14.08.2020 15:52

Տիխանովսկայան հանդես է եկել կոչով

Տիխանովսկայան հանդես է եկել կոչով

Բելառուսում կայացած նախագահական ընտրություններում նախագահի թեկնածու Սվետլանա Տիխանովսկայան այսօր հանդես է եկել նոր տեսաուղերձով:

Նա նշել է, որ փոփոխությունների կողմնակիցները մեծամասնություն են, եւ նրանք «արել են անհնարինը»: Նաեւ ասել է, որ այդ ամենը հաստատող փաստաթղթեր կան, մասնավորապես, արձանագրությունների պատճենները: Ըստ այդմ, այնտեղ, որտեղ ընտրական հանձնաժողովները ազնվորեն են հաշվել ձայները, իրեն աջակցել է ընտրողների 60-70 տոկոսը, իսկ որոշ տեղերում` 90 տոկոսը:

Նա նշել է, որ ժողովրդի ընտրությունը պետք է պաշտպանել միայն օրինական եւ ոչ բռնի միջոցներով, ու հիշեցրել, որ այսօր բելառուսական քաղաքներում արյուն է հեղվում:

«Ես ցավով եմ հետեւում այն ամենին, ինչ տեղի է ունենում մեր երկրում վերջին օրերին: Ինձ համար, եւ ես վստահ եմ, փոփոխությունների կողմնակից ձեզանից յուրաքանչյուրի համար, մարդկային կյանքն ամենաարժեքավորն է»,- ասել է Տիխանովսկայան: Նա կոչ է արել իշխանություններին դադարեցնել ամենաթողությունն ու երկխոսության գնալ:

Այդ նպատակով, նա կոչ է արել բելառուսական քաղաքների քաղաքապետերին օգոստոսի 15-ին եւ 16-ին նախաձեռնել զանգվածային խաղաղ հավաքներ:

«Եկեք միասին պաշտպանենք մեր քվեն, ստորագրեք, որ դուք քվեարկել եք իմ օգտին, համապատասխան հղումը կտեղադրվի տեսանյութի ներքո, խնդրում եմ, մի կողմ չքաշվեք, մեր ձայները պետք է լսելի լինեն»,- հայտարարել է նա: Նրա հիշատակած փաստաթղթում երկու պահանջ կա. ԿԸՀ լիազորությունների շրջանակներում եւ դիտորդների մասնակցությամբ անցկացնել քվեների վերահաշվարկ, իսկ գլխավոր դատախազության լիազորությունների շրջանակներում էլ ստուգել նախագահական ընտրությունների ողջ գործընթացի օրինականությունը:

Հիշեցնենք, որ Բելառուսում նախագահական ընտրությունները կայացել են օգոստոսի 9-ին: Ըստ երկրի ԿԸՀ-ի, ընտրություններում հաղթել է գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն` ավելի քան 80 տոկոս քվեով, երկրորդ տեղում էլ Տիխանովսկայան է` ավելի քան 10 տոկոս քվեով: Վերջինիս նախընտրական շտաբը հայտարարել է, որ չի ընդունում ընտրությունների պաշտոնական արդյունքները: Բողոքարկելու նպատակով Տիխանովսկայան ժամանել էր երկրի ԿԸՀ, որոշ ժամանակ նրա մասին ոչինչ հայտնի չէր, իսկ մեկ օր անց հայտնի դարձավ, որ թեկնածուն գտնվում է Լիտվայում:

Ընտրությունների արդյունքների պաշտոնական հրապարակումից հետո երկրում զանգվածային ցույցեր եւ գործադուլներ են սկսվել, կան բազմաթիվ ձերբակալվածներ, վիրավորներ: Պաշտոնակապես նշվում է նաեւ երկու զոհի մասին, թեեւ մամուլում տեղեկություններ կան, որ զոհերի թիվը ավելի մեծ է: