24.08.2020 12:06

Աշոտ Սարգսյան. 19 հարց ՀՅԴ անդամ Բագրատ Եսայանին կամ՝ ինչ է հայդատական պատմագրությունը

Աշոտ Սարգսյան. 19 հարց ՀՅԴ անդամ Բագրատ Եսայանին կամ՝ ինչ է հայդատական պատմագրությունը

«Առավոտում» շարունակաբար հրապարակվեց «Ո՞րն է ի վերջո ջրբաժանը»  ընդարձակ մի հոդվածաշար՝  «Բագրատ Եսայան, ՀՅԴ անդամ» ստորագրությամբ։

Որպես կանոն՝ որեւէ հոդվածի պատասխան է գրվում այն դեպքում, երբ դրանում սխալները, խեղաթյուրումները, կեղծիքները կամ վերագրումները մեկը, երկուսը, մի քանիսն են։ Երբ դրանք համատարած են՝ այն վերածվում է զավեշտի։ Այս դեպքում լուրջ-լուրջ պատասխան գրողն ինքն էլ կհայտնվի նույնպիսի վիճակում։ Հիշյալ հոդվածաշարը անցնում է այդ սահմանը, եւ, բնականաբար, մենք չենք պատրաստվում «պատասխան հոդված» գրել։

ՀՅԴ անդամի հոդվածը, մինչդեռ, «արժեքավոր է» եւ ուշադրության արժանի մի այլ առումով. այն իրենից ներկայացնում է «հայդատական պատմագրության» ցցուն մի հատանմուշ։ Դրա վրա, նույնիսկ ոչ պատմաբան ընթերցողին կարելի է ցույց տալ, թե իրենից ինչ է ներկայացնում «հայդատական պատմագրությունը», որ, ցավոք, որպես «ստեղծագործական մեթոդ»՝ մտել է նաեւ մեր գիտական կենտրոններ, բուհական եւ դպրոցական դասագրքեր։

Ինչպես ասացինք, մենք Բ. Եսայանի հոդվածին չենք անդրադառնալու «պատասխանի» ժանրով, այլ (եթե նման ժանր կա)՝ «հարցերի»։ Հնարավորինս զերծ ենք մնալու մեկնաբանություններից, ընդդիմախոսելուց, ինչ-որ բան հերքելուց կամ ապացուցելուց։ Հիմնականում կբերենք հիշյալ հեղինակի հոդվածից տեքստային քաղվածքներ եւ կառաջադրանք դրանց հետ կապված, անխուսափելիորեն առաջացող հարցեր՝ հետեւությունները եւ գնահատականները թողնելով ընթերցողին։ Միայն կտանք որոշ տեղեկություններ եւ բացատրություններ, որոնք անհրաժեշտ կլինեն մեր ձեւակերպած հարցերի հիմնավորման, դրանք ընթերցողին հասկանալի դարձնելու համար։

Մեջբերումները կանենք մի քիչ ընդարձակ տեքստով, որպեսզի չմեղադրվենք «միտքը կոնտեքստից կտրելու» մեջ։ Մեջբերումները «իտալիկով» են, ընդգծումները մերն են։

 Ա.

 

«Այսպիսով, 1988-ին սկսված Արցախյան շարժումն իր բնույթով ամբողջությամբ ազգային գաղափարախոսությամբ ներշնչված, մեր ազգային իղձերի ու երազանքների իրականացմանը, մեր ժողովրդի ոտնահարված իրավունքների պաշտպանությանը, մեր մասնատված երկրի տարածքային ամբողջականության վերականգնմանն ու միասնական Հայրենիքի կերտմանն ուղղված շարժում էր։ Փաստորեն, Հայաստան էր վերադարձել Դաշնակցության գաղափարախոսությունը, բայց Դաշնակցությունը դեռ Հայաստանում չէր»։

«Դաշնակցությունը, որպես հայ իրականության մեջ տասնամյակներ շարունակ ազգային գաղափարախոսության կրող հիմնական ուժ, իր ամբողջական աջակցությունը հայտնեց՝ իր բնույթով կուսակցության ծրագրային մոտեցումների տրամաբանությանը ամբողջությամբ համապատասխանող Արցախյան շարժմանը»։

Ղարաբաղյան համաժողովրդական շարժումն ի սկզբանե ուշադիր հետեւում էր իր համար այդ ժամանակ այնքա՜ն կարեւոր դրական ազդակների՝ այդ թվում նաեւ Սփյուռքից եւ այդտեղ գործող կուսակցություններից։

Կուսակցությունների ղեկավար մարմինների ստորագրությամբ Շարժումը պաշտպանող որեւէ պաշտոնական հայտարարություն պետք է տպագրվեր նրանց կենտրոնական մամուլում։

Մեզ հայտնի այդպիսի առաջին հայտարարությունը, որ ստորագրել էին ՀՅԴ-ն, ՍԴՀԿ-ն եւ ՌԱԿ-ը միասին, հրապարակվել է Շարժման սկզբից ուղիղ 7 ամիս անց՝ թվագրված 1988թ. սեպտեմբերի 29-ով (տե՛ս «Դրոշակ», 12.10.1988, էջ 2)։ Այն ուղղված էր Շարժման դեմ եւ աջակցություն էր գործող կոմունիստական իշխանությանը։ Եւ այդպես էլ գնահատեցին ինչպես Շարժման ղեկավարությունը, մասնակիցները, այնպես էլ քաղաքական վերլուծաբանները։

Բայց իզուր է տվայտանքների մեջ ընկնում Բ. Եսայանը, թե՝ «Հայաստան էր վերադարձել Դաշնակցության գաղափարախոսությունը, բայց Դաշնակցությունը դեռ Հայաստանում չէր»։ Կան փաստաթղթեր, որոնք վկայում այն մասին, որ Շարժման հենց առաջին օրերից Դաշնակցությունը արդեն Հայաստանում էր, եւ այն էլ՝ իր առաջին դեմքերով։ Այդ փաստաթղթերից մեկը Հայաստանի ՊԱԿ-ի նախագահի «հույժ գաղտնի» գրիֆով զեկուցագիրն է Հայաստանի Կոմկուսի կենտկոմի Առաջին քարտուղարին։ Դրանից ստորեւ բերված հատվածում խոսքը ՀՅԴ երկու ղեկավարների՝ Բյուրոյի ներկայացուցիչ Հրայր Մարուխյանի եւ Բյուրոյի անդամ Հրաչ Տասնապետյանի հետ ՊԱԿ-ի նախագահ Մ. Յուզբաշյանի հանդիպման մասին է՝ 1988թ. փետրվարյան հանրահավաքների օրերին.

 «Երբ զանգվածային ցույցեր եւ գործադուլներ էին տեղի ունենում, նրանք ինձ հետ հանդիպեցին գաղտնի մի օբյեկտում, ուր եւ քննարկեցինք բոլոր հարցերը։ Նրանք գիտեին, որ քաղաքում ցույցեր եւ գործադուլներ են, եւ հանդես էին գալիս Շարժման ու նրա պայքարի ձեւերի դեմ... դատապարտում էին ե՛ւ ցույցերը, ե՛ւ գործադուլները, ե՛ւ Շարժումը։ Դեմ էին հակամոսկովյան ելույթներին եւ ասում էին. «Եթե ուզում եք՝ թույլ տվեք մասնակցենք ցույցերին, եւ մենք կջախջախենք հռետորների բոլոր փաստարկներն ու ելույթները» («Հայաստանի Հանրապետություն», 04.07.1992):

(Բ. Եսայանին օգնելու մղումով ասենք, որ ՊԱԿ-ի նախագահի նման զեկուցագրերը չէին կարող իրականությունից մազաչափ շեղվել, այլապես նա առնվազն կհեռացվեր աշխատանքից)։

Կան նաեւ ՀՅԴ կարկառուն գործիչների վկայություններ այդ մասին։ Օրինակ՝ Էդվարդ Հովհաննիսյանի վկայությունը այն մասին, որ դրանից շատ ավելի վաղ Դաշնակցությունը արդեն Հայաստանում էր. «...վրա հասավ Գորբաչովյան ժամանակաշրջանը, եւ Դաշնակցությունը արագ թափով մուտք գործեց Հայաստան: Սկզբից Լ(ենդրուշ) Խուրշուդյանի, Ռ(ուբեն) Սահակյանի, Մ(երի) Քոչարի, Հ(րաչիկ) Սիմոնյանի եւ ուրիշների աշխատությունների ճամփով, ապա՝ կուսակցության որոշմամբ...»։ («Դրոշակ», 26.09.1990, էջ 11)։

 

Հարց 1. ՀՅԴ անդամ Բ. Եսայանը տեղյակ չէ՞ իր կուսակցության ոչ վաղ անցյալի պատմությանը։

 

Հարց 2.  Բ. Եսայանը կարո՞ղ է ցույց տալ Շարժման առաջին ամիսներին Ղարաբաղյան շարժմանը ոչ թե «ամբողջական», այլ թեկուզ մասնակի «աջակցություն» ցուցաբերող՝ ՀՅԴ ղեկավար մարմնի հրապարակած պաշտոնական մի փաստաթուղթ։

 

Իրականությունն այն է, որ 1988-1991թթ. ՀՅԴ կենտրանական մամուլում, ըստ էության, Ղարաբաղյան շարժումը, որպես Դաշնակցության թիրախ, առաջին պլանում էր հայտնվել՝ երկրորդ տեղ մղելով ավանդական «մշտական ոսոխ» Թուրքիային։

 Բ.

 

«Ղարաբաղ» կոմիտեին ուղղված այսպիսի մեղադրանք է ներկայացվում.

 «1989թ մայիսից՝ ձերբակալված և Մոսկվա տեղափոխված «Ղարաբաղ» կոմիտեի անդամների ազատ արձակումից հետո, շարժման ղեկավարությունը վերանայում է պահանջների առաջնահերթությունը, և Ղարաբաղի հարցին զուգահեռ, առաջնահերթությունների շարքում են հայտնվում Արևմուտքի կողմից աջակցություն վայելող՝ Արևելյան Եվրոպայում և Խորհրդային Միությունում մեծ թափ ստացած՝ մարդու իրավունքների և ժողովրդավարության հաստատման կարգախոսները։ Հայաստանում ընթացող միտինգների ժամանակ հայտնվում են Խորհրդային այլ ժողովուրդների ազգային դրոշներ, և իր բնույթով ազգային-ազատագրական արցախյան շարժումը ձեռք է բերում հակախորհրդային բնույթ»։

 

Այստեղ նույնպես «օգնենք» Բ. Եսայանին՝ այս անգամ թանձրացնելու համար իր «մեղադրանքը»։

«Ղարաբաղ» կոմիտեն այդ «անագորույն մեղքը» գործել էր ավելի վաղ՝ մեկ տարի առաջ։ «Ղարաբաղ» կոմիտեի՝ 1988թ. մայիսի վերջին ձեւավորված մշտական կազմը («Ղարաբաղյան շարժման Հայաստանի կոմիտեն») ձեռնարկեց Շարժման քաղաքական ծրագրի մշակումը, ինչը եւ հրապարակեց նույն թվականի օգոստոսի 19-ի հանրահավաքում ՝ որպես «Հայոց Համազգային Շարժման» ծրագիր։ Դրանում, որպես «առաջնահերթություններ», արդեն ամբողջությամբ դրված էին «մարդու իրավունքների և ժողովրդավարության հաստատման» խնդիրները, որոնց վրա էլ խարսխվում էր Լեռնային Ղարաբաղի հարցը։ Դրանք նույնությամբ մնացին նաեւ 1989թ. նոյեմբերին ՀՀՇ 1-ին համագումարում հաստատված Ծրագրում։

 

Հարց 3. Բ. Եսայանը դե՞մ է «մարդու իրավունքների և ժողովրդավարության հաստատման» խնդիրներին՝ որպես մերժելի, «ապազգային» մի բան։ Իսկ նրա կուսակցությո՞ւնը։ Թե՞ դեմ է այնքանով, որքանով այդ խնդիրները դրել էին «Ղարաբաղ» կոմիտեն եւ ՀՀՇ-ն։

 

Հարց 4. Բ. Եսայանը, որպես «ազգային գաղափարախոսության հետեւողական կրող» ՀՅԴ անդամ, ինչպե՞ս է դատապարտում Ղարաբաղյան շարժումը «հակախորհրդային բնույթ»-ի համար, երբ նույն հոդվածում ԽՍՀՄ-ը գնահատում է այսպես. «...ապազգային մի կայսրություն, որտեղ մերժված էր ցանկացած ազգային դրսևորում, գաղափարախոսական հիմնական ուղղություն էր ազգերի աստիճանական վերացման և միասնական Սովետական ժողովրդի առաջացման թեզը»։

 

Հարց 5. Եւ, ընդհանրապես, ինչպե՞ս հասկանանք մեղադրական այս միտքը. «իր բնույթով ազգային-ազատագրական արցախյան շարժումը ձեռք է բերում հակախորհրդային բնույթ»։ Եթե շարժումը ազգային-ազատագրական էր, ուրեմն այն պետք է լիներ այն բանի դեմ, որը ճնշում-սահմանափակում էր այդ ազգի ազատությունը։ Այդ ճնշող-սահմանափակողն էլ այդ ժամանակ նույն «ապազգային կայսրություն» ԽՍՀՄ-ը չէ՞ր։ Եթե ԽՍՀՄ-ն էր՝ ուրիշ «հակա»ի՞նչ պետք է լիներ, ինչի՞ դեմ պետք է ուղղված լիներ ազգային-ազատագրական շարժումը։ Սա չի՞ թելադրում տարրական տրամաբանությունը։ Թե՞ «ազգային գաղափարախոսության» հարթության վրա կա տրամաբանության այլ մի տեսակ։

 

 Գ.

«Շարժումը ղեկավարող «Ղարաբաղ» կոմիտեն առաջին փուլում (1988 փետրվար-1989 մայիս) հստակորեն դնում էր Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզը Հայաստանի ԽՍՀ կազմի մեջ մտցնելու պահանջ՝ օգտվելով Խորհրդային Սահմանադրության մեջ նախատեսված ազգային ինքնորոշման իրավունքի դրույթից (ինչին էլ ՀՅԴ-ն, իբր, իր «ամբողջական աջակցությունն» էր հայտնել – Ա.Ս.)

Այո, կար ԽՍՀՄ Սահմանադրության մեջ «Ազգային ինքնորոշման իրավունքի» դրույթ, նման հանրահայտ սկզբունք կար եւ կա նաեւ միջազգային իրավունքի այսօր գործող նորմերում։

Այստեղ շատ հետաքրքիր իրավիճակ է ստեղծվում։ Զարմանահրաշ իրավիճակ։

Բանն այն է, որ Ղարաբաղյան շարժման դեմ Դաշնակցության առանցքային հարցը հենց այն էր, որ Շարժումը Լեռնային Ղարաբաղի խնդիրը կապում էր ազգերի ազատ ինքնորոշման իրավունքի հետ՝ ԽՍՀՄ պայմաններում՝ ըստ նրա Սահմանդրության համապատասխան հոդվածի, իսկ անկախությունից հետո՝ ըստ միջազգային իրավունքի հայտնի սկզբունքի, մինչդեռ ՀՅԴ-ն, ընդհակառակը՝ խնդրի լուծումը տեսնում էր պահանջատիրության հարթության վրա։ ՀՅԴ Բյուրոյի կենտրոնական օրգան «Դրոշակը» անգամ հատուկ խորագիր ուներ՝ ձեւակերպված հենց այդպես՝ «Արցախյան պահանջատիրություն»։ Ըստ այդմ՝ Ղարաբաղի պայքարը այլ կերպ չէր կարող լինել, քան «Հայ դատի ամբողջության մեջ, որպես նրա մի մասնիկը» (տե՛ս «Դրոշակ» 30.08.1989), կամ՝ «Հայ դատի վախճանական լուծումը կանցնի Արցախը Հայաստանին վերամիավորելու հայ ժողովրդի մղած պայքարի հաջող արդյունքով նվաճված հանգրվանեն։ Ահա այդ գիտակցությամբ է, որ պետք է մոտենալ Արցախի պահանջատիրական պայքարին...» («Դրոշակ», 01.03.1989, էջ 6) եւ այլուր։

Մինչեւ հարցերը ձեւակերպելը, սակայն՝

Մի հավելում. Ղարաբաղյան շարժումը խոչընդոտելու ու տապալելու համար Մոսկվայի եւ Բաքվի հիմնական մեղադրանքն առաջին իսկ օրից հենց այն էր, որ Հայաստանը, իբր, «սահմանների վերաձեւման», «հողային պահանջատիրության» հարց է բարձրացնում։ Հետո էլ, եւ մինչեւ այսօր էլ, միջազգային ասպարեզում Ադրբեջանի քարոզչական հիմնական խաղաքարտը Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման իրավունքի դեմ Հայաստանի հողային պահանջատիրության թեզն է եւ այդ հիմքով Հայաստանին ագրեսիայի մեջ մեղադրելը։ Որքան էլ զարմանալի, սակայն այս հարցում, Ադրբեջանի հետ, փաստորեն, նույնն է եղել նաեւ ՀՅԴ տեսակետը։

Մի տեղեկանք՝ Բ. Եսայանի համար. «Հայ դատ» — հայդատականությունը, ավելի հասկանալի բառով՝ ՊԱՀԱՆՋԱՏԻՐՈՒԹՅՈՒՆԸ, ՀՅԴ ծրագրի հիմքում դրված հիմնական գաղափարախոսությունն է։ Այն ենթադրում է հայկական պատմական հողերի վերադարձի ՊԱՀԱՆՋ՝ արտահայտված հայտնի կարգախոսի «Միացյալ» բառով։ Մի ժամանակ այն բաժանվում էր երկու մասի. «ներքին հողային պահանջ» (Ադրբեջանից՝ Նախիջեւանը, Արցախը, Վրաստանից՝ Ջավախքը) եւ «արտաքին հողային պահանջ» (Թուրքիայից՝ Արեւմտյան Հայաստանը)։ Այս խնդիրներից մեկը՝ Արցախի հարցը եթե լուծվում է ոչ թե ՊԱՀԱՆՋԵԼՈՒ միջոցով, այլ ԻՆՔՆՈՐՈՇՄԱՆ սկզբունքի կիրառմամբ — դա ծանր հարված էր հայդատականությանը՝ ՀՅԴ-ի գաղափարական հիմքին։ Ահա թե ինչու, ինչպես Շարժման տարիներին, այնպես էլ հետո, Դաշնակցությունը խնդիրը հետեւողականորեն ներկայացնում էր որպես «Արցախյան պահանջատիրություն»։ Հավելենք, որ պատմականության հիմքով պահանջատիրությունը վաղուց արդեն միջազգային ասպարեզում ամենավատ ռեակցիան է առաջացնում՝ քմծիծաղից մինչեւ զզվանք։

Եւ մի տարակուսանք. իր ընդարձակ այս հոդվածաշարում ՀՅԴ անդամ Բ. Եսայանը ոչ մի անգամ չի օգտագործում «պահանջատիրություն» բառը — (սա՝ ի գիտություն ՀՅԴ ղեկավարության))))։

Հարց 6. Բ. Եսայանը տեղյակ չէ՞ Շարժման տարիներին եւ հետագայում իր կուսակցության քաղաքական այս դիրքորոշմանը Ղարաբաղի հարցում, թե՞ հակադրվում է դրան։ Եթե հակադրվում է, պետք չէ,՞ որ այդ մասին պարզորոշ ասի եւ դատապարտի իր կուսակցության «գիծը»։

Հարց 7. ՀՅԴ-ն ի՞նքն է փոխել իր դիրքորոշումը, հրաժարվե՞լ է «Հայ դատ» — պահանջատիրությունից։ Ե՞րբ է կայացվել պաշտոնական այդ որոշումը։

Հարց 8. Եթե անգամ ՀՅԴ-ն վերանայած լիներ իր դիրքորոշումը Ղարաբաղյան շարժման նկատմամբ (նման բան, իհարկե, չի եղել), հնարավո՞ր է այդ հիմքով հիմա, հետին թվով հայտարարել, թե նա ի սկզբանե «իր ամբողջական աջակցությունը հայտնեց՝ իր բնույթով կուսակցության ծրագրային մոտեցումների տրամաբանությանը ամբողջությամբ համապատասխանող Արցախյան շարժմանը»։ Այսօր այդպես ասելով՝ հետին թվով փոխվո՞ւմ է երեք տասնամյակ առաջվա՝ տրամագծորեն հակառակ իրողությունը։

Դ.


«1990թ. կայացած ՀԽՍՀ Գերագույն Խորհրդի ընտրություններում Հայկոմկուսի պարտությունից հետո՝ օգոստոսի 23-ին ընդունվում է Անկախության հռչակագիրը, որն ազդարարում էր անկախ պետականության հաստատման գործընթացի սկիզբը, իսկ 1991թ. սեպտեմբերի 21-ին կայանում է Անկախության հանրաքվեն, որը իրավականորեն արձանագրում է փլուզված ԽՍՀՄ-ից ՀՀ անկախացումը»։

Այսքանն է ՀՅԴ անդամ Բ. Եսայանի ընդարձակ, 20-րդ դարի պատմությունն ընդգրկող հոդվածում, նույն դարի ամենանշանավոր քաղաքական իրադարձության՝ Հայաստանի անկախության մասին գրածը։ Որից հասկացվում է, թե անկախությունը վերեւից ընկավ՝ ԽՍՀՄ-ը փլուզվեց, Հայաստանն էլ ձեւակերպեց իր անկախությունը։

Անկախության խնդիրը Շարժման օրակարգում առաջին պլան սկսեց բերվել 1989թ. ամռանից, իսկ տարվա վերջին այն օրակարգի առաջին հարցն էր։ Խնդրի լուծումը տեւեց մինչեւ 1991թ. սեպտեմբերի 21-ի հանրաքվե եւ նույն թվականի դեկտեմբերի կեսեր, երբ սկսվեց նրա միջազգային ճանաչման գործընթացը։ Այսինքն՝ անկախության համար համաժողովրդական դաժան պայքար է եղել, եւ այն տեւել է շուրջ երկուսուկես տարի։

Հարց  9. ՀՅԴ հայտնի կարգախոսի երեք բառերից մեկն էլ «Անկախն» էր։ Անկախության հասնելու պայքարի այս ընթացքում ՀՅԴ-ն ի՞նչ օժանդակություն է բերել դրան, Անկախության հանրաքվեից քանի՞ օր առաջ է պաշտոնական հայտարարությամբ կոչ արել քվեարկել դրա օգտին։

(Տեղեկեկանք. Անկախության հանրաքվեից ընդամենը երկու ամիս առաջ ՀՅԴ-ն դեռ պնդում էր, որ Հայաստանը պետք է մնա «նորացված» ԽՍՀՄ-ի մեջ. — տե՛ս «Դրոշակ», 31.07.1991 էջ 3):

Հարց 10. Ինչպես հայտնի է՝ ԽՍՀՄ-ը գոյատեւեց մինչեւ 1991թ. դեկտեմբերի վերջը։ Հեղինակը ինչո՞ւ է այն «փլուզված» կոչում դեռ սեպտեմբերին։ Ընդամենը որպեսզի նսեմացնի՞ այն հսկայական, համաժողովրդական ջանքերի գործադրումը եւ հերոսական պայքարը, ինչի շնորհիվ իրականություն դարձավ Հայաստանի անկախությունը։

Պատմական տեղեկանք. Շարժման տարիներին եւ ընդհուպ մինչեւ Անկախության հանրաքվե, ՀՅԴ-ն, իշխող կոմունիստական կուսակցության հետ դաշնակցած, պայքարում էր Հայաստանի անկախության ուղեգծի դեմ եւ դա հիմնավորում էր «Հայ դատի» իր «Միացյալ, ազատ, անկախ» սխեմայով, այն է՝ ա) «Ստեղծումը ամբողջական Հայաստանի՝ ազատագրումովը Թուրքիո կողմե բռնագրավված պատմականորեն հայապատկան հողերուն եւ միացումովը Արեւմտյան եւ Արեւելյան Հայաստանի (հողահավաք)»: բ) «Խորհրդային թե արտախորհրդային Սփյուռքի տարագիր հայության համախմբում՝ իր հայրենի ամբողջացած հողերուն վրա (ազգահավաք)»: գ) «Ազգային ազատ ինքնորոշում՝ Ամբողջական Հայաստանի ամբողջական հայության» «տե՛ս «Դրոշակ», 18.06.1990, էջ 8)։ Առաջին երկու խնդիրները պետք է լուծվեին ԽՍՀՄ օգնությամբ, երրորդը (ենթադրվում է)՝ նրա դեմ պայքարում։

 Հարց 11.  Հեղինակը տեղյակ չէ՞ իր կուսակցության այս դիրքորոշմանը, թե՞ նման դեպքերում հայդատական պատմագրությունը հանձնարարում է լռել։

Միայն փաստերը գլխիվայր շրջելը չէ, որ հարց է առաջացնում, այլ նաեւ դրանք անտեսելը։

 Ե.

 

«ԽՍՀՄ փլուզումով և Հայկոմկուսի պարտությունով հայության քաղաքական կյանքում դադարում է գոյություն ունենալ 70 տարի աշխարհը երկու հակամարտող ճամբարների բաժանած կոմունիստական վերազգային գաղափարախոսությունը, որը շատ երկրներում փոխարինվում է Արևմուտքի կողմից հրամցված՝ ժողովրդավարության և մարդու իրավունքների վրա հիմնված վերազգային նոր «գաղափարախոսությամբ»։ Հայաստանում դրա հիմնական կրողն ու գաղափարախոսն է դառնում Լևոն Տեր-Պետրոսյանը և նրա գլխավորած քաղաքական ուժը»։

Այսինքն՝ 1990թ. իշխանության եկած Լեւոն Տեր-Պետրոսյանին ու նրա ղեկավարած Հայոց Համազգային Շարժմանը ՀՅԴ անդամ Բ. Եսայանը մեղադրում է «ժողովրդավարության և մարդու իրավունքների վրա հիմնված» գաղափարախոսություն դավանելու եւ այն հայկական պետականության հիմքում դնելու համար։

 

Հարց 12. Հեղինակը ու նրա կուսակցությունը դե՞մ են միջազգայնորեն ճանաչված՝ Մարդու իրավունքներին եւ ժողովրդավարության նորմերին։

 

Հարց 13.Մարդու իրավունքներին եւ ժողովրդավարության նորմերին հավատարիմ մնալը քաղաքական գործչին դարձնում է «ապազգայի՞ն»։

 

(Միջանկյալ տեղեկանք ընթերցողի համար. Ղարաբաղյան շարժումը ամբողջ ընթացքում վայելել է Արեւմուտքի ջերմ համակրանքն ու աջակցությունը՝ իր ժողովրդավարական բնույթի համար։ Այդ շրջանում արտասահմանյան շատ քաղաքական գործիչներ եւ վերլուծաբաններ հենց դրանով են այն առանձնացրել ԽՍՀՄ եւ արեւելաեվրոպական մյուս շարժումներից, արձանագրել Ղարաբաղյան շարժման բարերար ազդեցությունը նրանց վրա, ընդհուպ՝ այն համարել աշխարհաքաղաքական գործընթացների վրա ազդող կարեւոր մի գործոն։ Որպես այդպիսին է այն միջազգային լայն պաշտպանություն ստացել, կարողացել հարատեւել եւ, վերջին հաշվով, ապահովել Լեռնային Ղարաբաղի գոյությունն ու ապագան։ 

Զ.

 

«2007 թվականին ակտիվ քաղաքականություն վերադառնալու իր մտադրության մասին հայտարարեց առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը։ Ակնհայտ էր, որ Արևմուտքը իր գրավը դրել էր հենց նրա վրա, քանի որ 1998-2007 թվերին, ինչպես արդեն նշել ենք, վերազգային գաղափարական բևեռը թափուր էր և որևէ քիչ թե շատ ծանրակշիռ քաղաքական գործիչ չէր կարող հավասար մրցակցել Հայաստանի տնտեսական զարգացման մեջ բավականին առաջընթաց գրանցած՝ ազգային բևեռում կանգնած ուժերի թեկնածուի հետ»։

2008թ. նախագահական ընտրություններում թե ում, ինչպես եւ ինչու է պաշտպանել «Արեւմուտքը»՝ հարյուրավոր փաստաթղթեր կան (ինչպես ասում են՝ մի քանի դիսերտացիայի նյութ)։ Այստեղ՝ մի հատված բարձր մակարդակի մի փաստաթղթից, որի հավաստիությունը դժվար է կասկածի տակ դնել։ Խոսքը Հայաստանում ԱՄՆ դեսպանի ժամանակավոր հավատարմատար Ջոզեֆ Փենինգտոնի գաղտնի զեկացագրի մասին է իր կառավարությանը՝ 2008թ. նախագահական ընտրություններից անմիջապես հետո, որ հրապարակվել է «Վիկիլիքս» կայքում.

«Սերժ Սարգսյանը, որպես պաշտպանության նախարար, եղել է գերազանց արեւմտամետ գործընկեր եւ խթանել է Հայաստանի Եվրոատլանտյան հարաբերությունները»։

«Տեր-Պետրոսյանը մեկուսացված ծայրահեղական չէ: Պաշտոնական տվյալներով, փետրվարի 19-ին նա ստացել է քվեների 21.5 տոկոսը (ավելի քան 350 հազար քվե), եւ իրական թվերն, անկասկած, զգալիորեն ավելի բարձր են: Մեր համոզված ենթադրությունը մոտավորապես 30-35 տոկոսի սահմաններում է (490 հազարից 570 հազար քվե): Վերջին երկու շաբաթներում նրա հասարակական աջակցությունը միայն աճել է... Հետընտրական իրադարձությունները Տեր-Պետրոսյանին դարձրել են երբեւէ եղած ամենալեգիտիմ ընդդիմադիր քաղաքական դեմքը, առավել, քան մյուս բոլորը միասին վերցված: Խաղաղ հանրահավաքների դեմ ռեժիմի կողմից ուժի կիրառումը, ընդդիմադիր մամուլի կասեցումը եւ ճնշումների այլ բաղադրիչները ավելացրել են հասարակական զայրույթը, եւ, ըստ կանխադրման, Տեր-Պետրոսյանի կողմնակիցներ են դարձել շատերը, ովքեր դեռեւս չեն համակրում նրան: Եթե այժմ ընտրություններ կազմակերպվեին, ամենայն հավանականությամբ Տեր-Պետրոսյանը կհաղթեր Սարգսյանին» («Հայկական ժամանակ» 19.09.2011)։

«Ընտրությունները անդառնալիորեն արատավոր են եղել, եւ Սարգսյանի օրինակարգությունը խոցելի է»:

Հարց 14. Եթե Արեւմուտքը «իր գրավը դրել էր» Լեւոն Տեր-Պետրոսյանի վրա, այդ մասին պետք է իմանար եւ նրան օժանդակելու հանձնարարությունների իր բաժինը պետք է ստացած լիներ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանը։ Ինչպե՞ս է, որ վերջինս նրա հակառակորդ Սերժ Սարգսյանին է համարում «գերազանց արեւմտամետ գործընկեր», որը ՝ «խթանել է Հայաստանի Եվրոատլանտյան հարաբերությունները»֊։

Հարց 15. Ինչպե՞ս է, որ ընտրությունների համատարած կեղծմանը, «ազգային բեւեռի թեկնածու» Սերժ Սարգսյանի խոցելի օրինակարգությանը քաջատեղյակ «Արեւմուտքը» չպահանջեց ընտրությունների երկրորդ փուլ, որում (նույն՝ դեսպանի պաշտոնակատարի համոզմամբ) կհաղթեր Լեւոն Տեր-Պետրոսյանը, եթե ի սկզբանե «նրա վրա էր դրել իր գրավը»։ (Հիշեցնենք. նման բան նա արել էր 2003 թ., երբ նախագահի ընդդիմադիր թեկնածուն  Ստեփան Դեմիրճյանն էր)։

Հարց 16. Ինչպե՞ս է, որ Արեւմուտքը հանդուրժեց իր չսիրած «ազգային բեւեռի» թեկնածուի արձանագրած՝ նախընտրական շրջանի ամենաաղաղակող օրինախախտումները (դրանք էջերով թվարկված են պաշնոնական այլ զեկուցագրերում, դիտորդների զեկույցներում), մարտիմեկյան սպանդը, հարյուրավոր քաղբանտարկյալների փաստը եւ շնորհավորեց «խոցելի օրինակարգությամբ» Ս. Սարգսյանին, դուրս հանեց նրան դժվարին վիճակից։ Ինչպե՞ս նա կարող էր անել այս ամենը, եթե ի սկզբանե «գրավը դրել էր Լեւոն Տեր-Պետրոսյանի վրա»։

Մեղք չէ՞ մարդկային տարրական տրամաբանությունը։

Է.

 

«Եվ առաջին նախագահը, որպես քարոզչական հիմնական թեզեր վերցնելով «գողապետություն, թալան, կոռուպցիա, քրեաօլիգարխիկ համակարգի» ապամոնտաժման թեզը, որն օգտագործվել էր նախորդ տարիներին այլ երկրներում, այս թեզը հարստացրեց հայաստանցիների և ղարաբաղցիների արհեստական հակադրման, արցախյան հարցի՝ որևէ, թեկուզ ամենաաննպաստ ճանապարհով շուտափույթ լուծման անհրաժեշտության մասին թեզերով»։

Եթե Առաջին նախագահը «հայաստանցիների և ղարաբաղցիների արհեստական հակադրման» թեզ է առաջ քաշել, ուրեմն այն, առնվազն մի քանի անգամ, նույնքան հստակ պետք է կրկներ իր ելույթներում, ինչպես՝ «գողապետության, թալանի, կոռուպցիայի, քրեաօլիգարխիկ համակարգի» թեզը։

Մեզ հայտնի է հակառակը՝ նա, ըստ առիթի, ամենախիստ խոսքերով դատապարտել է հայաստանցի-ղարաբաղցի հակադրման ուրիշների փորձերը։ Բերենք մեկ օրինակ. «Լուրջ մտահոգության առարկա է նաեւ խաղաղության եւ պատերազմի երկընտրանքի շուրջ ծավալված բանավեճի առիթով սոցցանցերում եւ հատուկենտ լրատվամիջոցներում հայաստանցիների եւ ղարաբաղցիների միջեւ սեպ խրելու նկատվող միտումը։ ...Այլանդակություն լինելուց բացի, այն հայաստանցիների եւ ղարաբաղցիների միջեւ բացահայտ թշնամանք հրահրելուն միտված եղկելի սադրանքի տպավորություն է թողնում» (շարունակությունը տե՛ս, «Մտահոգիչ ու վտանգավոր ետընտրական տրամադրություններ» վերնագրով նրա հոդվածում – iLur am. 10.04.2017)։

Հարց 17. Կարո՞ղ է Բ. Եսայանը բերել մեկ քաղվածք Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթներից, որտեղ հակառակն է ասում, կամ՝ այն կարելի է համարել «հայաստանցիների և ղարաբաղցիների արհեստական հակադրման» թեզ։

Ը.

 

(Սերժ Սարգսյաանը) «...հայտարարեց հայ-թուրքական հաշտեցման նախաձեռնության մասին, որն ավարտին հասցվեց 2009-ի հոկտեմբերին՝ Ցյուրիխում ստորագրված արձանագրություններով։ Այս նախաձեռնությունը, որը հենց արևմտյան աշխարհաքաղաքական ծրագրի կարևորագույն ուղղություններից մեկն էր, բնականաբար ողջունվեց Արևմուտքի և նրա աջակցությունն ունեցող Տեր-Պետրոսյանի և ՀԱԿ-ի կողմից, որը հայտարարեց փողոցային պայքարից հրաժարվելու մասին։ Մյուս կողմից, այս քայլը հարուցեց ՀՅ Դաշնակցության խիստ դժգոհությունը, որը 2009-ի մայիսին հայտարարեց կոալիցիայից դուրս գալու իր որոշման մասին»։

Ցյուրիխյան արձանագրությունների առիթով Հայ ազգային կոնգրեսը 2009թ. սեպտեմբերի 2-ին չորս կետից բաղկացած հայտարարություն հրապարակեց։

Ահա այն.

ա) «Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը բխում է երկու երկրների եւ ժողովուրդների, ինչպես նաեւ տարածաշրջանային խաղաղության եւ կայունության շահերից,

բ) Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման եւ երկկողմ հարաբերությունների զարգացման վերաբերյալ արձանագրությունները զգալի տեղաշարժ են այդ ուղղությամբ։

Սակայն նաեւ կտրուկ անհամաձայնություն հայտնվեց այդ փաստաթղթերի առանցքային հոդվածների երկու շատ վտանգավոր դրույթների վերաբերյալ.

գ) «Անընդունելի է հայ եւ թուրք պատմաբանների միջկառավարական ենթահանձնաժողովի ստեղծման մասին դրույթը, որը կասկածի տակ է դնում Հայոց ցեղասպանության իրողությունը»։

դ) «Մտահոգություն է հարուցում երկու երկրների խորհրդարանների կողմից նշված փաստաթղթերի վավերացման պայմանը, որը հնարավորություն է տալիս... Թուրքիային՝ Լեռնային Ղարաբաղի խնդրի լուծված չլինելու պատճառաբանությամբ, ձգձգել վավերացման հարցը եւ դրանով հետաձգել հայ-թուրքական սահմանի բացումը»։

Այս երկու առարկությունները մանրամասն վերլուծությամբ ներկայացրեց նաեւ Լեւոն Տեր-Պետրոսյանը 2009թ. սեպտեմբերի 18-ի հանրահավաքի ելույթում՝ կրկին շեշտելով, որ՝ «նույնիսկ Սերժ Սարգս­յա­նի կողմից Ցեղասպանությունը զոհաբերելու դիմաց, Թուրքիան այդ արձանագրու­թյուն­ները չի վավերացնելու եւ Հայաստանի հետ սահմանը չի բացելու՝ մինչեւ չլուծվի Ղարաբաղի հարցը»։ Հայ-թուրքական այս արձանագրություններին նա շատ ավելի ընդարձակ ու քննադատաբար անդրադարձավ նույն թվականի նոյեմբերի 11-ին՝ Հայ ազգային կոնգրեսի ակտիվի ժողովում։

Հայ ազգային կոնգրեսի երկու մտահոգություններն էլ արդարացան, ինչի հետեւանքով էլ այդ արձանագրությունները չվավերացվեցին։

ՀՅԴ-ն սեպտեմբերի 2-ին իր հայտարարության սկզբում նույնպես արձանագրեց, թե՝ «իբրեւ հարեւան պետություններ՝ Հայաստանն ու Թուրքիան ի վերջո պետք է քայլեր ձեռնարկեն հարաբերությունների բնականոնացման ուղղությամբ»։ «ՀՅԴ Հայաստանի կազմակերպության գործունեության ուղենիշերը» վերնագիրը կրող փաստաթղթում էլ (23.10.2009թ), համաձայնեց «առանց նախապայմանների» հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը. «Պատմական այս շրջափուլում առանց նախապայմանների երկկողմ հարաբերությունները կարգավորելու գործընթաց սկսելը չափազանց լուրջ եւ պատասխանատու քայլ էր, եւ Հայաստանի կողմից միակ զիջումը պետք է հանդիսանա»։ Ապա, բացի Կոնգրեսի արձանագրած առարկություններից, առաջ քաշեց նաեւ «Հայ դատ»-պահանջատիրության դիրքերից բխող անիրականանալի նախապայմաններ։ Իսկ թե դրանով նա օբյեկտիվորեն ի՞նչ հսկայական օգուտ տվեց անձամբ Սերժ Սարգսյանին՝ նրան հերոս դարձնելով Արեւմուտքի աչքում՝ այդ մասին տե՛ս Լեւոն Տեր-Պետրոսյանի՝ նոյեմբերի 11-ի հիշյալ ելույթում։

Հարց. 18. Կարո՞ղ է Բ. Եսայանը բերել Հայ ազգային կոնգրեսի՝ Հայ-թուրքական հիշյալ արձանագրությունների առիթով որեւէ հայտարարություն, կամ Լեւոն Տեր-Պետրոսյանի որեւէ խոսք, որտեղ ողջունվել են այդ փաստաթղթերը։

Հարց 19. Կարո՞ղ է Բ. Եսայանը տեքստով բերել այն միտքը, որտեղ ասվում է, թե 2009թ. օգոստոսի 31-ին հրապարակված «Հայ-թուրքական արձանագրությունների» առիթով Կոնգրեսը հրաժարվում է «փողոցային պայքարից»։ Եթե հրաժարվել էր՝ ինչպե՞ս հանրահավաք հրավիրեց սեպտեմբերի 18-ին, ապա, հիշյալ փաստաթղթերի ստորագրումից (հոկտեմբերի 10) հետո, այն քննարկման ու խիստ քննադատության առարկա դարձրեց  Հայ ազգային կոնգրեսի ակտիվի՝ նոյեմբերի 11-ին ժողովում։

(Ծթ. Այն, որ սեպտեմբերի 18-ի հանրահավաքում Լեւոն Տեր-Պետրոսյանը ասաց, թե չի հայտարարում հաջորդ հանրահավաքի օրը, նաեւ մանրամասն բացատրեց, թե ինչու —  եւ դա ոչ մի կապ չուներ Հայ-թուրքական արձանագրությունների հետ)։

 

***

«Ի վերջո որտե՞ղ է ջրբաժանը» հարցի պատասխանը Բ. Եսայանը, «ի վերջո», «բանաձեւում է» այսպես.

«Ավելի քան հարյուր տարի առաջ հայ իրականության մեջ սկսված ազգային և ապազգային գաղափարախոսությունների միջև պայքարն է հենց այն ջրբաժանը, որը որոշելու է, թե ո՞ր ուղղությամբ է զարգանալու մեր պետականությունն ու ի՞նչ երկիր ենք թողնելու մենք ապագա սերունդներին»։

Գաղափարախոսական այս «բանաձեւում» ընդգծված հանգուցային բառերը համարժեք քաղաքական հասկացություններով փոխարինելու դեպքում կստացվի որ, այդ ջրբաժանի՝

-         մի կողմում՝  «ազգային» — հայդատականությունն է՝ դաշնակցական տարբերակով (ինչը նա կոչում է «ազգային գաղափարախոսություն,  «ազգային բեւեռ»։

-         մյուս կողմում՝ «ապազգային» — այն ամենը, ինչ դուրս է դրանից։

Նախ՝ առաջինի մասին.

Քաղաքական որեւէ գաղափար կամ ուժ գնահատվում է ոչ թե իր հռչակած կարգախոսների գեղեցկությամբ ու արտաքին փայլով, այլ միմիայն գործնական քաղաքականության մեջ գրանցած քաղաքական արդյունքով (վաղուց այդպես է աշխարհում, մենք չենք հորինել)։ Պատմության ընթացքում «ազգային գաղափարախոսություն - հայդատականությունը» գործնական քաղաքականության հիմքում առաջին անգամ դրվել է շուրջ 30 տարի՝ 1890-1920 թվականներին։ ՀՅԴ քաղաքական պատասխանատվության այդ շրջանում արձանագրված քաղաքական արդյունքները մենք չենք թվարկի, կնշենք միայն երկու փաստաթուղթ, որոնք ցույց են տալիս, թե «որ ուղղությամբ զարգացավ պետականությունը», եւ դրա հետեւանքով «ինչ երկիր թողնվեց ապագա սերունդներին».

Առաջինը՝ ՀՅԴ կնքած Ալեքսանդրապոլի պայմանագիրն է. դրանով Առաջին հանրապետության իշխանությանը տրված Արեւելյան Հայաստանի շուրջ 60 հազար ք/կմ տարածքից կորսվեց կեսը։

Երկրորդը ՀՅԴ կարկառուն գործիչ, Առաջին հանրապետության հիմնադիր-վարչապետ Հովհաննես Քաջազնունու «Դաշնակցությունը անելիք չունի այլեւս» աշխատությունն է (այն 1923թ. նրա զեկուցագիրն է՝ ուղղված ՀՅԴ խորհրդաժողովին)։

Նոր ժամանակներում, ըստ Բ. Եսայանի, այդ գաղափարախոսությունը գործնական քաղաքականության հիմքում է դրվել Ռոբերտ Քոչարյանի իշխանավարման տասը տարիներին, եւ ՀՅԴ-ն եղել է այդ իշխանության անբաժան մասը։ Այն գործնական քաղաքականության հիմքում է եղել նաեւ հաջորդ՝ Սերժ Սարգսյանի 10-ամյա իշխանության շրջանում՝ չհաշված վերջինիս, ինչպես հեղինակն է ձեւակերպում, «ազգային օպորտունիզմի» շրջանը, եւ ՀՅԴ-ն նույն չափով եղել է նաեւ նրա իշխանության մասը։

 Այս քսանամյակի քաղաքական արդյունքների մասին էլ չենք խոսի, քանզի, ինչպես ասում են, ներկա սերունդը ապրել է այդ երկու «ազգային գործիչների» օրոք եւ ունի իր կայուն պատկերացումները։

Հիմա երկրորդի մասին.

«Ջրբաժանի» մյուս կողմում՝ «ապազգային» որակման տակ, ինչպես ասացինք, այն ամենն է, ինչը դուրս է Դաշնակցական հայդատականությունից՝ սկսած բոլշեւիկյան մարքսիզմ-լենինիզմից մինչեւ ՀՀՇ-ական լիբերալիզմը։

Բոլշեւիկներին մի կողմ թողնենք՝ ասելով միայն, որ նրանք կարողացան ՀՅԴ-ից իրենց ժառանգած երկիրը առանց տարածքային կորուստների փոխանցել հաջորդ քաղաքական ուժին՝ ՀՀՇ-ին։

Նոր ժամանակների համար, քաղաքական ջրբաժանի «ապազգային» կողմում, ըստ ՀՅԴ անդամ Բ. Եսայանի, Լեւոն Տեր-Պետրոսյանի գլխավորած քաղաքական ուժն է՝ Հայոց Համազգային Շարժում - Հայ ազգային կոնգրեսը։ Այս ուժի քաղաքական պատասխանատվության շրջանը 1988-1998 թվականների տասնամյակն է։ Այդ շրջանում «ազգային բեւեռ»-«ազգային գաղափարախոսություն»-հայդատականություն» կոչվող երեւույթը, այո, մղվել էր լուսանցք։ 10-ամյա այդ շրջանում «ապազգային» այդ ուժի գրանցած քաղաքական արդյունքները նույնպես մանրամասն չենք թվարկի՝ հայտնի են։ Նշենք միայն առարկայական երեւացողը.«ապազգային» այդ իշխանությունն իր ժառանգած 29.000 կմ/քառ. երկիրը 1998-ին հաջորդ իշխանությանը փոխանցեց 45.000 կմ/քառ. տարածքով։

Այո, լավ բան չի ստացվում, երբ «գաղափարախոսական» բանաձեւում ոչ քաղաքական հասկացությունները փոխարինվում են համարժեք քաղաքական հասկացություններով.

Ստացվում է, որ «ազգային» հայդատականության խնդիրները լուծվում են, երբ այն լուսանցք է մղվում, եւ գործնական քաղաքականության հիմքում դրվում է «ապազգային» մտածողությունը, որ այս դեպքում, իր արդյունքներով, համարժեք է քաղաքական եւ պետական մտածողությանը։

 

***

Մնում է մի տեսական-գործնական հարց. պատմությունը այն է, երբ գրում ես՝ ինչ ուզո՞ւմ ես, թե՞ այն՝ երբ գրում ես՝ ինչ եղել է։

Այստեղ էլ ջրբաժանի խնդիր է.

Այս ջրբաժանի մի կողմում պատմագրելու հայդատական մեթոդն է՝ Պատմությունը այն է, երբ գրում ես այն, ինչ ուզում ես։

Սա, այլ խոսքով, կոչվում է պատմության կեղծում, խեղաթյուրում։

Ջրբաժանի մյուս կողմում դրա ճիշտ հակառակն է՝ Պատմությունը այն է, երբ գրում ես՝ ինչ եղել է։

Սա էլ այն է, ինչին հետամուտ է պատմական գիտությունը։

(Երկու դեպքում էլ՝ դա մեր կարծիքը չէ, այդպես է ընդունված գիտական աշխարհում)։

Այս ջրբաժանն է, ահա, որի ակնառու ցուցադրման եւ հայդատական պատմագրության մասին «ճաշակ» տալու համար, որպես դիդակտիկ նյութ, ուշադրության արժանի էր ՀՅԴ անդամ Բ. Եսայանի սույն հոդվածը. այն հայդատական պատմագրության, որի մասին, որպես ազգային խայտառակության, վերջերս ահազանգեց Լեւոն Տեր-Պետրոսյանը՝ «Հայոց պատմության» դասագրքերի չափորոշիչների հետ կապված բանավեճի առիթով։ 

-------------------------

Հ. Գ.. Հարցերը կարող էին լինել ոչ թե 19-ը, այլ տասնապատիկ ավելին։ Բայց դրանից լրացուցիչ չէր շահի ո՛չ ընթերցողը, ո՛չ, ՀՅԴ անդամ Բագրատ Եսայանը, ո՛չ, առավել եւս, հայդատական պատմագրությունը...