26.08.2020 16:32

Բելառուս․ Ձերբակալություններ և հարցաքննություններ

Բելառուս․ Ձերբակալություններ և հարցաքննություններ

Մինսկի դատարանում երեկ քննվել է Մինսկի տրակտորի գործարանի գործադուլային կոմիտեի առաջնորդ  և ընդդիմության Համակարգող խորհրդի նախագահության անդամ Սերգեյ Դիլևսկու գործը։

Դիլևսկին ձերբակալվել է կիրակի օրը, գործարանի անցակետում, ինչպես ասվել է՝ «վարչական վարույթի շրջանակներում»։ Դատարանը նրան դատապարտել է տասն օրվա կալանքի՝ «չարտոնված ակցիա կազմակերպելու» մեղադրանքով։ Նույնպիսի պատիժ է ստացել նաև Համակարգող խորհրդի մյուս անդամը՝ Օլգա Կովալկովան։

Նույն ժամանակ Քննչական կոմիտեում հարցաքննության է ենթարկվել Համակարգող խորհրդի նախագահության ևս մեկ անդամ՝ Պավել Լատուշկոն։ Քննիչների մոտ նա անցկացրել է 3 ու կես ժամ, որից հետո նրան բաց են թողել՝ նախապես չհրապարակելու վերաբերյալ ստորագրութուն վերցնելով նրանից։

Այնուամենայնիվ, նա որոշ բաներ ասել է ՔԿ-ի մոտ հավաքված լրագրողներին։

«Իհարկե, ուժային կառույցների կողմից այս հետապնդումները և հեռուստատեսությամբ տարվող քարոզչությունը բարոյապես ազդում են Համակարգող խորհրդի անդամների վրա։ Ճնշումն արվում է, առաջին հերթին, նախագահության անդամների վրա, բոլոր յոթ անդամները կանչվել են ՔԿ, երկուսը կալանավորվել են։ ․․․Բայց այլ ելք չկա, քան այս իրավիճակից երկխոսության միջոցով դուրս գալը»։

Չորեքշաբթի Քննչական կոմիտե պետք է ներկայանա գրականության Նոբելյան մրցանակակիր Սվետլանա Ալեքսիևիչը, որը առողջական նկատառումներով առայժմ չի մասնակցել Համակարգող խորհրդի նիստերին։

Փոխանցում է BBC-ն։