ՕՄՕՆ-ը Մինսկի կենտրոնական հրապարակում ցրել է Լուկաշենկոյի հակառակորդների ցույցը

ՕՄՕՆ-ը ցրել է նախագահական ընտրությունների արդյունքների կեղծման դեմ Մինսկի Անակախության հրապարակում բողոքի ցույցի մասնակիցներին։
Ինչպես հաղորդել է Tut.by կայքը, չորեքշաբթի երեկոյան հրապարակում հավաքվել է մեկուկես հազարից ավելի մարդ։ Ներքին գործերի նախարարության աշխատակիցները նրանց հորդորել են ցրվել։ Սակայն երեկոյան հրապարակում հայտնվել է ՕՄՕՆ-ը։ ТАСС-ի հաղորդման համաձայն՝ այնտեղ է ժամանել մոտավորապես 10 «ավտոզակ»։ «Երբ ավտոմեքենաները մոտեցել են, ակցիայի մասնակիցներն սկսել են արագ հեռանալ»,- գրում է ТАСС-ի թղթակիցը։
Tut.by-ի տեղեկացմամբ՝ հրապարակում ձերբակալություններ են սկսվել, ականատեսների վկայությամբ՝ ձերբակալվել է առնվազն տասը մարդ։ Ցուցարարներից ոմանք պատսպարվել են հրապարակի Կարմիր եկեղեցու ներսում, իսկ օմօն-ականներն էլ դրսից փակել են եկեղեցու դռները և ոչ մեկին թույլ չեն տվել այնտեղից դուրս գալ։ Euroradio-ի լրագրողը, որը նույնպես եկեղեցում է եղել, տեսագրել է, թե ինչպես է մի աղջիկ փորձում դուրս գալ եկեղեցուց, բայց նրան թույլ չեն տալիս և դրսից դռները արգելափակում են։ Մեկ այլ տեսագրության մեջ մի տղամարդ եկեղեցու ներսից փորձում է խոսել օմօն-ականի հետ՝ «Դուք ընդհանրապես աստծուց վախենում ե՞ք»։ Նա դուռը թակում է, բայց այն այդպես էլ չեն բացում։
Թե քանի հոգի է փակվել եկեղեցու ներսում՝ չի հաղորդվում։
Փոխանցում է BBC-ն։