13.08.2020 14:00

Բելառուս․ Ամենախաղաղ գիշերը՝ ընտրություններից հետո

Բելառուս․ Ամենախաղաղ գիշերը՝ ընտրություններից հետո

Չորեքշաբթի լույս հինգշաբթի գիշերը Բելառուսում ընտրություններից հետո ամենախաղաղ գիշերն էր․ զանգվածային բախումներ չեն եղել, իսկ ձերբակալությունները հիմնականում եղել են առանձին վայրերում։

Ինչ վերաբերում է չորեքշաբթի օրվան, ապա այդ օրը ցուցարարները նոր մարտավարություն էին ընտրել․ Մինսկի և բելառուսական մյուս քաղաքների փողոցներ են դուրս եկել սպիտակազգեստ կանայք և համերաշխության շղթա են կազմել՝ ընդդեմ ոստիկանական բռնությունների։

Ցերեկը մարդիկ կուտակվել են ժամանակավոր մեկուսարանների մոտ՝ փորձելով տեղեկանալ իրենց ձերբակալված հարզատների մասին։ Նրանք ցուցակներն են ստուգել ու պատմել միմյանց, թե ինչ պայմաններում են պահվում ձերբակալվածները։ Երբ որևէ մեքենա էր դուրս գալիս մեկուսարանի դարպասից, մարդիկ փորձում էին տեսնել, թե ում են տեղափոխում, և վանկարկում էին՝ «Ամո՛թ»։ Շատերը լաց էին լինում։

Չորեքշաբթի բելառուսական Տելեգրամ-ալիքները կոչեր են տարածել արգելափակել փողոցների երթևեկությունը, որպեսզի խանգարեն հատուկ տեխնիկայի տեղաշարժը։ Երեկոյան շատ քաղաքներում վարորդները հետևել են այդ կոչին, սակայն ուժայինների կոշտ դիմադրությանն են հանդիպել։

Երեկվա ամենաուշագրավ դրվագը բազմաթիվ տեսագրություններն են, թե ինչպես են ուժային կառույցների նախկին և գործող աշխատակիցները հանում իրենց համազգեստը և այրում այն՝ ի նշան բողոքի իրենց գործընկերների գործողությունների դեմ։

«Ես հպարտանում էի, որ ծառայել եմ։ Հիմա ամաչում եմ։ Ամո՛թ։ Ամո՛թ բոլոր նրանց, ովքեր նման հրամաններ են կատարում»։

Ուժային կառույցների գործողություններին իրենց անհամաձայնությունն են արտահայտել նաև Բելառուսի պատական լրատվամիջոցների աշխատակիցները, նրանցից ոմանք, ի նշան բողոքի, ազատվել են աշխատանքից։

Փոխանցում է BBC-ն։