18.08.2020 14:26

Հաղթում է զուսպը

Հաղթում է զուսպը

Այն, որ նախկին իշխանության ներկայացուցիչներն ու նրանց կցված անձինք հեղափոխությունից հետո փորձելու էին եւ փորձում են տեղ ու դադար չտալ իշխանություններին, ակտիվ հակաքարոզչություն իրականացնել նրանց դեմ, շահարկել բոլոր խնդիրներն ու անել այնպես, որ իշխանությունը ձախողվի եւ ստիպված լինի ժամանակից շուտ հեռանալ՝ էն գլխից պարզ էր: Ընդ որում, թե ինչու են նախկինները դա անում ավելի ու ավելի հանդուգն ու լկտի ձեւով՝ այդ մասին արդեն խոսել ենք եւ նորից չմանրամասնենք, պարզապես հերթական անգամ արձանագրենք, որ իշխանությունների «մեղքն» է, որ բանը հասցրել են դրան:

Բայց այլ հարց էլ կա:

Այո, նախկինները ինչքան ուժ ունեն՝ դիմադրելու ու կռիվ են տալու, այո, սեւացնելու են ամեն բան, այո, որքան շատ հնարավորություններ ունենան, այնքան արժեզրկելու են ժողովրդավարական արժեքները, այո, փորձելու են մարդկանց հասցնել հուսահատության, այո, իշխանության ներսում փորձելու են առանձին մարդկանց իրենց կողմը քաշել, այո, մեծ հաշվով՝ փորձելու են հունից հանել իշխանությանը` այդպիսով ուղերձ հղելով հանրությանը, թե՝ տեսեք, «ձեր իշխանությունը այդքան չկա, որ մեր դեմն առնի, ուստի էս երկրում մենք ենք հարց լուծողն ու ասողը` ինչպես որ էինք իշխանության եղած ժամանակ, այնպես էլ հիմա, երբ իշխանություն չունենք»: Խնդիրն այն է, սակայն, որ ի պատասխան այդ ամենին լավ հաշվարկված քայլերով ու գործով հակազդելու փոխարեն՝ իշխանությունները տրվում են այդ սադրանքներին, դուրս են գալիս հունից (այսինքն` փաստացի մտնում են նախկինների թելադրած խաղի կանոնների դաշտ), եւ սկսում են իմպուլսիվ հայտարարություններ անել: Բայց որ ամենատարօրինակն է, ժամանակ առ ժամանակ, այդ իմպուլսիվ արձագանքների պահին, իշխանությունները սկսում են սլաքներ ուղղել ոչ թե նրանց դեմ, ովքեր բացահայտ կեղծ հակաքարոզչություն են անում` իշխանությունը զավթելու (բնականաբար՝ ոչ ընտրությունների միջոցով) նպատակով, այլ նրանց դեմ, ովքեր առանց զազրախոսության եւ հայհոյանքի մատնացույց են անում իր բացթողումները` պետության շահերից ելնելով, հենց իր շահերից ելնելով նաեւ, որպեսզի իր իշխանությունը չձախողվի, եւ երկիրը, մի կողմից, զարգանա ու առավել անվտանգ դառնա, մյուս կողմից էլ՝ նորից չգլորվի դեպի նախկինների արյունոտ երախը:

Իշխանությունը կարծես չի տարբերում նրանց, ովքեր պատրաստ են անգամ պետությունը քայքայման տանելու գնով զավթել իշխանությունը, եւ նրանց, ովքեր պետության հանդեպ սրտացավությունից հաճախ անգամ կարող են լռել՝ նախկինների ջրաղացին ջուր չլցնելու, երկիրը չթուլացնելու համար: Ոչ թե  ինչ-որ մեկի գեղեցիկ աչքերի համար կամ հանուն որեւէ մեկի, այլ` հանուն պետության: Այսինքն, այստեղ էմոցիան կամ համակրանքը որեւէ կապ չունեն, պարտադիր չէ անձնական համակրանք ունենալ իշխանության գլխի նկատմամբ` պետականամետ քայլեր եւ հայտարարություններ անելու համար: Ավելին, դա կարելի է անել անգամ այդ համակրանքի բացակայության պայմաններում, եթե գերխնդիրը պետությունն է: Եւ դա այն դեպքում, երբ իշխանության մեջ չեղած ուժերի ու գործիչների համար դա ընդհանրապես պարտադիր չէ: Բայց դա պարտադիր է իշխանություն ունեցողի համար: Իշխանությունն իրավունք չունի եւ չպետք է քաղաքականության մեջ առաջնորդվի էմոցիաներով եւ սեփական համակրանք-հակակրանքով (դեռ չենք էլ քննարկում համակրանք-հակակրանքի փաստարկվածությունը), իշխանությունը միշտ եւ ամեն պարագայում պետք է առաջնորդվի եւ գործի մտքով, սառը գիտակցությամբ եւ վեր լինի սեփական էմոցիաներով եւ համակրանք-հակակրանքով առաջնորդվելու գայթակղությունից: Ոչ միայն զուտ այն պատճառով, որ իշխանության եկած մարդը իրավունք չունի մանրախնդիր լինելու եւ պիտի վեհ լինի ամեն դեպքում, այլ հենց թեկուզ սեփական իշխանության շահերից ելնելով:

Որովհետեւ հաղթում է զուսպը:

Արսեն Օհանյան