24.08.2020 17:47

Աբսուրդն` իրականություն

Աբսուրդն` իրականություն

Ռոբերտ Քոչարյանը դատի է տվել Հայաստանի Հանրապետությանը՝ ի դեմս ֆինանսների նախարարության: Նա պահանջում է հաստատել իրավունքի խախտումը եւ Հայաստանի Հանրապետությունից՝ հօգուտ իրեն, որպես ոչ նյութական վնասի հատուցում՝ 2 մլն դրամ բռնագանձել: 

Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանը հայտարարել է, որ հայցի պատճառն այն է, որ մարտի 10-ին, «երբ Ռոբերտ Քոչարյանն առողջական խնդրի պատճառով գտնվում էր հիվանդանոցում եւ չէր կարող ներկայանալ Մարտի 1-ի գործով նիստին, դատավոր Աննա Դանիբեկյանը դռնբաց դատական նիստի ընթացքում, առանց պաշտպանական կողմի կարծիքը լսելու, հրապարակել է նրա առողջական վիճակի մասին բժշկական գաղտնիք պարունակող տեղեկություններ»: Հայցը մակագրվել է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արմենուհի Բադիրյանին:
Արմենուհի Բադիրյանը Հայկ Ալումյանի կինն է: 

Դուք զարմանո՞ւմ եք՝ կարդալով այս նախադասությունները, գրվածը ձեզ աբսո՞ւրդ է թվում: Բայց սա աբսուրդ չէ, իրականություն է: Ճիշտ այնպես, ինչպես երկու տարի առաջ աբսուրդ կթվար այն, որ առողջական խնդիրների պատճառով Քոչարյանի խափանման միջոցը  կփոխեն, ինչից անմիջապես հետո նա կգնա Սեւանում «սկուտեր քշելու» կամ էլ հեծանիվ: Մինչ այդ էլ անհավատալի կթվար այն, որ Քոչարյանի փաստաբանները անընդհատ կարող են ձգձգել Մարտի մեկի բուն դատավարության մեկնարկը` անվերջանալի ու կրկվող միջնորդություններով: Մինչ այդ զարմանալի կթվար, որ նրանք գնալով ավելի ու ավելի հանդուգն պահվածք կարող են որդեգրել՝ քարոզչական բոլոր միջոցներով պաշտպանությունից անցնելով հարձակման եւ անգամ հատելով բոլոր կարմիր գծերն ու բացահայտ ծաղրի ենթարկելով տուժածներին կամ զոհերի հարազատներին: Զարմանալ կթվար այն ժամանակ, որ Քոչարյանի պաշտպանական թիմը կարող է փորձել խափանել դատավարությունը Սահմանադրական դատարանի միջոցով: Զարմանալի կլիներ ժամանակին:

Իսկ հետո այդ ամենը դարձավ սովորական լրահոս: Այդ ամենին անընդհատ ականատես ենք լինում եւ էլ չենք զարմանում:

Հիմա էլ այս լուրը գուցե զարմանալի է, բայց սովորական կդառնա: Երբ է՛լ ավելի աբսուրդ նորություններ լսենք, այն, ինչ դեռ այսօր զարմանալի կարող է թվալ, վաղը կարող է եւ իրականություն դառնալ:

Ինչո՞ւ:

Որովհետեւ տեսնում ենք, որ սրանց հանդգնությունն ահագնանում է, եւ ինչպես որ ժամանակին իրենց անպատժելի էին զգում իշխանության եղած ժամանակ, նույնքան անպատժելի են զգում իրենց հիմա, երբ հայտարարում են, թե «ընդդիմություն են»:

Այո, հանդուգն են պահում իրենց` բացահայտ ձեռնոց նետելով հանրությանը: Որովհետեւ ձեւը գտել են: Որովհետեւ եթե մի հանդուգն քայլ անում ու պատասխան չեն ստանում, անում են հաջորդ` ավելի հանդուգն քայլը: Որովհետեւ տեսնում են, որ իշխանությունը չի ազդում մարտիմեկյան դատավարության վրա, այսինքն՝ անում է այն, ինչ ամրագրված է օրենքով, բայց եւ չի անում ամրագրվածի շարունակությունը, այն է՝ որ իշխանությունը ոչ միայն ինքը չպիտի ներազդի դատարանների վրա, այլեւ պիտի ապահովի, որ դա չանեն այլ անձինք ևս:

Իսկ իրենք լավ էլ ներազդում են, որովհետեւ տեսնում են, որ իրենց դեմը չի առնվում: Դրա համար էլ դատի են տալիս պետությանը: Եւ կշարունակեն այս հանդգնությունը այնքան ժամանակ, քանի դեռ իշխանությունը չի սթափվել եւ չի կատարել իր բուն պարտականությունները` դատարաններին զերծ պահել կողմնակի ազդեցություններից, իսկ ներազդողներին էլ խստագույն պատժի արժանացնել:

 

Արսեն Օհանյան