26.09.2012 01:57

Վրացական ընդդիմադիրը «օրենքով գողերից» աջակցություն է հայցել (տեսանյութ)

Ֆրանսիան Վրաստանին է փոխանցել մի տեսագրություն, որտեղ երեւում է, թե ինչպես է ընդդիմության առաջնորդներից մեկը՝ հակամարտությունների կարգավորման գծով նախկին նախարար Գեորգի Խաինդրավան հանդիպում ֆրանսիայում բնակվող վրացի քրեական հեղինակությունների հետ:

Ըստ տեսագրության, հանդիպումը տեղի է ունեցել Ֆրանսիայի հարավում գտնվող Կրեսել քաղաքում՝ վրացի «օրենքով գող» Ռեւազ Լորկիպանիձեի առանձնատանը:

Տրամադրված նյութերի համաձայն, վրացի յոթ «օրենքով գողերի հետ» Խաինդրավայի հանդիպմանը քննարկվել է Վրաստանում խորհրդարանական եւ նախագահական ընտրությունների շրջանում իրավիճակի ապակայունացման ծրագիրը, ընդ որում նախատեսվել է այդ նպատակով մի քանի զինված խմբավորում ստեղծել:

Ինչպես հաղորդում է «Նովոստի-Գրուզիա» գործակալությունը, հղում անելով Վրաստանի գլխավոր դատախազ Մուրթազ Զոդելավային, Խաինդրավան քրեականների ծառայության դիմաց խոստացել է վերականգնել նրանց «երբեմնի կարգավիճակն ու ազդեցությունը»: Ստացված նյութերի հիման վրա Խաինդրավային արդեն հրավիրել են դատախազություն՝ հարցաքննության:

Նշենք, որ Վրաստանում խորհրդարանի ընտրություններ տեղի կունենան հաջորդ երկուշաբթի՝ հոկտեմբերի 1-ին: Իսկ նախագահի ընտրությունները նախատեսված են 2013-ի հունվարին: Այս տարվա գարնանը Գեորգի Խաինդրավան իր համախոհների հետ միասին հիմնադրել է «Ընտրողների լիգա» հասարակական շարժումը, որը նպատակ ունի դիտորդական առաքելություն իրականացնել ընտրությունների շրջանում:

 Ինչպես արդեն տեղեկացրել է iLur.am-ը Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլին այսօր հայտարարել է, որ Գլդանի բանտում կալանավորների նկատմամբ բռնության կադրերի առաջացրած աղմուկն օգտագործվել է վերջին 7 տարիների ընթացքում առաջին անգամ Վրաստանում նոր «օրենքով գող»  թագադրելու համար:

Լուսանկարը՝ RIA-Novosti-ի