24.08.2020 14:45

Շնորհավորանք Լևոն Տեր-Պետրոսյանին՝ «Հայաստանի անկախության հռչակագրի» 30-ամյակի առթիվ

Շնորհավորանք Լևոն Տեր-Պետրոսյանին՝ «Հայաստանի անկախության հռչակագրի» 30-ամյակի առթիվ

«Մեծարգո պարոն նախագահ Հայաստանի Հանրապետության, շնորհավորում եմ Հայաստանի անկախության հռչակագրի ընդունման 30-ամյակի առթիվ։ Հայաստանի Անկախության Հռչակագրով մեր ժողովուրդը ազդարարեց Հայաստանի պետականության վերականգման անշրջելիությունը։ Ինչպիսի ոգեւորություն էր տիրում ամբողջ երկրում, ինչը միաժամանակ զուգորդված էր գրագետ, վերլուծական ու իմաստուն գործողություններով։ Վստահաբար կարող ենք ասել, որ 88-ին սկիզբ առած շարժումը մեր ժողովրդի հավաքական իմաստության դրսեւորման գագաթնակետն էր։ Նա ոչ միայն ճշգրտորեն հետեւում էր Շարժման առաջնորդների առաջարկած ծրագրին, այլեւ յուրաքանչյուրն ինքնիրեն էր այդպիսի մտածողության կրող համարում։

Պարոն նախագահ, չնսեմացնելով Ղարաբաղ կոմիտեի մյուս անդամների եւ էլի շատ ու շատ անհատների ներդրումը Հայաստանի անկախացման ու Ղարաբաղի ազատագրման գործընթացում, թույլ տվեք ինձ կրկին կարեւորել անձամբ Ձեր դերակատարությունը այդ պատմական ժամանակաշրջանում եւ կրկին շնորհավորել Ձեզ Հայաստանի Հանրապետության Անկախության Հռչակագրի ընդունման 30- ամյակի կապակցությամբ»։

Մանուշակ Պետրոսյան

«Հայաստան» համահայկական հիմնադրամի առաջին գործադիր տնօրեն