23.08.2020 17:41

Էդմոն Մարուքյան. Իմ համոզմամբ՝ այս օրը Հայաստանի Հանրապետությունում պետք է հիշատակվեր պետական ամենաբարձր մակարդակով

Էդմոն Մարուքյան. Իմ համոզմամբ՝ այս օրը Հայաստանի Հանրապետությունում պետք է հիշատակվեր պետական ամենաբարձր մակարդակով

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի շնորհավորական ուղերձը Անկախության հռչակագրի 30-ամյակի առթիվ

«Սիրելի՛ հայրենակիցներ, 30 տարի առաջ այս օրը Գերագույն խորհուրդը ընդունեց Հայաստանի անկախության հռչակագիրը։ Սա, իրավամբ, Հայաստանի պատմության վերջին 600-700 տարիների ամենակարևոր փաստաթղթերից մեկն էր, որի հիմքի վրա մեկնարկեց անկախության վերականգնման գործընթացը։ Փաստացի, Հայաստանի Առաջին Հանրապետության անկումից 70 տարի անց՝ հայ ժողովուրդը վերստին հնարավորություն էր ստանում ինքնուրույն որոշումներ կայացնել և ստեղծել իր պետությունը։

Ասվածից հետևում է, որ Անկախության հռչակագիրը զուտ փաստաթուղթ չէ, այն պետականության հիմնասյուներից է, դրա առաջադրած գաղափարներն ու սկզբունքները փոփոխման և վերանայման ենթակա չեն, դրանք մշտապես ուղեկցելու են Հայաստանի Հանրապետությանն ու հայ ժողովրդին։ «Լուսավոր Հայաստան» կուսակցության և իմ համոզմամբ՝ այս օրը Հայաստանի Հանրապետությունում պետք է հիշատակվեր պետական ամենաբարձր մակարդակով: Առնվազն պետք է օրվա խորհուրդն ընդգծող միջոցառումներ կազմակերպվեին։ Դա հնարավոր էր անել համավարակի առկայության պայմաններում և նույնիսկ պարտադիր էր, քանի որ մենք ամեն օր չենք նշում Անկախության հռչակագրի 30-ամյակը։ Ինչևիցե… շնորհավորում եմ բոլորիս, ինչպես հայաստանցիներին, այնպես էլ աշխարհասփյուռ հայությանը այս բացառիկ տոնի առթիվ։

Աստված պահապան Հայաստանի Հանրապետությանը»։