14.08.2020 14:56

Իսրայելը և ԱՄԷ-ն պատմական համաձայնագիր են կնքել

Իսրայելը և ԱՄԷ-ն պատմական համաձայնագիր են կնքել

Իսրայելը և Արաբական Միացյալ Էմիրությունները պայմանավորվածություն են ձեռք բերել հարաբերությունների լիակատար կարգավորման վերաբերյալ։

Համատեղ հայտարարության մեջ, որ ստորագրել են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, Իսրայելի վարչապետ Բինիամին Նեթանյահուն և Աբու-Դաբիի թագաժառանգ Մոհամեդ բին Զայեդը, հույս է հայտնվում, որ այդ պատմական քայլը կնպաստի խաղաղությանը Մերձավոր Արևելքում։

Որպես արդյունք՝ Իսրայելը սառեցնում է Հորդանանի Արևմտյան ափի տարածքներն անեքսիայի ենթարկելու ծրագիրը, ասվում է հայտարարության մեջ։

Մինչ այս պահը Պարսից ծոցի ոչ մի երկիր դիվանագիտական հարաբերություններ չուներ Իսրայելի հետ, թեպետ նրանցից մի քանիսը ոչ պաշտոնական դիվանագիտական հարաբերություններ հաստատել էին։

Տարածաշրջանում Իրանի ազդեցության մեծացումը արաբական երկրներին մղում էր ոչ պաշտոնական հարաբերություններ հաստատելու հրեական պետության հետ։

«Հսկայական առաջընթաց։ Խաղաղության պատմական համաձայնագիր մեր երկու մեծ բարեկամների՝ Իսրայելի և Արաբական Միացյալ Էմիրությունների միջև»,- Twitter-ում գրել է Թրամփը։ Ի պատասխան՝ Նեթանյահուն նույնպես գրառում է արել Twitter-ում․ «Պատմական օր»։

Իսրայել պետության հռչակումից՝ 1948 թ․ ի վեր և  դրան հաջորդած  ռազմական հակամարտություններից հետո արաբական երկրների հետ սա արաբա-իսրայելական ընդամենը երրորդ խաղաղության պայմանագիրն է․ Եգիպտոսի հետ պայմանագիր է ստորագրվել 1979 թ․, Հորդանանի հետ՝ 1994-ին։

Փոխանցում է BBC-ն։