21.08.2020 15:41

Սերժ Սարգսյանը՝ սեփական քարոզչության թակարդում

Սերժ Սարգսյանը՝ սեփական քարոզչության թակարդում

Ապրիլյան պատերազմի թեմայով երկար ժամանակ ազդարարված  և օրերս կայացած իր ասուլիսում Սերժ Սարգսյանը խոստացավ այլ թեմաների վերաբերյալ եւս ասուլիսով հանդես գալ եւ պատասխանել հարցերին:

Կարծես ապրիլյանի թեմայով ասուլիսում այնքան նոր բան ասաց, որ մինչեւ լրագրողներն այդ նորությունները «մարսեն», երկար ժամանակ կպահանջվի:

Այնինչ Սարգսյանը, մեծ հաշվով, ոչ մի բան էլ չասաց, միայն պարբերաբար կրկնում էր` մենք հաղթել ենք, մեր բանակը հաղթել է: Կարծես մարդիկ մեր բանակի ուժը կասկածի տակ էին դրել, եւ ինքն էլ եկել էր այդ կասկածները «փարատելու»: Այն դեպքում, երբ հանրությանն այդ թեմայով այլ կասկածներ են կեղեքում, եւ փոխանակ այդ առանձին հարցերը պարզաբանելու, Սարգսյանն առաջ էր քաշում չեղած կասկած, հետո այդ չեղած կասկածը փարատում: Ինչեւէ:

Իր այդ ասուլիսում Սարգսյանը հայտարարեց, թե քանի որ հնչող հարցերի մեծ մասը ԼՂ հիմնախնդրի բանակցային գործընթացին է վերաբերում, ինքն այդ թեմայով առանձին հանդիպում կունենա լրագրողների հետ:

Ինչպիսի մեծահոգություն, հիմա հաստատ բանակցությունների վերաբերյալ էլ «բազմաթիվ նորություններ» կլսենք:  

Չէ, ոչ մի բան էլ չենք լսի: Նա էլի ընդհանրական գծերով կպատասխանի բոլոր հարցերին՝ կարմիր թելի պես առաջ մղելով այն միտքը, թե որքան նպաստավոր դիրքերի էր ինքը բերել բանակցությունները, եւ որքան դրական` հայամետ, իր ասելով՝ «բարաթներ» էր կորզել մեր արտաքին քաղաքական գերատեսչությունը իր կառավարման տարիներին:

Իսկ հիմնական հարցերին նա պատասխան չի տա, ոչ թե՝ որովհետեւ չունի այդ հարցերի պատասխանները կամ չգիտի` ինչ պատախանի, այլ` պատասխանի, «որ ի՞նչ անի»:

Իսկ բանակցությունների վերաբերյալ Սարգսյանը տասնյակ հարցերի պետք է  պատասխանի, հարյուրավոր պարզաբանումներ պետք է տա: Եւ այդ հարցերը մենք դեռ կհնչեցնենք:

Բայց կա մեկ ընդհանուր հարց՝ հարցերի հարցը: 

Սերժ Սարգսյանը ասուլիսում «բողոքում էր», թե գուցե իր սխալներից է եղել այն, որ ինքը ավելի շատ գործ է արել, քան դրանք ներկայացրել է: Ասել կուզի` հանրության շրջանում առաջացած հարցերը վերագրում է «վատ լուսաբանմանը»: Ու ապա դժգոհում ինչ-որ ուժերից, որոնք ապրիլյանի վերաբերյալ միֆեր էին տարածում, օրինակ, թե իբր պատերազմը պայմանավորված էր եւ այլն:

Այսինքն, հանրության մտքում պարարտ հող չկա՞ր այդ միֆերի արմատավորման համար, բայց ինչ-որ չար ուժեր եկել ու զոռով փիս-փիս մտքե՞ր են արմատավորել:

Իսկ Սարգսյանը գոնե փորձե՞լ է մտքի ծայրով անցկացնել, որ ոչ թե չար ու նախանձ ուժերի քարոզչական դավադրություն է եղել իր դեմ, այլ որ ինքը պարզապես հայտնվել էր իր եւ Ռոբերտ Քոչարյանի՝ բանակցային գործընթացի վերաբերյալ հորինած եւ շրջանառած քարոզչական կեղծիքների թակարդում:

Չի՞ մտածել Սարգսյանը, որ երբ իրենք բանակցային գործընթացը ներքաղաքական հարցեր լուծելու գործիք էին դարձնում, երբ բանակցային գործընթացը դարձրել էին իշխանությունը բռնազավթելու, պահելու, ընդդիմախոսներին ճնշելու, 1998-ից առաջ հայաստանյան իշխանության դեմ քարոզչական կեղծ պայքար մղելու, բանակցությունների վերաբերյալ մարդկանց պատկերացումները հող տվող-չտվող մակարդակի պարզունակացնելու գործիք, մի օր էլ այդ գործիքն իրենց դեմ կարող էր ուղղվել: Թե բա` ինչո՞ւ են ոմանք հավատում «պայմանավորված պատերազմի» մասին խոսակցություններին: Որովհետեւ այդ դուք, պարոն Սարգսյան, եւ ձեր իշխանությանը կցված «պատասխանատու» մեդիաները տարիներ շարունակ տարփողում եւ մարդկանց գիտակցության մեջ սերմանում էին այն միտքը, որ ԼՂ հարցը հող տալ - չտալու թեմա է միայն: Ու քանի որ ներքաղաքական կյանքում բանը բանից անցել էր, քանի որ այնպես էիք «կառավարել», որ մարդկանց մեջ սովորական եւ բնական ատելություն էիք առաջացրել առ ձեր իշխանությունը, ուստի եւ բնական է, որ ձեր կեղծ եւ լկտի քարոզչության տակ մեծացած պայմանական Կիրակոսը միանգամից պիտի հավատա, որ ձեր բանկային հաշվին պայմանական 10 մլրդ են փոխանցել` հողերը տալու դիմաց: Ինչո՞ւ պիտի հավատա: Որովհետեւ դուք եք նրան տարիներ շարունակ համոզել, որ բանակցային գործընթացը ոչ թե դիվանագիտություն է, այլ առեւտուր: Ու եթե դրան էլ գումարում ենք այն, որ ձեր խոսքն ու գործը երբեւէ իրար հետ ոչ մի տեղ չեն առերեսվել, ամեն ինչ տեղը կընկնի:

Օրինակ` հարցին, թե ի՞նչ է ստորագրվել Ապրիլյանի ավարտին, ասում եք` ոչ մի փաստաթուղթ չի ստորագրվել, պնդել ենք, որ ուժի մեջ պետք է մնա 1994-ին ստորագրված հրադադարի մասին փաստաթուղթը: Ու դա ասում եք՝ կարծես նեղանալով, իբր` ո՞նց կարելի է նման միտք անգամ ունենալ, որ Հայաստանը երկկողմ նոր թուղթ ստորագրի` առանց պաշտոնական Ստեփանակերտի ներկայացուցչի ստորագրության, ո՞նց կարող եք նման բան կասկածել: Ո՞նց:

Բա 2008-ին Մայնդորֆյան հռչակագիրն ո՞վ էր ստորագրել: