22.08.2020 10:33

Նավալնուն տեղափոխող օդանավն ուղղություն է վերցրել դեպի Գերմանիա

Նավալնուն տեղափոխող օդանավն ուղղություն է վերցրել դեպի Գերմանիա

Շաբաթ օրը առավոտյան Ալեքսեյ Նավալնուն տեղափոխող ինքնաթիռը Օմսկից թռել է Բեռլին։

Ռուսաստանցի բժիշկները դեմ էին տեղափոխմանը, բայց հետո փոխել էին իրենց կարծիքը։ Քաղաքական գործչի զինակիցները կասկածներ ունեն, որ իշխանություններն ուզում էին թաքցնել թունավորման հետքերը, իսկ Օմսկի հիվանդանոցի բժիշկներն առհասարակ բացառում էին թունավորման վարկածը։

Bombardier Challenger 604 հատուկ ինքնաթիռը, որը նախատեսված է կոմայի մեջ գտնվող պացիենտների տեղափոխման համար, Օմսկի օդանավակայանից օդ է բարձրացել Մոսկվայի ժամանակով առավոտյան ժամը հինգին։ Նավալնուն տեղափոխող մեքենան օդանավակայան է ժամանել ոստիկանների ուղեկցությամբ։ Օդանավ է բարձրացել նաև քաղաքական գործչի կինը՝ Յուլյա Նավալնայան։

Բժշկական օդանավը Շենեֆելդ օդանավակայանում վայրէջք կկատարի Մոսկվայի ժամանակով մոտավորապես ժամը 11-ին։ Այնտեղից Նավալնուն կհասցնեն Բեռլինի «Շարիտե» կլինիկա, որտեղ երկու տարի առաջ էլ ենթադրյալ թունավորումից հետո բուժում է ստացել Pussy Riot-ի մասնակից և «Մեդիազոնայի» հրատարակիչ Պյոտր Վերզիլովը։

Փոխանցում է BBC-ն։