11.02.2013 16:10

Արման Վեզիրյանն արդարացվեց

Արման Վեզիրյանն արդարացվեց

Շենգավիթ վարչական շրջանի դատարանը երեքշաբթի առավոտյան, դադարեցրեց «Հելսինկյան ասոցիացիա» հասարակական կազմակերպության դիտորդ Արման Վեզիրյանի նկատմամբ քրեական հետապնդումը՝ արդարացնելով նրան։

 Իսկ գործով մյուս մեղադրյալ Տիգրան Մանուկյանին մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով և նրա նկատմամբ նշանակել պատիժ՝ տուգանք 30.000 ՀՀ դրամի չափով:

Նախորդ՝ փետրվարի 4-ի դատական նիստի ժամանակ մեղադրող դատախազը հրաժարվել էր Արման Վեզիրյանին առաջադրված մեղադրանքից՝ հիմնվելով վճռաբեկ դատարանի նախադեպային որոշման վրա: Ըստ այդ որոշման, մեկ հարվածը որպես այլ բռնի գործողություններ որակելը ճիշտ չէ: Հիշեցնենք, որ  քրեական գործի նյութերի համաձայն, դատախազի գնահատմամբ, հիմնավորվել է, որ Արման Վեզիրյանի և Տիգրան Մանուկյանի միջև ծագել է վեճ, որի ժամանակ Վեզիրյանը մեկ անգամ բռունցքով հարվածել է Մանուկյանին, իսկ Մանուկյանը երկու անգամ բռունցքով հարվածել է Վեզիրյանի դեմքին:

Հիմնվելով վերոգրյալի վրա, դատախազը միջնորդել էր դադարեցնել Արման Վեզիրյանի նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ, իսկ Տիգրան Մանուկյանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով և նրա նկատմամբ նշանակել պատիժ՝ տուգանք 30.000 ՀՀ դրամի չափով:

Հիշեցնենք, որ 2012-ի խորհդրարանական ընտրությունների քարոզարշավի շրջանում Արման ՎԵզիրյանն ընդհարվել է քաղաքացի Տիգրան Մանուկյանի հետ: