27.08.2020 18:00

Լիզա Ճաղարյան. Գնա հարցրո՛ւ, Շո՛ւրա, թե ով էր Քոչարյանը հեղափոխությունից առաջ

Լիզա Ճաղարյան. Գնա հարցրո՛ւ, Շո՛ւրա, թե ով էր Քոչարյանը հեղափոխությունից առաջ

«Երբ բյուջեում չնախատեսված ծախսեր են կատարվում` 120 մլն դոլար պարգեւավճարների ձեւով, դա այլ բան, քան ուղղակի բացահայտ կոռուպցիա, դժվար է որակել»։

Ուշադի՞ր կարդացիք։ Մի անգամ էլ կարդացեք։ Ես, օրինակ, չորս անգամ կարդացի էս նախադասությունը։ Ճիշտն ու սխալը չէր, որ ուզում էի զանազանել. տվյալ դեպքում ինձ հետաքրքրողն այլ բան էր։ Թե` ասո՛ղն ով է։

Ամուր նստեք աթոռներին։

Ասողը Քոչարյան Ռոբերտն է։ Ամբաստանյա՛լ Քոչարյան Ռոբերտը։

Իսկ ո՞վ էր այս ամբաստանյալը հեղափոխությունից առաջ։

Կիեւ գնալու կարիք չկա, Շո՛ւրա, պարզելու համար, թե ով էր Քոչարյանը հեղափոխությունից առաջ։ Ընդամենը թեթեւակի կնճռոտիր քո հպարտ ճակատը եւ հիշիր, Շո՛ւրա. նա մի համեստ պարտկոմ էր գավառական քաղաքի գավառական կոմբինատում, որ մի օր էլ արթնացավ ու տեսավ`փադիշահ է դարձել։ Ոչ ավել–ոչ պակաս. Չախ–չախ թագավորը ղալաթ կաներ, կփորձեր ոտ մեկնել ամբաստանյալ «պարտկոմի» հետ։ Աջ ես նայում, Շո՛ւրա, ամբաստանյալի «Գոլդեն փալաս» հյուրանոցն է աչքով անում, ձախ ես նայում` «Կոնգրես» հյուրանոցն է ծիկրակում, հեռուներից Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն է ձեռով անում, փադիշահի հսկայական հողատարածքներն սկիզբ ունեն ու վերջ չունեն, տասը շենքից առնվազն երկուսի վրա մատդ դնես` փադիշահինն են։ Դե, Աստված տվել` չի խնայել, զավակներն էլ մեկը մյուսից տաղանդավոր բիզնեսմեն, Շո՛ւրա, հո քո զավակների նման անճարի մեկը չեն, մի–մի փադիշահիկներ էլ իրենք դարձան, ու քանի որ շատ դաստիարակված զավակներ են, փադիշահի պես էին պահում իրենց համեստ, «կոռուպցիա» բառը լսելիս մինչեւ ականջակոթերը կաս–կարմիր կտրող հայրիկին։ Տանում էին աշխարհ տեսնելու` որտեղ որ մատը կդներ իրենց թանկագին հայրիկը, ուղեկցում էին նրան աֆրիկաներում, որ հանկարծ սպանված ու չսպանված առյուծներին չշփոթի իրար հետ։ Հեծնելի՛ս։ Ձեռքը բռնում էին ու տանում Հունաստանի գողտրիկ կղզիներում մաքուր օդ շնչելու։ Ինքն էլ դե՛, Շո՛ւրա, իրենցից պակաս հայրիկ չէր, ինքն էլ ճղոպուրի միջուկի պես էր պահում իր սիրասուն ընտանիքին։

Չէ՛, Շո՛ւրա, ինքը գաղափար չուներ, թե ոնց էր պատահում, որ կիսաքաղց Հայաստանի պայմաններում իր սիրասուն որդին մոսկովյան զվարճանքի վայրերում կարողանում էր 2000 դոլարանոց շամպայն տրաքացնել։ Չգիտե՛ր, Շո՛ւրա, չե՞ս հավատում, ինքը ոչ մի կապ չուներ այդ ամենի հետ։ Ինքը շատ զբաղված էր. հանուն «գերակա շահի» մարդկանց հանում եւ դուրս էր շպրտում իրենց տներից, ասֆալտ էր անում, այնպիսի ասֆալտ, որ խայտառակ ալան–թալանից սահմռկած Լինսի հիմնադրամը Հայաստանից հեռացավ` այլեւս երբեք այս երկիր ոտք չդնելու հաստատակամությամբ, Շո՛ւրա։ Ինքը գործարանների ու երշիկի արտադրամասերի ժապավեններ էր կտրում, եւ իր հեռանալուց հետո Հայաստանի հպարտ քաղաքացիները կողպեքը կախում էին այդ գործարանի ու այդ երշիկի արտադրամասի դռների վրա ու գնում խոպան։

Ինքը, Շո՛ւրա, էն «միակ տղամարդ» Քոչարյան Ռոբերտն է, էն որ` իրեն անհաճո ձեւով բարեւողներին զուգարաններում «անզգույշ քաշքշել» էր տալիս։ Հենց այն «վոինն» է, որ Հայաստանի քաղաքացիների դեմ բանակ հանելուց եւ Երեւանի կենտրոնն արյան ծով դարձնելուց հետո հիմա ոչ թե բանտախցում սպասում է իր արդար դատավճռին, այլ սեւաններում սկուտեր է քշում, հետո պարբերաբար գլխին է հավաքում նախապես համաձայնեցրած հարցեր տվող «մենքումերոնք» հլու լրագրողների ու դատողություններ անում «կոռուպցիոն» պարգեւավճարների մասին։ Դե՛, որտեղի՞ց էս նորերին էնքան խելք, Շո՛ւրա, որ ժողովրդից թալանած փողերը ծրարների մեջ դրած` «մթության քողի տակ» հղփացածների իրենց ոհմակի գրպանները խցկեն։

Եվ ո՞նց պատահեց, որ անպատժելիության զգացումից այնքա՛ն ամբարտավանացավ գլխավոր ամբաստանյալը, Շո՛ւրա, որ հիմա էլ հոխորտում է, որ «արդար» դատարանի միջոցով հետ է ստանալու իր նույնքան «արդար քրտինքով վաստակած» թալանը։

Ես չգիտեմ, Շո՛ւրա։ Գնա՛ Հանրապետության հրապարակի ՀՀ կառավարության շենքի մոտ հերթապահիր ու քեզ պատահած ՀՀ կառավարության անդամներին հարցրու։ Չէ՛, ավելի լավ է այդ նույն կառավարության առաջին դեմքին հարցնես, Շո՛ւրա։

Իսկ մինչ այդ, Շո՛ւրա, Հայաստանի հպարտ քաղաքացիներս զարմանքից չռված աչքերով կսպասենք, թե ե՛րբ է Քոչարյան Ռոբերտը հարցազրույց տալու մարդասիրության, բարության, ժուժկալության եւ առհասարակ բարոյականության մասին։

Դիմա՛կ հագիր, Շո՛ւրա։