28.08.2020 16:15

Մեդալ բաժանողների բողոքը

Մեդալ բաժանողների բողոքը

Արդեն որերորդ անգամն է՝ հենց իշխանությունը մեկին պետական պարգեւ է տալիս, որեւէ կոչում կամ մեդալ, նախկիններն ու «պատահականորեն» նրանց բարձրախոսի դերը ստանձնած «անաչառ» քաղաքագետ-վերլուծաբաններն ու մամուլը ընդվզում են:

Վերջին առիթը սփյուռքահայ հայտնի բժիշկ Հագոպ (Հրայր) Հովագուիմիանին ՀՀ Ազգային Հերոսի կոչմանն արժանացնելու մասին որոշումն էր: Մինչ այդ էլ ընդվզում էին, երբ տարբեր մեդալներով վերջերս պարգեւատրվեցին հայաստանա-ադրբեջանական սահմանի Տավուշի հատվածում տեղի ունեցած զինված բախման մասնակից զինծառայողները:

Սերժ Սարգսյանն ասում էր․ «Ցանկալի կլիներ, որպեսզի մեր հանրությունը, այդ թվում՝ նաև ես, մի քիչ ավելի հանգամանորեն տեղեկացված լինեինք, թե հատկապես ո՞ր սխրագործության համար են բոլոր 71 հոգին պագևատրվել կամ պիտի պարգևատրվեն «Մարտական խաչով»: Սա չափազանց կարևոր հանգամանք է, հատկապես ինձ համար»:

Դե, երբ Սարգսյանը հարցեր է ունենում, բնական է, որ նրան ձայնակցում է իր «թիմը», եւ պարզվում է, որ նրանք էլ հարցեր ունեն:

Այսօր էլ արդեն ոչ թե հարցեր, այլ պատասխաններ կան բժիշկ Հովագուիմիանին ՀՀ Ազգային Հերոսի կոչմանն արժանացնելու կապակցությամբ: Պատասխանն էլ ունի լրատվամիջոցներից մեկը: Պարզվում է` «ոչ ոք, անշուշտ, չի մոռացել Հովակիմյանի վաստակը, բայց բժիշկը շքանշանին թերևս արժանանում է մի պարզ պատճառով՝ նա կոնֆլիկտ է ունեցել նախկին իշխանությունների հետ»: Այսինքն, այո, մարդն արժանի է, չեն վիճում, բայց դա ի՞նչ կապ ունի:

Արցախի նախագահն էլ օրերս հայտարարել է, որ Արցախի հերոսի կոչմանը կարժանացնի Արցախի փաստացի առաջին ղեկավարին` Արթուր Մկրտչյանին: Վստահ եղեք, սա էլ մանր շահարկման թեմա կդարձնեն իշխանության կորստից դեպրեսիայի գրկում հայտնված կամ իրենց ձեռքում հայտնված հանկարծահաս գումարներից զարմացած ու գլխապտույտ ստացած «ճ» դասի քաղաքականամերձ գործիչներն ու կասկածելի կենսագրություն ունեցող անձինք, որոնց նախկինում մարդատեղ անգամ դնող չկար: Իսկ քանի որ այսօր նեղության պատճառով մարդատեղ են դրել ու ուղարկել են քարոզչական պատերազմի առաջնագիծ` սրանք շատ լավ հասկանում են, որ պիտանի լինելու համար պիտի ոչ միայն պարզ քարոզչություն անեն նախկինների օգտին, այլեւ ստեն, քծնեն եւ անամոթաբար հատեն բարոյականության բոլոր սահմանները:

Ու վստահաբար, սրանք հենց առաջինները «հարցեր» կհնչեցնեն Արթուր Մկրտչյանի հետ կապված: Ինչո՞ւ: Մի պարզ, շատ տրիվիալ պատճառով․ որովհետեւ խոսքը մի մարդու մասին է, ում նախկին իշխանությունները ձեռի հետ էին հիշում, եթե հիշում էին: Իսկ հիմնականում գերադասում էին չխոսել: Որովհետեւ Քոչարյանը պետք է տարփողի, որ ինքն է Արցախի առաջին ղեկավարը (մարդը առաջինը լինելու մոլուցք ունի), ու որքան Մկրտչյանի անունը քիչ հոլովվի, այնքան ինքը կլինի առաջինը: Ճար ունենար` կասեր՝ նաեւ միակը: Դրա համար էլ նորմալ է, որ ինքը Արցախի հերոս է: Բա ինքը չլինի, ո՞վ լինի:

Եւ կամ պարզ չէ, թե ինչո՞ւ է հանկարծ կոչումների եւ շքանշանների հարցում այդպես բծախնդիր ու պահանջկոտ դարձել Սերժ Սարգսյանը:

Մարդ, որի օրոք կոչումներն ու մեդալները բռերով էին բաժանում: Անհասկանալի է, թե ինչ ծառայությունների դիմաց: Մարդ, որը մեդալները շնորհում էր ոչ միայն «դրսից» եկած ցանկացած մեկի, այլեւ իր աշխատողներին, եւ անգամ` եղբորն ու փեսային: Մարդ, որի օրոք ցանկացած միջին կարգի էստրադային երգիչ մեկ վայրկյանում կարող էր Վաստակավոր արտիստի կոչում ստանալ:

Ու ահա այսօր, պարզվում է, այս մարդիկ բծախնդիր են, սրտացավ են, մեդալներին ու կոչումներին լուրջ են վերաբերվում: Պարզվում է` այս մարդիկ հարցեր ունեն:

Հարցեր կարող ենք ունենալ մենք՝ սովորական քաղաքացիներս: Բայց ոչ հաստատ նրանք, ովքեր ժամանակին աջուձախ այնքան մեդալ էին բաժանել, որ ավելի հեշտ էր հաշվել մեդալ չունեցողներին, քան ունեցողներին:

Արսեն Օհանյան