13.08.2020 14:24

Նոբելյան մրցանակակիրը Լուկաշենկոյին կոչ է անում հեռանալ

Նոբելյան մրցանակակիրը Լուկաշենկոյին կոչ է անում հեռանալ

Բելառուս գրող, գրականության Նոբելյան մրցանակակիր Սվետլանա Ալեքսիևիչը  «Ազատություն» ռադիոկայանի բելառուսական ծառայությանը տված հարցազրույցի ընթացքում նախագահ Ալեքսանդր Լուկաշևիչին կոչ է արել հրաժարական տալ՝ «քանի դեռ ուշ չէ»։

Լրագրողը Ալեքսիևիչին հարցրել է, թե նա ինչ կուզեր հիմա ասել Լուկաշենկոյին։

«Կուզենայի կրկնել այն, ինչ այդքան սիրուն էր ասել լրագրող Սվետլանա Կալինկինան․ «Սիրո՛ւն հեռացիր», բայց արդեն չի ստացվի․ արյուն է հեղվել։ Կորի՛ր, քանի դեռ ուշ չէ, քանի դեռ մարդկանց սոսկալի վիհը չես նետել՝ քաղաքացիական պատերազմի անդունդը։ Կորի՛ր։ Ոչ մեկին Մայդան պետք չէ, ոչ մեկին արյուն պետք չէ, դու պարզապես իշխանություն ես ուզում, և քո այդ ցանկությունը արյան կվերածվի», -պատասխանել է գրողը։

Ալեքսիևիչը հայտարարել է, որ «իշխանությունը պատերազմ է հայտարարել սեփական ժողովրդին», ինչը հանգեցնում է հասարակության արմատականացմանը։ «Բելառուսներն ընդգծում են, որ մենք խաղաղասեր մարդիկ ենք, մենք ոչ մեկին չենք ծեծում ու չենք սպանում։ Գրեթե անմարդկային, սատանայական այն կատաղությունը, որով գործում է ՕՄՕՆ-ը – ես դժվարանում եմ ասել, որ դա բելառուսկան ՕՄՕՆ-ն է»,- ասել է Ալեքսիևիչը՝ նաև համոզմունք հայտնելով, որ ընտրություններում հաղթել է ընդդիմության թեկնածու Սվետլանա Տիխանովսկայան։ «Ոչ ոք իր շրջապատում ոչ մեկին չի տեսնում, ով սիրում է Լուկաշենկոյին, ով նրան այնպես կպաշտպանի, ինչպես նախկինում։ Այն ամենից հետո, ինչ կատարվում է փողոցներում, ինչպե՞ս կարելի է հավատալ այդ մարդուն»։

Նոբելյան մրցանակակիրը նաև ասել է, որ վերջին մի քանի շաբաթներին ինքն ուղղակի սիրահարվել է իր ժողովրդին։

Փոխանցում է tvrain-ը։