14.08.2020 17:07

Ռուսաստանյան պատվաստանյութի արտադրությունը կսկսվի առաջիկա շաբաթներին

Ռուսաստանյան պատվաստանյութի արտադրությունը կսկսվի առաջիկա շաբաթներին

Ռուսաստանյան «Спутник V» պատվաստանյութի առաջին սերիական արտադրությունը կսկսվի առաջիկա երկու շաբաթվա մեջ, հայտարարել է ՌԴ առողջապահության նախարարությունը։

Գերատեսչության ղեկավար Միխայիլ Մուրաշկոն տեղեկացրել է, որ դեղամիջոցը նախատեսված է ներքին շուկայի, առաջին հերթին՝ բժիշկների համար, սակայն դրա արտադրությունը արտասահմանում չի բացառվում, և նախարարի խոսքով՝ այդ ուղղությամբ արդեն բանակցություններ են ընթանում։

Այնուհանդերձ, ինչպես Ռուսաստանում, այնպես էլ արտասահմանում քննադատում են պատվաստանյութի արտադրությունն սկսելու որոշումը։ Փորձագետները հայտարարում են, որ եկու ամսվա թեստավորումը չի կարելի լիարժեք համարել, և ըստ էության՝ Ռուսաստանը փորձաքննություն է կատարում բնակչության վրա։

«Կարևոր է ոչ միայն անվտանգ և արդյունավետ պատվաստանյութ ստեղծել, այլև մարդկանց համոզել, որ չվախենան այն օգտագործել։ Եթե ռուսաստանյան պատվաստանյութի հետ ինչ-որ բան պատահի՝ կողմնակի ազդեցություններ, անբավարար արդյունք, ապա դա բացասաբար կազդի աշխարհի բոլոր մյուս պատվաստանյութերի ընկալման տեսակետից և խիստ կբարդացնի բնակչությանը իրազեկելու ուղղությամբ տարվող աշխատանքը»,- ասել է Ջոնս Հոփքինսի համալսարանի աշխատակիցը։

ՌԴ առողջապահության նախարարը քննադատությունն անհիմն է համարում։  Արդեն պատվաստվել է մի քանի տասնյակ մարդ, այդ թվում՝ Վլադիմիր Պուտինի դուստրերից մեկը և Գամալեայի անվան ինստիտուտի ղեկավարը, որտեղ մշակվել է պատվաստանյութը։

Փոխանցում է BBC-ն։