14.08.2020 11:52

Բողոքի ցույցերի հինգերորդ օրը Բելառուսում․ ձերբակալվածների թիվը հասնում է 7 հազարի

Բողոքի ցույցերի հինգերորդ օրը Բելառուսում․ ձերբակալվածների թիվը հասնում է 7 հազարի

Բելառուսի ՆԳՆ-ի տեղեկատվության համաձայն՝ մեկ օրվա ընթացքում ձերբակալվել է ևս 700 ցուցարար։

Ձայների հաշվարկից հետո ուշագրավ աուդիոձայնագրություն է ի հայտ եկել Վիտեբսկի ընտրատեղամասերից մեկում․ քաղաքի շրջանային ղեկավարներից մեկը պահանջել է պարզապես տեղերով փոխել «երրորդ և չորրորդ թեկնածուների ձայների թվերը»։ Այսինքն՝ նա առաջարկել է Տիխանովսկայայի օգտին տրված քվեների թիվը վերագրել Լուկաշենկոյին, և հակառակը։

Վիտեբսկի թիվ 25 ընտրատեղամասի ղեկավար Սերգեյ Պիտալենկոն հաստատել է  աուդիոձանագրության իսկությունը, որտեղ լսվում է, թե ինչպես են ընտրական հանձնաժողովին ստիպում փոխել արձանագրությունը։ Այդ մասին հաղորդել է «Ազատություն» ռադիոկայանը։

Ընտրատեղամասում, որտեղ հաղթել է Սվետլանա Տիխանովսկայան, հայտնվել է մի մարդ, որը ներկայացել է որպես Վիտեբսկի Հոկտեմբերյան շրջանի ղեկավար Սերգեյ Ստաշևսկի։ Նա պահանջել է բացատրել, թե «ոնց  եղավ», որ հաղթեց Տիխանովսկայան։ Հանձնաժողովի անդամներն ասել են, որ իրենք հաշվել են, թե ոնց են քվեարկել ընտրողները, ինչին ի պատասխան՝ պաշտոնյան նրանց հորդրել է «ազնիվ դեմարշներ» չանել։ Բառացի մեջբերում․ «Ես ձեզ շատ կոշտ առաջարկ եմ անում՝ փոխել արձանագրությունը և տեղերով փոխել երրորդ և չորրորդ թեկնածուների ստացած թվերը»։

Ընտրատեղամասի նախագահ Սերգեյ Պիտալենկոն «Ազատություն» ռադիոկայանի թղթակցին ասել է, որ ամփոփիչ արձանագրության մեջ նշվել են այն թվերը, որոնք թելադրել են իրենց։ Երբ նրան հարցրել են, թե արդյո՞ք ձայնագրության իսկությունը հաստատում է, նա պատասխանել է․ «Ձայնագրության մեջ ամեն ինչ կա»։

Շրջանի ղեկավար Սերգեյ Ստաշևսկու ընդունարանում լրագրողներին տեղեկացրել են, որ նա հիվանդ է։

Փոխանցում է BBC-ն։