26.09.2012 01:32

Սիրիացի ապստամբները 300 քրիստոնյա են առեւանգել

Սիրիացի ապստամբները 300 քրիստոնյա են առեւանգել

Սիրիական Ռաբլեհ քաղաքի մերձակայքում, Լիբանանի հետ սահմանից ոչ հեռու, զինված անձինք 300 քրիստոնյաներ են առեւանգել, տեղեկացնում է РИА-Новостин` հղում անելով Վատիկանի ռադիոյին:

Ըստ հաղորդագրության, զինված առեւանգիչները երկուշաբթի ներխուժել են խնձորի այգի, որտեղ քրիստոնյաները բերք էին հավաքում, եւ ուժով առեւանգել են 150 մարդու, որոնց թվում՝ կանանց եւ երեխաների: Երեքշաբթի նրանք նույն տեղից մոտավորապես նույնչափ մարդ են առեւանգել:  

Տեղի պատրիարք Գրիգոր Լահամը եւ Սիրիայի այլ կրոնական առաջնորդներ կոչ են արել ՄԱԿ-ին եւ միջազգային ոչ կառավարական կազմակերպություններին՝ օգնել գտնելու առեւանգվածներին եւ պաշտպանելու սիրիացի քրիստոնյաներին:

Բացի դրանից, հայտնի է դարձել, որ վերջին մի քանի շաբաթների ընթացքում շուրջ 12 հազար առավելապես քրիստոնյա փախստականներ ապստամբների կողմից արգելափակված են մնացել Ռաբլեհի մերձակայքում, եւ միայն օրերս հնարավորություն է տրվել նրանց սնունդ եւ դեղորայք փոխանցելու:

Տեղի կաթոլիկ բարեգործական կազմակերպություններից մեկի ներկայացուցիչը Վատիկանի ռադիոյին տեղեկացրել է, որ ապստամբները կրակ էին բացում արգելափակված շրջանից փախուստի փորձ կատարող գերյալների վրա:

Որոշ փորձագետների գնահատականով, առեւանգված քրիստոնյաները կարող են պատանդի կարգավիճակով պահվել զինված հակամարտության ընթացքում դժվարին կացության մեջ հայտնված ապստամբների կողմից:

Սիրիական ճգնաժամը սկսվել է 2011 թվականի մարտին: ՄԱԿ-ի տվյալներով, դրան զոհ են գնացել ավելի քան 20 հազար մարդ:  Սիրիայի իշխանությունները պնդում են, թե ապստամբ ընդդիմության գործողությունները թելադրված են արտասահմանյան ուժերի կողմից: