27.08.2020 17:03

Ռատկո Մլադիչ․ «ՆԱՏՕ-ի և Վատիկանի զոհը»

Ռատկո Մլադիչ․ «ՆԱՏՕ-ի և Վատիկանի զոհը»

«Ես զինվոր եմ, ես պաշտպանել եմ այն երկիրը, որ քանդել են ՆԱՏՕ-ն, Վատիկանը և միջազգային մաֆիան»,- Հաագայում հայտարարել է սերբ գեներալ Ռատկո Մլադիչը, որը ցմահ ազատազրկման է դատապարտվել Բոսնիայի խաղաղ բնակչության զանգվածային ոչնչացման համար։

Չորեքշաբթի ավարտվել են դատավճռի բողոքարկման դատական լսումները։

«Ես սուրբ չեմ, սովորական մարդ եմ, ես դա բազմիցս ասել եմ՝ հավատն ինձ ստիպել է ոտքի կանգնել՝ հայրենիքս պաշտպանելու, որն ավերվել է ՆԱՏՕ-ի ջանքերով, Վատիկանի և միջազգային մաֆիայի օգնությամբ»,- ասել է 78-ամյա գեներալը դատավճռի բողոքարկման երկօրյա լսումներից հետո իր կարճ և խառնափնթոր խոսքում։

Բոսնիացի սերբերի բանակի նախկին հրամանատարը բոսնիացի մուսուլմաններին մեղադրել է, որ նրանք չեն կատարել ապառազմականացված գոտիների վերաբերյալ համաձայնագրերը, որոնց թվում, Մլադիչի խոսքով՝ ընդգրկված էին թե՛ Սրեբրենիցան, թե՛ Սարաևոն՝ քաղաքներ, որոնց խաղաղ բնակչության սպանության համար ինքը դատապարտվել է։

Մլադիչը նախկինում էլ՝ Նախկին Հարավսլավիայի հարցերով միջազգային տրիբունալում  2012-2017 թթ․ դատավարության ժամանակ, ասել է, որ Բոսնիայում իր գործողությունները հարկադրված պատասխան են եղել բոսնիացի մուսուլմանների և խորվաթների զինված կազմավորումների գործողություններին։ Սակայն նրան դատապարտել են ոչ թե հակառակորդի զինվորների սպանության, այլ խաղաղ բնակչության, առաջին հերթին՝ մուսուլմանների ոչնչացման և արտաքսման համար։

Բողոքարկման վերաբերյալ դատավճիռը սպասվում է եկող տարվանից ոչ շուտ։

Փոխանցում է BBC-ն։