14.08.2020 17:28

Տիխանովսկայան ստեղծում է իշխանության փոխանցման համակարգող խորհուրդ

Տիխանովսկայան ստեղծում է իշխանության փոխանցման համակարգող խորհուրդ

Բելառուսի նախագահի նախկին թեկնածու Սվետլանա Տիխանովսկայան հայտարարել է, որ նախաձեռնում է երկրում իշխանության փոխանցման Համակարգող խորհրդի ստեղծումը: Նա հայտարարել է, որ պատրաստ է երկխոսության: «Այդ խորհրդի կազմում կարող են ընդգրկվել քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները, հարգված եւ հայտնի բելոռուսները, իրենց գործի մասնագետները»,- հայտարարել է նա:

Տիխանովսկայան տեղեկացրել է, որ իր վստահված անձ Օլգա Կովալկովային եւ փաստաբան Մաքսիմ Զնակին հաձնարարել է կազմակերպություններից ու քաղաքացիական միավորումներից Խորհրդի անդամների թեկնածուների առաջադրումների հայտեր ընդունել:

Նրա կոչը հրապարակել է վերջինիս նախընտրական շտաբը: Տիխանովսկայան դիմել է միջազգային հանրությանը` կոչ անելով օժանդակել բելառուսական իշխանությունների հետ երկխոսություն հարցում: Նա նաեւ կոչ է արել ազատ արձակել ձերբակալված ցուցարարներին եւ դադարեցնել արյունահեղությունը: 

Հիշեցնենք, որ Բելառուսում նախագահական ընտրությունները կայացել են օգոստոսի 9-ին: Ըստ երկրի ԿԸՀ-ի, ընտրություններում հաղթել է գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն` ավելի քան 80 տոկոս քվեով, երկրորդ տեղում էլ Տիխանովսկայան է` ավելի քան 10 տոկոս քվեով: Վերջինիս նախընտրական շտաբը հայտարարել է, որ չի ընդունում ընտրությունների պաշտոնական արդյունքները: Բողոքարկելու նպատակով Տիխանովսկայան ժամանել էր երկրի ԿԸՀ, որոշ ժամանակ նրա մասին ոչինչ հայտնի չէր, իսկ մեկ օր անց հայտնի դարձավ, որ թեկնածուն գտնվում է Լիտվայում:

Ընտրությունների արդյունքների պաշտոնական հրապարակումից հետո երկրում զանգվածային ցույցեր եւ գործադուլներ են սկսվել, կան բազմաթիվ ձերբակալվածներ, վիրավորներ: Պաշտոնակապես նշվում է նաեւ երկու զոհի մասին, թեեւ մամուլում տեղեկություններ կան, որ զոհերի թիվը ավելի մեծ է: