28.08.2020 12:01

Պուտինը պատրաստ է Ռուսաստանից ուժայիններ ուղարկել Բելառուս

Պուտինը պատրաստ է Ռուսաստանից ուժայիններ ուղարկել Բելառուս

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ որոշակի հանգամանքների դեպքում Ռուսաստանից Բելառուս կարող են ուղարկվել իրավապահ մարմինների աշխատակիցներ՝ անկարգությունները դադարեցնելու համար։

Պուտինը հայտարարել է, որ նման խնդրանքով իրեն է դիմել Բելառուսի գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, որի հրաժարականն է պահանջում բելառուսական ընդդիմությունը։

«Ալեքսանդր Գրիգորևիչը ինձ խնդրեց իրավապահ մարմինների աշխատակիցների որոշակի խումբ ձևավորել։ Եվ ես դա արել եմ,- ասել է Պուտինը, ապա հավելել։- Բայց մենք պայմանավորվել ենք, որ այդ ուժերը չեն կիրառվի այնքան ժամանակ, քանի դեռ իրավիճակը վերահսկողությունից դուրս չի եկել»։

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Իենս Սթոլթենբերգը հինգշաբթի օրը բոլոր երկրներին, այդ թվում՝ Ռուսաստանին կոչ է արել՝ չմիջամտել Բելառուսի իրադարձություններին։

Բելառուսի Համակարգող խորհուրդը հայտարարել է Ռուսաստանի կամ մեկ այլ օտար պետության զինված խմբավորումները Բելառուսի տարածքում օգտագործելու անթույլատրելիության մասին։

Ռուսաստանի նախագահը չի ճշտել, թե որ գերատեսչությանն են պատկանում այն ուժայինները, որոնք կարող են ուղարկվել Բելառուս։

 Իսկ դիտորդների կարծիքով՝ այդ հեռանկարը միանգամայն հնարավոր է։

Փոխանցում է BBC-ն։