-ն Բելառուսի նկատմամբ նոր պատժամիջոցներ է նախապատրաստում

Եվրամիության երկրների արտաքին գործոց նախարարները ուրբաթ օրը կքննարկեն, թե  ինչպես արձագանքեն Բելառուսում ընտրությունների արդյունքներին և դրանց հաջորդած բողոքի ցույցերի կոշտ ճնշումներին։

ԵՄ-ն կարող է նորից սահմանել Լուկաշենկոյի և նրա պաշտոնյաների նկատմամբ վերջերս չեղարկված պատժամիջոցները, բայց նաև մտավախություն ունի, թե այդ քայլը Բելառուսին կմղի Ռուսաստանի գիրկը, ասում են եվրոպացի քաղաքագետներն ու վելուծաբանները։

Բելառուսին նվիրված արտակարգ տեսախորհրդակցությունը հրավիրվել է Լեհաստանի նախաձեռնությամբ, ինչը պաշտպանել են Բալթյան երկրները և Ֆինլանդիան։

ԵՄ կենտրոնական մարմինները և միության մի քանի այլ երկրներ դեռ շաբաթվա սկզբին էին մտադիր քննարկելու Բելառուսի հարցը օգոստոսի վերջին նախատեսված՝ նախարարների հանդիպման ընթացքում, սակայն հետո համաձայնել են արտահերթ խորհրդակցություն անցկացնել՝ օրակարգում ընդգրկելով ոչ միայն Բելառուսը, այլև իրավիճակը Լիբանանում և հարաբերությունները Թուրքիայի հետ։

«Մենք պետք է Լուկաշենկոյին ստիպենք ընթանալ խաղաղ ճանապարհով, զարգացնել հարաբերությունները Արևմուտքի և Եվրամիության հետ։ Իհարկե, եթե իրավիճակը վատթարանա, պատժամիջոցներից խույս տալը շատ բարդ կլինի»,- ասել է Լեհաստանի արտաքին գործերի նախարար Յացեկ Չապուտովիչը։

Նույն օրը պատժամիջոցների վերականգնման հնարավորության մասին է հայտարարել նաև Եվրամիության արտաքին հարաբերությունների ղեկավար Ժոզեպ Բորելը։

Փոխանցում է BBC-ն։