27.08.2020 13:31

Սվետլանա Ալեքսիևիչ․ «Հիմա Լուկաշենկոն միայն Պուտինի հետ է խոսում»

Սվետլանա Ալեքսիևիչ․ «Հիմա Լուկաշենկոն միայն Պուտինի հետ է խոսում»

Գրականության Նոբելյան մրցանակի դափնեկիր, Բելառուսի ընդդիմության Համակարգող խորհրդի անդամ Սվետլանա Ալեքսիևիչը կանչվել էր Քննչական կոմիտե հարցաքննության։

Հարցաքննությունից հետո գրողը զրուցել է լրագրողների հետ։

«Այն ամենը, ինչ մենք արել ենք, բնականաբար՝ միանգամայն օրինական է, ավելին՝ դա այսօր շատ անհրաժեշտ է, որովհետև եթե մեզ այդպես մասնատեն, և մենք էլ մասնատվենք, ապա հաստատ կգլորվենք քաղաքացիական պատերազմի մեջ։ Դա շատ վտանգավոր է։ Մեր նպատակն է միայն համախմբել հասարակությունը, օգնել հաղթահարելու քաղաքական ճգնաժամը։ Ոչ մի հեղաշրջման մասին խոսք չի կարող լինել։ Մեր աչքի առաջ բելառուս ազգն է կայանում, բելառուս ժողովուրդը։ Կարծում եմ՝ մեզնից յուրաքանչյուրն այսօր հպարտանում է իր ժողովրդով։ Եթե անկեղծ լինենք՝ այդ զգացողությունը մենք դեռ երեկ չունեինք, իսկ այսօր, երբ տեսնում ենք մարդկանց այդ բազմահազարանոց երթը, նրանց դեմքերը․․․ Եթե տեսնենք, թե ինչ է գրում արևմտյան մամուլը․․․ Բելառուսը, մի տեսակ՝ բրենդ է դարձել, նրանք ճանաչում են բելառուսցի ժողովրդին, նրանց դուր է գալիս, որ ոչ մի գազոն չի տրորվել, ոչ մի ցուցափեղկ չի կոտրվել, և մարդիկ այդքան արժանապատիվ են պահում իրենց։ Մենք պայքարի նոր՝ խաղաղ ձև ենք առաջարկում՝ ինչ որ պահանջվում է այսօր։ Իսկ այն, ինչ տեսանք առաջին երեք օրերին, երբ մարդկանց մսաղացով էին անցկացնում՝ դա անցյալ դար է արդեն։ Մենք պետք է խոսենք իրար հետ, վիճենք։ Մենք տարբեր ենք, բայց մենք մի երկիր ունենք՝ Բելառուսը։

Մենք պետք է հաղթենք մեր ոգով։ Գուցե խաղաղությունը մեզ օգնի, որ Լուկաշենկոն սկսի խոսել որևէ մեկի հետ։ Հիմա նա միայն Պուտինի հետ է խոսում։ Գուցե պետք է Պուտինի հետ էլ սկսենք խոսել, աշխարհի հետ էլ։ Որ Լուկաշենկոն խոսի և հասկանա, որ չի կարելի իր, իր ընտանիքի կյանքը դնել ժողովրդի, նրա ճակատագրի հետ նույն նժարին։ Բայց մենք դեռ այդքան ուժեղ չենք, ուստի մեզ հարկավոր է աշխարհի օգնությունը, գուցե՝ նաև Ռուսաստանի»։

Փոխանցում է BBC-ն։