17.08.2020 18:51

Լիզա Ճաղարյան. Կե՛ր ու սո՛ւս

Լիզա Ճաղարյան. Կե՛ր ու սո՛ւս

Ասֆալտապատ փողոցներն, անտարակույս, շատ ավելի հարմարավետ են, անհամեմատ անվտանգ ու հաճելի են քանդուքարափ ճամփեքից։

Հատկապես եթե տեսնում ես, որ ասֆալտի «գյուտարար» Քոչարյան Ռոբերտի բարեկարգած ճանապարհների եւ այսօրվա ճանապարհների որակի ու մակարդակի միջեւ սարուձորի տարբերություն կա` դրանից բխող հետեւությամբ, որ ուրեմն` այսօր ասֆալտը «չեն խժռում»։

Էլի կարող եմ հաճելի բաներ հիշել ու հիշեցնել. օրինակ` մայրաքաղաքի փողոցները մաքուր են, մեր երեխաներն էլ Հայոց բանակում իրենց ծնողների ուղարկած ուտելիքով կամ զորամասին կից բուֆետի «պեչենիով» չեն հագեցնում իրենց քաղցը։

Ուրի՞շ։

Լավատեսորեն վստահ եմ, որ այլ փոփոխություններ նույնպես կգտնվեն, եթե լավ փնտրեմ։

Այդ դեպքում ինչո՞ւ ուրախ եւ գոհ չեմ, եւ ինչո՞ւ իմ «ուտող–ուրացող»–ությամբ մենակ չեմ համատարած խանդավառությանը դեմհանդիման։

Որովհետեւ ասֆալտի գործը, «հայերեն» ասած`պռառաբություն է, թող որ` բարձրորակ պռառաբություն, բայց որ կողմից էլ նայես, ինչքան էլ զոռ տաս` քաղաքականություն ու պետական կառավարում չի եւ երբեք չի դառնա։

Որովհետեւ ես եւ ինձ նման հազարավոր Հայաստանի քաղաքացիների երկար տարիների պայքարի գերնպատակն արդարության հաստատումն էր, օրենքի գերակայությունն էր, ոչ թե` հացի խնդիրը։

Որովհետեւ հացի խնդրի առկայությունն արդարության եւ օրենքի բացակայության հետեւանք է. սա հասկանալու համար շատ խելք պետք չի ունենալ, եւ Հայաստանի քաղաքացիները հեղափոխություն արեցին պատճառների վերացման ակնկալիքներով։

Եվ այդ պատճառների կիզակետում անպաշտպան քաղաքացին էր։ Իսկ անպաշտպան էր, որովհետեւ, կրկնեմ` արդարությունը կոխկռճված էր կճղակներով, օրենքն էլ ծանր հիվանդ էր։

Տխուր չի՞, որ հեղափոխության թեւերի վրա իշխանության հասածների օրոք նույնպես եւ նույնքան անպաշտպան է Հայաստանի քաղաքացին։

Հուսահատեցնող չի՞, որ հեղափոխությունից երկու տարի հետո նախկինները շարունակում են նույնքան լկտիությամբ սպառնալ ու ահաբեկել Հայաստանի քաղաքացիներին եւ անպատիժ մնալ։

Ամենաթարմ օրինակը նորի՞ց հիշեցնեմ. տասներորդ օրն է արդեն, որ հանրությունն սպասում է նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի արժանի պատժին` «Ազատության» լրագրողներին ահաբեկելու համար, եւ մինչ օրս միակ հարցաքննվողները եղել են տուժողները։

Բավարար ապացույցներ չունե՞ն քննիչները։

Հարց. իսկ մեր արդար ու անկաշառ իրավապահներն ուզո՞ւմ են ձեռք բերել այդ ապացույցները։

«Սատանան» թաքնված է հենց այստեղ. Հայաստանի քաղաքացիներն ամեն քայլափոխի բախվում են նույն դաժան իրողությանը, որ տիրում էր նախկին ավազակախմբի իշխանության տարիներին։

Հայաստանի իրավապահ մարմինները, սրանց ճնշո՛ղ մեծամասնությունը շարունակում են ծառայել նախկիններին։ Պատճառը վա՞խն է, թե՞ այն բազմաթիվ անտեսանելի թելերը, որ նախկիններին ու ներկա «արդարադատներին» քարկապ են գցել հավիտյանս հավիտենից։

Սրա պատասխանը պետք է վաղուց արդեն բացահայտած, խնդիրը լուծած եւ հանրությանը ներկայացրած լիներ հեղափոխական իշխանությունը։

Ասֆալտ են անում, ժամանակ չունեն նման «դատարկ» հարցերով զբաղվելու։

Երեւի շատերը կհիշեն, որ Ազատության հրապարակում հավաքվող ցուցարարների մասին քոչարյանասերժական քարոզչամիջոցները ոչ միայն միաձայն պատմում էին, որ բոլորս քրեածին տարրեր ենք, հարբեցողներ ու թմրամոլներ ենք, այլեւ չէին մոռանում ընդգծել, որ նաեւ «բոմժեր» ենք։ Այսինքն թե` սոված էինք, ու մեր բողոքը ստամոքսի համար էր։

Փաստորեն ներկա իշխանություններն էլ են կարծում, որ հեղափոխությունը ստամոքսի համար էր, եւ իրենց ստամոքսի խնդիրը լուծել են, հիմա էլ «բոմժերիս» դարդով են տապակվում։