19.08.2020 16:15

Ասուլիս՝ առանց պատասխանների, կամ այդ մասին՝ հաջորդ ասուլիսին

Ասուլիս՝ առանց պատասխանների, կամ այդ մասին՝ հաջորդ ասուլիսին

Սերժ Սարգսյանն այսօր վերջապես հանդես եկավ ապրիլյան քառօրյայի վերաբերյալ` տեւական ժամանակ առաջ ազդարարված ասուլիսով:

Բայց պարզվեց` ասուլիսի ազդարարումն ավելի խոսուն ու խոստումնալից էր, քան բուն ասուլիսը:

Հիշեցնենք, որ թե՛ ինքը Սարգսյանը, թե՛ նրա համախոհներն ու կողմնակից-քարոզիչները անընդհատ, գրեթե «սպառնալիքի» մակարդակով «զգուշացնում» եւ ազդարարում էին, որ ահա շուտով, քիչ մնաց, հեսա Սերժ Սարգսյանը կխոսի ապրիլյանի վերաբերյալ եւ կտա բոլոր հարցերի պատասխանները, կցրի բոլոր կեղծ ասեկոսեները եւ կասկածները: Այսինքն, փորձ էր արվում ստեղծել ինֆորմացիոն սպասողական մի ֆոն, որ ահա կլինի ասուլիսը, որտեղ կհնչեն բաներ, որ մինչ այդ չեն հնչել, կլինեն բացահայտումներ, որոնցից տեղյակ չէինք, կիմանանք նոր մանրամասներ եւ այլն եւ այսպես շարունակ:

Բայց սենսացիաներ ոչ միայն չեղան, այլեւ հասկանալի չէր` սա ի՞նչ էր, ի՞նչն էր սենսացիան, բացի այն փաստից, որ Սարգսյանը առաջին անգամ իրական ասուլիս էր արել:

Հիշեցնենք, որ Սարգսյանը նման բաց ասուլիս չէր արել նախկինում` այն էլ` ապրիլյանի թեմայով, այդ թեմայով նախկինում խոսել էր հակիրճ (հիշում եք,  չէ՞` 2016-ին նախագահական ինքնաթիռի «ճեպազրույց-մենախոսությունը») եւ ոչ երբեք իրական, ոչ բեմադրված ասուլիսի ֆորմատով:

Այո, սա սենսացիոն «առաջընթաց» էր. նախկինում անգամ հավատարմագրվելուց հետո ոչ ձեռնտու լրագրողներին (որոնք կարող էին ոչ ձեռնտու հարցեր տալ արգելում էին մտնել ) նախագահական եւ մասնակցել որեւէ ասուլիսի, իսկ հիմա Սարգսյանը արդեն մի քանի տասնյակ  լրագրողների հետ է հանդիպել` դեմ հանդիման, եւ անգամ խոսում է ժպտալով` առանց նախկին մշտական «մուննաթի»:

Բայց սա միակ բանն էր, որ կարելի է ասել ասուլիսի մասին: Միակ սենսացիան սա էր:

Բայց չէ՞ որ խոստումն այդ մասին չէր, չէ՞ որ նա ու նրա կողմնակիցները դրա մասին չէին ազդարարում, թե տեսեք` շուտով Սարգսյանը իր համար աննախադեպ քայլ է անելու եւ շփվելու է մեծաթիվ լրագրողների հետ: Մեզ «խոստացել» էին, որ Սարգսյանը խոսելու է կոնկրետ թեմայով, տալու է կոնկրետ հարցերի պատասխաններ եւ ցրելու է բազմաթիվ կասկածներ. այսինքն` նոր բան պիտի ասի:

Իսկ նոր բան մենք այդպես էլ չլսեցինք:

Սկզբում նա կարդաց ԱԺ Ապրիլյան քննիչ հանձնաժողովում ունեցած ելույթի տեքստը, որը մեզ ներկայացնելու համար այդքան լրագրող կարող էր եւ չհրավիրել եւ էլեկտրոնային նամակով տարածել:

Ինչ վերաբերում է հարցուպատասխանին, ապա պատասխանների մեծ մասը  կրկնություն էր, Սարգսյանը կրկնում էր այն, ինչը նա ասել էր նախկինում` տարբեր տեղերում եւ տարբեր առիթներով: Պարզապես, այդ ամենը այս անգամ հավաքված էր մեկ տեղում, ինչը, սակայն, կարող էր առանց ասուլիսի էլ մեկ տեղում հավաքել «գուգլ» որոնողական համակարգին ծանոթ ցանկացած լրագրող:

Պատասխանների մյուս մասն էլ այն մասին էր, թե այդ հարցին կպատասխանի հաջորդ ասուլիսներում. «այդ մասին` հաջորդ դասին»:

Ու այդ պարագայում հարց է ծագում` լավ, ուրեմն ինչի՞ համար էր այս ոչինչ չասող ասուլիը, ո՞րն էր Սարգսյանի նպատակը, ի՞նչ տվեց այն թե՛ իրեն, թե՛ մեզ՝ բացի ժամանակ խլելուց: Ի՞նչ կարիք կար համաճարակի օրերին այսքան մարդ հավաքել մեկ վայրում եւ, ըստ էության, ոչ մի նոր բան չասել:  

 

Հ.Գ. Թեեւ՝ չէ, մեկ նորություն, ամեն դեպքում, կար: Խոսելով ապրիլյան պատերազմի մասին` Սարգսյանը իրավացիորեն պնդում է, որ ռազմական գործողության պատասխանատվությունը կրում է քաղաքական իշխանությունը, եւ ոչ թե դրա մասնակից առանձին այս կամ այն անհատը:

Ճիշտ է ասում: Պարզապես մնում է հասկանալ, թե այդ դեպքում ինչու իր կողմնակիցներն ու իր պրոպագանդան տարիներ շարունակ հակառակ պնդումներն էին անում Արցախյան բուն պատերազմի մասին` փորձելով բոլոր հաղթանակները վերագրել ում ասես, բայց ոչ Հայաստանի քաղաքական ղեկավարությանը, եւ դեռ ավելին` հանդգնելով ներկայացնել այնպես, թե իբր Հայաստանի քաղաքական ղեկավարությունը կարեւոր գործողություններից տեղյակ չի եղել: Եւ թե ինչու են իր կողմնակիցները նույնը անում հիմա` խոսելով Տավուշյան գործողությունների մասին, նորից պնդելով, թե հաջողությունը գրանցել են մասնակից զինվորականները, բայց ոչ երկրի քաղաքական ղեկավարությունը:

Արսեն Օհանյան