18.08.2020 05:20

Երկար սպասված դատական վճիռ

Երկար սպասված դատական վճիռ

15 տարի առաջ՝ 2005 թ․ փետրվարին, պայթյունի հետևանքնով զոհվեց Լիբանանի նախկին վարչապետ Ռաֆիկ Հարիրին։

Երեքշաբթի ՄԱԿ-ի հատուկ Տրիբունալը, որ զբաղվում էր Հարիրիի սպանության դատաքննությամբ, կհրապարակի իր վճիռը։

Մեղադրյալները չորսն են, նրանց հեռակա են դատում։ Բոլորը շիա արմատական «Հեզբոլլահ» խմբավորման անդամներ են։

Իրանամետ այս խմբավորումը բազմիցս հերքել է իր առնչությունը պայթյունին, հրաժարվել է հանձնել մեղադրյալներին, իսկ «Հեզբոլլահի» առաջնորդ Հասան Նասրալլան ավելի վաղ հայտարարել է, որ բանի տեղ չի դնի վերդիկտը։

Ռաֆիկ Հարիրին  ու ևս 21 մարդ զոհվել էին, երբ նրանց ավտոշարասյան ճանապարհին հզոր ռումբ էր պայթել։ Նախկին վարչապետի կողմնակիցներն անմիջապես մեղադրել էին հարևան Սիրիայի հատուկ ծառայություններին և «Հեզբոլլահի» գրոհայիններին, վերջիններս հերքել էին մեղադրանքները։

Դատարանի վճիռն սպասվում էր օգոստոսի 7-ին, սակայն օգոստոսի 4-ին Բեյրութում որոտացած ավերիչ պայթյունի պատճառով դատավորներն ամսաթիվը փոխել են։

Դատարանում չի պարզվի, թե ով է եղել սպանության պատվիրատուն։ Տրիբունալի որոշումը, ինչպես սպասվում է, ավելի կմեծացնի լարվածությունը հանրության շրջանում և կբարդացնի առանց այդ էլ բավական բարդ իրավիճակը երկրում, որը պայքարում է պատմության ընթացքում վատթարագույն տնտեսական ճգնաժամի դեմ։

Փոխանցում է BBC-ն։