23.08.2020 17:27

Վարդան Հարությունյան. 1990 թվականի այս օրը՝ օգոստոսի 23-ը, մեր պատմության ամենալուսավոր օրերից մեկն է

Վարդան Հարությունյան. 1990 թվականի այս օրը՝ օգոստոսի 23-ը, մեր պատմության ամենալուսավոր օրերից մեկն է

Իրավապաշտպան Վարդան Հարությունյանը Ֆեյսբուքում գրել է.

«Սա գրել եմ անցած տարի այս օրը

23 օգոստոս․
Հայաստանի անկախության համար պայքարը երբեք չի դադարել։ Ոչ մի զավթիչ չի կարողացել սպանել մեր մեջ այդ ձգտումը։ Բոլոր ժամանակներում, անգամ, խորհրդային ծանրագույն տարիներին, երբ հոսանքին հակառակ գնալը մահացու էր, երբ ազատ մտածելը դատապարտելի էր, երբ անկախության մասին խոսքը հեղինակին կարող էր կալանավայր կամ հոգեբուժարան հասցնել։ Մենք կարող ենք պարծենալ՝ անկախ եղած պատկերացնելի կամ անպատկերացնելի խոչընդոտներից, անկախ տարատեսակ վտանգներից ու արգելքներից`մեր ժողովուրդն իր մեջ անկախության ձգտումը պահպանելու ուժ միշտ էլ գտել է, ու միշտ էլ կարողացել է անկախության վառ ու ներկայանալի դրոշակակիրներ տալ։
1990 թվականի այս օրը՝ օգոստոսի 23-ը, մեր պատմության ամենալուսավոր օրերից մեկն է։ Երեւի սխալ չէր լինի, եթե գրեի՝ ամենալուսավոր օրն է: Տարիների պայքարը, տարիների զոհողությունները, տարիների երազանքը այդ օրը՝ Անկախության հռչակագրի տեսքով առարկայացավ, դարձավ իրական ու շոշափելի մի բան, դարձավ առօրյա ու սովորական։
Այսօր արդեն սերունդ կա, որ Հայաստանը այլ կերպ չի էլ պատկերացնում։
Շնորհավորենք»։