22.08.2020 09:53

Ռաֆայել Թեյմուրազյան. Սա ապշեցուցիչ հայտարարություն է «հեղափոխական» իշխանության դիրքից

Ռաֆայել Թեյմուրազյան. Սա ապշեցուցիչ հայտարարություն է «հեղափոխական» իշխանության դիրքից

Ռաֆայել Թեյմուրազյանը Ֆեյսբուքում գրել է.

«Հանրային մակարդակում հնչած որևէ փաստարկ, իմ կարծիքով, չէր կարող որևէ խոչընդոտ հանդիսանալ իր թեկնածության քննարկման համար»,- «Ազատության» եթերում երեկ ասել է արդարադատության նախարար Ռ. Բադասյանը՝ պատասխանելով հարցին, թե մի՞թե ՍԴ դատավորի թեկնածու առաջադրելիս հաշվի չէր առնվել, որ նրա անաչառությունը կարող է քննարկումների տեղիք տալ։

«Հանրային մակարդակում» ամենահնչեղ առարկությունները եղել են Մարտի 1-ին սպանվածների հարազատների և քաղբանտարկյալների կողմից, որոնք երկու օրում երկու հայտարարություն արեցին։ Նախարարը, ահա, ասում է, որ դրանք չէին կարող «որևէ խոչընդոտ» հանդիսանալ։ Սա ապշեցուցիչ հայտարարություն է «հեղափոխական» իշխանության դիրքից, որովհետև ցույց է տալիս, որ նախարարը մոռացել է, թե ինչի համար ենք հավաքվել։

2018-ին մարդիկ փողոց դուրս եկան ոչ թե նրա համար, որ Ս.Սարգսյանի կառավարությունը քիչ էր ասֆալտ անում, այլ որ երկրում արդարության մեծ դեֆիցիտ կար։ Հենց այդ պատճառով օրակարգային դարձավ անցումային արդարադատության մարմիններ ձևավորելու և հանրային համերաշխություն հաստատելու հարցը։

Երկու տարի անց արդարության ներկա մակարդակի հետ «համերաշխ չեն» անգամ Մարտի 1-ին զոհվածների հարազատներն ու նախկին քաղբանտարկյալները, իսկ նախարարն ասում է՝ դա հեչ։ Ո՞րն է բարեփոխումների իմաստը, եթե դրանք չեն կարևորում արդարության դեֆիցիտի հաղթահարումը նույնիսկ ա՛յդ մարդկանց մոտ։