25.08.2020 17:03

Լիզա Ճաղարյան. Գլխացավանքներից պրծնելու ամենաապահով տեղը ճահիճն է

Լիզա Ճաղարյան. Գլխացավանքներից պրծնելու ամենաապահով տեղը ճահիճն է

Որտեղի՞ց սկսվեց կորոնավիրուսի բռնկումը Հայաստանում։

Էջմիածնի հարսանիքի՞ց։ Ոչ։ Սա փոքրիկ օջախ էր, որի տարածումը ՀՀ առողջապահության նախարարությունը կարող էր կասեցնել, եթե չխանգարեին։

Կորոնավիրուսի մագիլները բացվեցին արտակարգ դրություն հայտարարելուց անմիջապես հետո։ Ինչո՞ւ։ Որովհետեւ կույր չէինք, բոլորս էլ տեսանք, որ Պարետատուն կոչեցյալը միմիայն հանդիսավոր հայտարարեց արտակարգ դրություն հաստատելու մասին, բայց առաջին շաբաթները զբաղված էր զանգվածային տեսարանների անհաջող բեմադրմամբ, իսկ օրենքը խախտողների նկատմամբ պատժամիջոցներն անգործությունից հորանջում էին կուլիսների հետեւում։

Այն ժամանակ էլ էին «ընդդիմադիր» լրատվամիջոցների հարվածների թիրախում առողջապահության նախարարն ու բժիշկները, չնայած անմեղսունակին էլ է հասկանալի, որ փողոցներում, սուպերմարկետներում ու զանազան–զարմանազան ժամանցի վայրերում կարգուկանոն հաստատելը առողջապահության նախարարության լուծելիք խնդիրը չէր եւ չէ։ Այս մարդկանց խնդիրը վարակակիրների բուժումն էր եւ է, ինչն էլ անում էին եւ անում են բազմաթիվ զարգացած պետություններից անհամեմատ ավելի լավ։

Հետո, երբ արդեն գրեթե անկառավարելի վիճակ էր ստեղծվել, այս նույն Պարետատունը մեկ էլ հանկարծ որոշեց իր իսկ հայտարարած միջոցները գործի գցել։ Լավ, թե վատ, բայց  ասենք` լավ է ուշ, քան երբեք։ Սակայն, ասելուց հետո էլ է գլխավոր հարցը շարունակում մնալ օդից կախված` արտակարգ դրություն հայտարարելուց հետո` շաբաթներ շարունակ ինչո՞ւ գործի չդրվեցին այդ պահանջներն ու համապատասխան պատիժները։ Ինչո՞ւ էր պարոն վարչապետը առիթ–անառիթ Հայաստանի «հպարտ քաղաքացիներին» բացահայտ ակնարկում, որ դե` գրո՛ւմ են, որ տուգանելու են, բայց հո իրականում չե՞ն տուգանելու։ Այսինքն թե` մենք թավշյա ենք, հանգիստ շնչեք իրար բերանների մեջ ու վարակվեք, բա մենք է՞դ թավիշն ենք, որ մեր «հպարտ» քաղաքացիների ջեբը մտնենք։

Դրան զուգահեռ` առողջապահության նախարարությունը ճռռում էր ահավոր բեռան տակ, բժիշկներն ու բուժաշխատողներն ամիսներով բանտարկված էին վարակակիրների հետ միասին, «ընդդիմադիր» մամուլը հոշոտում էր Արսեն Թորոսյանին, բուժումից դժգոհ կամ հանուն ինչ–որ շահի դժգոհող մեկ–երկու պացիենտ էր հայտնաբերում եւ աղաղակում դրա մասին, ու ոչ մի քաջալերող խոսք բժիշկների հասցեին, Արսեն Թորոսյանի հասցեին` առավել եւս։

Իսկ վարչապետը հրապարակավ իր երախտագիտությունն էր հայտնում պարետ Ավինյանին` աննկարագրելի լավ աշխատելու համար։

Զարմանալիորեն (այլեւս զարմանալի չէ), «ընդդիմադիր» լրատվամիջոցներն այս հարցում համերաշխ էին պարոն վարչապետի հետ։ Կրկին հարվածի տակ առողջապահության նախարարն ու բուժաշխատողներն էին, իսկ պարետ Ավինյանն անձեռնմխելի էր ու անքննելի։

Թե ինչու են ռոբամիշիկական ԶԼՄ–ները թույն արտաշնչում Արսեն Թորոսյանի նկատմամբ, ոչ մի տարօրինակ բան չկա։ Այս նախարարը համարձակվել է քսան տարվա ճահիճը խառնել, եւ այդ ճահճի «տուժողներից» մեկն իրենց ծնող–սնող Միշիկի հայրիկն էր։

Իսկ թե ինչու էին եւ ինչու են ՀՀ կառավարությունն ու ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամների մեծ մասը ձեռքերը շփելով սպասում, թե երբ են ազատվելու դժվարամարս եւ համառ Արսեն Թորոսյանից, սրա պատասխանն էլ կամաց–կամաց հասկացել ենք արդեն։

Որովհետեւ կյանքը ցույց տվեց, որ հեղափոխական իշխանություններին էլ է սկսել դուր գալ ճահճի գարշահոտը։

Եվ այսպես դանդաղ ու հետեւողականորեն չեզոքացնելու են նրանց, ովքեր միամտորեն դեռ հիշեցնելու թույլ փորձեր են անում, թե ինչո՛ւ արվեց 2018–ի հեղափոխությունը։