20.08.2020 17:19

Լիզա Ճաղարյան. Ես հուսահատված եմ

Լիզա Ճաղարյան. Ես հուսահատված եմ

Բոլորը կարծես մոռացել են, նույնիսկ` «Ազատությունը», որ օգոստոսի 8–ին այս նույն լրատվամիջոցն ահազանգեց լրագրողների վրա նախկին ոստիկանապետի քաջարի հարձակման եւ «գյուլլելու» ու սպանելու «հայուգենական» անկեղծ մղումների մասին։ Ես չեմ մոռացել։ Հրաշալի հիշում եմ ե՛ւ «Ազատության» մատուցած խայտառակ պատմությունը Սեւանա լճի ափին սփռված ապօրինի դղյակների համայնապատկերին, ե՛ւ լրագրողական կազմակերպությունների հայտարարությունը` հանցագործին ըստ արժանվույն պատժելու պահանջով։

Կուլիսային անցուդարձին նույնպես տեղյակ եմ։ Ցավո՛ք։ Սա հենց այն դեպքն է, որ հարվածը որտեղից բոլորովի՛ն չես սպասում, հենց այդտեղից էլ ստանում ես։ Կամ` այնքա՛ն միամիտ ես մնացել, որ թյուրիմացաբար կարծում էիր, թե որտեղից ասես հնարավոր էր սպասել այդ անազնիվ նահանջը, բայց ա՛յ այդտեղից` անհնար էր։

Ինչն էր հնարավոր եւ ինչն անհնար` հետո կմտածենք, բայց ստիպված ենք այսօր ուղիղ նայել հայաստանյան իրականությանը եւ խոստովանել, որ մեր աննախադեպ հեղափոխական կյանքում ծանրակշիռ հիմքեր արդեն կան` նախկին ավազակախմբի իշխանավարության տարիներին հանրությանը պատած հոգեվիճակի ճիրաններում կրկին հայտնվելու համար։

Այդ հոգեվիճակի անունը Հուսահատություն է։

Նախկինների օրոք հուսահատվելը զարմանալի չէր, առավել եւս` ամոթալի չէր, որովհետեւ դժվար էր բի՛րտ, ամեն դիվային քայլի ընդունակ, մինչեւ ատամները զինված համազգեստավորների «հզոր բանակի» դիմաց հայտնվել ամեն անգամ ու անզորության զգացումից ջղակծիկ չդառնալ, եթե ինքդ ատամներդ սրած գազան չես եւ բռնությանը բռնությամբ պատասխանելու «տաղանդից» բնությունը քեզ էն գլխից զրկել է։

Ինչ որ է. բազմաթիվ ընդվզումների պարտությունից հետո 2018–ին հաջողվեց ավազակախմբին իշխանությունից զրկել։ Ինչպես հաջողվեց, ո՛վ հաջողեց, ինչի՛ շնորհիվ հաջողեց` սրա մասին խոսում են ու խոսում, գրում են ու գրում, դեռ շատ կխոսեն ու կխոսեն, դեռ այնքա՛ն կգրեն ու կգրեն, որ ամենահամբերատարի զահլան էլ կգնա, այնպես որ` ես «ապերախտորեն» կխուսափեմ հեղափոխության գովքն անելուց, միայն կասեմ` շատ եմ կասկածում, որ հեղափոխության հաղթանակի համար Հայաստանում ինձանից ու իմ պայքարի ընկերներից ավելի շատ ուրախացողներ եղան։

Եվ հիմա ամենաուրախացածներից մեկս հուսահատված եմ։

Հուսահատված եմ, որովհետեւ նույն անզորության զգացումը հիմա էլ է հետապնդում ինձ։ Ես այլեւս վստահ չեմ, որ եթե վաղն, օրինակ, այդ նույն Վլադիմիր Գասպարյանը փողոցում ավտոմեքենայով հարձակվի ինձ վրա ու սպառնա, որ «կգյուլլի» ու կսպանի, այսօրվա հեղափոխական իշխանությունը կպաշտպանի ինձ սանձարձակ այդ պարոնից։ Վստահ չեմ, որ վարձկան հեռուստաալիքներից որեւէ մեկով այս նույն նախկին ոստիկանապետը եթե հեգնի ինձ, վիրավորի, հայհոյի ու սպառնալիքների տարափ տեղա իմ հասցեին, նրան եթեր տրամադրող «անաչառ» հեռուստահաղորդավարները կսաստեն այդ պարոնին։

Արդեն նույնիսկ վստահ չեմ, որ այն միակ հեռուստալրատվամիջոցը, որին քիչ թե շատ հավասարակշռված եւ անաչառ եմ համարում` կահազանգի իմ դեմ սանձազերծված հարձակման մասին, եւ ես գոնե մասամբ պաշտպանված կզգամ ինձ։

Ինչո՞ւ պետք է վստահ լինեմ, եթե իրենք իրենց իրավունքները չեն կարողանում պաշտպանել։

Իսկ թե ինչու չեն կարողանում, որքան էլ մեղադրեմ իրենց, միեւնույն է` դրա պատասխանը նույնպես պետք է փնտրել հեղափոխական իշխանության «թավշյա» ուղեղի ծալքերում եւ մութ դարակներում։