13.08.2020 17:31

Ոչ միայն «վիրուսիվ»

Ոչ միայն «վիրուսիվ»
Լուսանկարը` armeniasputnik-ի

Հայաստանում կյանքը հոսում է առանձին, իսկ մարտի 1-ի գործով դատավարությունը` կարծես ինքն իրենով, իր առանձին աշխարհում, զուգահեռ իրականության մեջ:

Կարծես թե` խոսքը ոչ թե Հայաստանի պատմության մեջ կատարված ամենահրեշավոր հանցագործություններից մեկի մասին է, այլ` մի սովորական դատական նիստի, որտեղ ինչ-որ մեկի ավտոտնակի պատկանելության հարցն են քննում:

Մեղադրյալներն ու նրանց պաշտպանները դեռ երկու տարի առաջ էին որդեգրել այս տակտիկան եւ այն բարեհաջող կիրառում են: Իսկ տակտիկան շատ պարզունակ է` ձգել, ձգձգել, շեղել, մաշեցնել, բառացիորեն մաշեցնել գործը, տարրալուծել այն ժամանակի մեջ այնպես, որ գործով հերթական դատական նիստը դառնա սովորական մի բան, կանխատեսելի ընթացքով եւ զարգացումներով, եւ ըստ այդմ էլ` բթացվի հանրային ուշադրությունը: Ինչքան քիչ ուշադրություն, այնքան ավելի ազատ կլիեն մեղադրյալների եւ նրանց պաշտպանների ձեռքերը` դատավարությունը միջնորդությունների ճահճի վերածելու հարցում, զուգահեռաբար՝ ավելի հանդուգն դարձնելով մեղադրյալների եւ նրանց պաշտպանների խոսքը` հարձակողական եւ լկտի ոճով թույլ չտալով, որ բուն դատավարությունը մեկնարկի: Դրան զուգահեռ՝ 24/7 ռեժիմով աշխատում է մեղադրյալներին հարող ԶԼՄ-ների քարոզչությունը թեմայի վերաբերյալ՝ որքան հնարավոր է շատ եւ լկտի ստեր տարածելով, չխորշելով անգամ զոհերի հարազատներին թիրախավորելուց եւ ծաղրելուց: Կարճ ասած` մարտի մեկի գործով դատավարությունն այդ անձինք դարձրել են իրենց «հոր բոստանը» եւ անում են ինչ ցանկանում են, երբ ցանկանում են եւ ինչպես ցանկանում են:

Ու այս ամենն անում են ոչ թե այն պատճառով, որ պարզապես ցանկանում են խուսափել քրեական պատասխանատվությունից, այլ որ հույս ունեն դատավարությունը ձգել այնքան, մինչեւ երկրում քաղաքական իրավիճակ կփոխվի:

Այո, մարտի 1-ը հիմա մեղադրյալների համար կյանքի ու մահվան հարց է դարձել: Եւ դա անում են  շորհիվ այն բանի, որ պետությունը, որպես մեղադրող կողմ՝ դանդաղում է, թույլ է տալիս մեղադրյալներին ժամանակը գողանալ, երբեմն կաշկանդված ու վախվորած է գործում` ինչից օգտվում են մեղադրյալներն ու է՛լ ավելի հանդգուն դառնում, եւ արդեն իրենք են սպառնում դատ ու դատաստանով:

Այո, գործադիր իշխանությունը չպիտի երբեք խառնվի դատական իշխանության գործերին, չպետք է նրանց հրահանգներ տա եւ ազդեցություն գործի, բայց դա չէ միայն իշխանության պարտականությունը: Իշխանությունը ոչ միայն ինքը չպետք է ներգործի դատարանների վրա, այլեւ չպիտի թույլ տա, որ դա փորձեն անել ուրիշները: Հասկանալի է, որ Հայաստանում հազարավոր խնդիրներ կան, եւ այդ ամենին էլ գումարվել է համաշխարհային մակարդակի պատուհաս կորոնավիրուսը, բայց անկախ ամեն ինչից՝ իշխանությունները պիտի չմոռանան, որ իրավունք չունեն աչքաթող անելու մարտի մեկի գործը, որ այդ գործից է կախված թե՛ իրենց քաղաքական հեղինակությունը եւ թե՛ գործի ամբողջական եւ ճշմարտացի բացահայտումը: Որովհետեւ պարզ է, ցանկացած վկա, որը երկու տարի առաջ պատրաստ էր գալ դատարան եւ ցուցմունքներ տալ, հիմա, տեսնելով, թե ինչպես են մեղադրյալները ներազդում գործի ընթացքի վրա, կարող է արդեն հապաղել, կասկածել իշխանությունների` այս գործը աբողջությամբ բացահայտելու ունակության վրա, կարող է վախենալ, կաշկանդվել, հոգնել, հիասթափվել եւ ի վերջո՝ լռել:

Այնպես որ, իշխանությունները, ինչ էլ լինի, պիտի առանձնակի ուշադրությամբ գուրգուրեն մարտի մեկի դատավարությունը եւ ամեն գնով թույլ չտան, որ այդ գործի վրա կողմնակի ներազդեցության հնարավորություն լինի։ Քանի դեռ մեղադրյալները ամբողջությամբ չեն գողացել ժամանակը:

Արսեն Օհանյան