26.08.2020 09:00

Օնլայն Օլիմպիադա․ Փլեյ-օֆֆում Հայաստանի թիմի մրցակիցը Հունաստանն է

Օնլայն Օլիմպիադա․ Փլեյ-օֆֆում Հայաստանի թիմի մրցակիցը Հունաստանն է

Շախմատային օնլայն Օլիմպիադայի (ՖԻԴԵ) փլեյ-օֆֆում Հայաստանի հավաքականի մրցակիցը կլինի Հունաստանի թիմը, որը ուժեղագույնների դիվիզիոնի D ենթախմբում գրավել է երկրորդ տեղը, հաղորդում է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։  Հայաստանի հավաքականը C ենթախմբում զբաղեցրել էր երրորդ տեղը։ Հաղթողը կնվաճի քառորդ եզրափակիչի ուղեգիր։ Մրցախաղը տեղի կունենա օգոստոսի 27-ին։

Ենթախմբերի հաղթողը նվաճել են քառորդ եզրափակիչի ուղեգիր, իսկ երկրորդ եւ երրորդ տեղերը գրաված թիմերը՝ փլեյ-օֆֆի նախնական փուլին մասնակցելու իրավունք։

Հիշեցնենք, որ խմբային փուլի առաջին տուրում Հայաստանի թիմը 4։2 հաշվով հաղթել էր ռումինացիներին, երկրորդ տուրում 2,5։3,5 հաշվով պարտվել բուլղարացիներին, երրորդ տուրում 4,5։1,5 պարտության մատնել Թուրքիայի հավաքականին, չորրորդ տուրում 4,5։1,5 հաշվով հաղթել խորվաթներին, 5-րդ տուրում ոչ մի շանս չտվել Ալժիրի թիմին՝ 6։0, 6-րդ տուրում Մարոկկոյին՝ 6։0, 7-րդ տուրում 2,5։3,5 հաշվով պարտվել անգլիացիներին, 8-րդ տուրում՝ Ռուսաստանին (2,5։3,5), 9-րդ տուրում 5։1 հաշվով հաղթել Եգիպտոսին։