26.08.2020 17:35

Ո՜վ էլ խոսի

Ո՜վ էլ խոսի

2018-ի հեղափոխությունից գրեթե անմիջապես հետո եւ առայսօր քոչարյանասերժական նախկին ռեժիմի ներկայացուցիչներն ու նրանց հարակից քարոզիչները կարմիր թելի պես մի հիմնական քարոզչական թեզ են առաջ տանում: Այն է` իշխանությունները փորձում են մոռացության մատնել մինչեւ 2018 թվականը եղած ձեռքբերումները, մինչեւ 2018 թվականն ինչ եղել է՝ ներկայացնում են բացասական լույսի ներքո, սեւացնում են այն, իսկ ինչ լավ բան կատարվել է նախկինում, ներկայացնում են որպես նոր բան եւ վերագրում իրենց:

Այս միտքը տարբեր շեշտադրումներով շրջանառում են նախորդների գրեթե բոլոր ներկայացուցիչները, ինչն էլ հենց ամենամեծ զավեշտն է:

Մի կողմ թողնենք անգամ այն, թե այս քարոզչական թեզում արդյո՞ք ճշմարտության հատիկ կա՝ ինչն է ճիշտ, ինչն է սխալ: Զավեշտը ոչ թե կամ ոչ այնքան միտքն է, որքան այն, թե ովքեր են հնչեցնում:

Իսկ զավեշտ է, որովհետեւ նման բան հայտարարում են մարդիկ, որոնք 1998 թվականին Հայաստանում իշխանություն զավթելուց հետո բառացիորեն արել են այն ամենը, ինչում մեղադրում են այսօրվա իշխանություններին:

Նախորդ տարիները սեւացնելուց են խոսում մարդիկ, որոնց հիմնական գործը, 1998 թվականից սկսած՝ եղել է բոլոր հնարավոր միջոցներով (հեռուստաընկերություններ, այլ ԶԼՄ-ներ, գրքեր, դասագրքեր եւ այլն) անկախության առաջին տարիների դեմ լկտի հակաքարոզչությունը: Այսօր «պատմությունը սեւացնելուց» բողոքող նախկին իշխանության ցանկացած ներկայացուցիչ ավելի լավ է՝ թող վերանայի Հանրային հեռուստաընկերությամբ իրենց օրոք հեռարձակված ցանկացած լրատվական թողարկում եւ թուղթ ու գրիչով դուրս գրի այն լկտի բառապաշարը, որով իշխանական քարոզչամեքենան պիտակավորում էր անկախության առաջին տարիներն ու այդ շրջանում իշխանության եղած մարդկանց: Թող դուրս գրի, ամեն օր բարձրաձայն կարդա ու դեռ մի բան էլ ուրախանա, որ այսօր իրենց այդ բառապաշարով չեն հիշատակում Հ1-ով: Թեեւ արժանի են առավել քան:

Պատմությունը խեղաթյուրելուց բողոքում են մարդիկ, ովքեր դպրոցական եւ բուհական պատմության դասագրքերը ձեւում էին ըստ սեփական քաղաքական հայեցողության, եւ իրադարձություների զուտ փաստական նկարագրության փոխարեն` պատմության դասագրքեր էին խոթում մեր աչքի առաջ տեղի ունեցած ցանկացած իրադարձության՝ ռոբասերժական մամուլի տեսակետները:

Բողոքում են, թե իրենց առանց ապացույցների պիտակավորում են` է՛լ թալանչիներ, է՛լ կոռուպցիոներներ: Եւ դա ասում են մարդիկ, որոնցից յուրաքանչյուրը առնվազն երկու պարկ քրեական գործ կարող է շալակել, եթե այսօր իրավապահները եւ դատական համակարգը լավ աշխատեն, դա ասում են մարդիկ, ովքեր 1998 թվականից հետո, մեղմ ասած, շատ խիստ ջանացել էին իրենցից առաջ եղած իշխանության հասցեին իրենց կողմից հնչեցվող մառազմատիկ մեղադրանքներին գոնե քիչ թե շատ հիմնավորումներ տալու համար, ստուգում եւ վերստուգում էին քաղաքական իշխանության գործունեությունը, եւ իրավական ոչինչ չգտնելով` ստիպված շարունակում էին զուտ քարոզչական մառազմի հույսին մնալ:

Լավ բաները, հաղթանակները ուրանալու կամ դրանք իրենց վերագրելու հարցում իշխանություններից այսօր բողոքում են մարդիկ, ովքեր անկախ Հայաստանի պատմության ամենամեծ հանցանքներից մեկն են գործել` բառացիորեն խեղել են Արցախյան պատերազմի պատմությունը, մարդիկ, որոնք մոգոնել են լկտի ստեր:

 

Իսկ ընդհանրապես, նախկին իշխանությունները լավ կանեին՝ լռեին, կամ հատուկ գորովանքով արտահայտվեին ներկա իշխանությունների հասցեին, որ վերջինս մատը մատին չի տալիս այդ կեղծիքներից մեր պատմությունը մաքրելու ուղղությամբ: Ով էլ խոսի, ով էլ բողոքի ներկայիս իշխանություններից, ով էլ հիմնավոր մեղադրանքներ անգամ հնչեցնի, նախկինները պետք է լռեն: Կամ հենց խոսելու ցանկություն ունենան` հիշեն իրենց պաշտոնավարման տարիները:

Արսեն Օհանյան