17.08.2020 16:44

Ասուլիս Հարսնաքարում. Ցինիզմի վերջը

Ասուլիս Հարսնաքարում. Ցինիզմի վերջը

Սերժ Սարգսյանը, որը խոստացել էր ապրիլյան պատերազմի թեմայով ասուլիս հրավիրել, հետո այն հետաձգել էր` արտակարգ դրության պատճառով, եւ հայտարարում էր, թե ասուլիսը կկայանա ԱԴ ռեժիմի վերացումից հետո, այսօր հայտարարել է, թե երկու օրից «խոստացված» ասուլիսը կկայանա, թեեւ ԱԴ ռեժիմը ոչ միայն չի հանվել, այլեւ մեկ ամսով եւս երկարաձգվել է:

Ինչեւէ: Սա չէ կարեւորը: Ուզում է` թող խոսի, հարցն այլ է:

Սարգսյանի ասուլիսը կկայանա Ավանում գտնվող հայտնի Հարսնաքար համալիրի բակում:

Հիշում եք, չէ՞` ինչով է հայտնի այդ վայրը:

ՀՀԿ-ական «կարկառուն» ներկայացուցիչ Ռուբեն Հայրապետյանին` Նեմեց Ռուբոյին պատկանող հենց այս ռեստորանում 2012 թվականի ամռանը Հայրապետյանի թիկնապահների կողմից դաժան ծեծի ենթարկվեց 33-ամյա ռազմական բժիշկ Վահե Ավետյանը, ինչից օրեր անց վերջինս, այդպես էլ  կոմայից դուրս չգալով՝ մահացավ հիվանդանոցում:

Ավանի Հարսնաքարը դարձել էր Սարգսյանի ամենաթող, բիրտ եւ օրենքի ու քաղաքացիների իրավունքների վրա թքած ունեցող իշխանության որակի, բովանդակության, գաղափարախոսության, տեսակի խորհրդանիշներից մեկը: Ճիշտ այնպես, ինչպես «Պոպլավոկը»` Քոչարյանի պարագայում:

Եւ Սարգսյանի կողմից հենց Հարսնաքարում ասուլիս հրավիրելը նույնն է, որ այսօր Քոչարյանն էլ իր հերթին «Պոպլավոկում» ասուլիս անցկացնի:

Չէ՞ր հիշում Սարգսյանը Հարսնաքարի դեպքի մասին` ասուլիսի հրավիրելուց առաջ։ Հազիվ թե: Եթե չհիշեր էլ, նրան հաստատ որեւէ մեկը հիշեցրած կլիներ:

Այսպես թե այնպես, Սարգսյանը վայրը ընտրել է գիտակցված, եւ հետեւաբար` դիտավորությամբ:

Թե ինչ ուղերձ է այդ քայլով հանրությանն ուղղում Սարգսյանը՝ կարելի է միայն կռահել. գուցե պարզ հասկացնում է, որ ինքը կրել եւ կրում է տեղի ունեցածի պատասխանատվությունը, գուցե ուզում է հասկացնել, որ դա իր` երկիրը կառավարելու տեսլականն է, գուցե ուզում է ասել, որ, այո, իշխանությունը միշտ պիտի վախեցնող լինի (թեեւ դա բառացիորեն ասել էր դեռ 2008 թվականի նախընտրական քարոզարշավի ժամանակ), գուցե ուզում է ասել, որ ինչ «արել ենք, լավ ենք արել», գուցե ուզում է ասել, թե ինչ խոսքեր էլ հրապարակավ հայտարարեմ, գործով ես սա եմ եղել ու կամ: Գուցե պարզապես ուզում է հիշեցնել մեզ իրենց տեսակի ու որակի մասին, մարդ ես` գուցե մոռացած լինենք:

Թեեւ ինքը թերեւս բոլորից լավ գիտի, որ ինչպիսին էլ լինեն նոր իշխանությունները, ինչքան թերացումեր, սխալներ ու բացթողումներ էլ անեն, իրենց արածների մասին որեւէ մեկը չի մոռացել, մենք ամեն ինչ հիշում ենք, եւ նորերի սխալները հաստատ մարդկանց` նախորդ իշխանությունների կողմը հայացք թեքելու պատճառ չեն դառնա հանրության համար: Դեռ ավելին, նորերի ամենամեծ սխալը հանրությունը առաջին հերթին հենց դանդաղկոտությունն ու երկչոտությունն է համարում` նախորդ իշխանության անդամների հանցանքները բացահայտելու եւ նրանց դատապարտելու հարցում;

Այնպես որ` անկախ այն բանից, թե ինչ ազդակ է փորձում փոխանցել Սարգսյանը, հանրությունը այն ընկալելու է միայն մի ձեւով՝ հերթական հիշեցումը, թե ինչից ենք ազատվել:

Արսեն Օհանյան