31.08.2020 20:22

Իշխանությունը մտածելու բան ունի

Իշխանությունը մտածելու բան ունի

Նախորդ իշխանությունների ներկայացուցիչների կողմից ներկա իշխանություններին ուղղված քննադատության մեխանիկան հստակ ռազմավարություն եւ մարտավարություն ունի: Եվ եթե 2018-ից ամիսներ անց սա դեռ կարելի էր համարել պատահականություն, ապա հիմա արդեն ակնհայտ է, որ այդ ամենը պլանավորված մեթոդաբանությամբ է արվում, որն ավելի քան ակնառու է:

Իսկ այդ մեթոդաբանությունը հստակ է.

ա. կան պաշտոնյաներ, որոնց նախորդները միշտ առանձնացնում ու գովում են (օրինակ` ժամանակին այդպես էին վարվում Արթուր Վանեցյանի պարագայում):

բ. կան պաշտոնյաներ, որոնց թիրախավորում են առիթից առիթ: Այսինքն, երբ ինֆորմացիոն առիթ կա` «գրոհում են», երբ չկա` առժամանակ լռում են:

գ. եւ կան պաշտոնյաներ, որոնց թիրախավորել են ի սկզբանե, եւ նրանց մասին «խոսում են» անդադար` առիթ լինի, թե ոչ, ավելին` եթե անգամ որեւէ «թարմ» առիթ չի լինում, պարտադիր հիշում են անցյալից որեւէ դրվագ` թեման թեժ պահելու համար:

Թե ինչու են նախորդները թիրախավորում վերջին խմբի ներկայացուցիչներին` հասկանալի է, հատկապես երբ տեսնում ենք, որ այդ գործում անդադրում են աշխատում Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանն ու նրան հարող շրջանակները: Միանգամից երեւում է, որ երրորդ ցանկի անձանց հանդեպ այդ մարդիկ անձնական խնդիրներ ունեն:

Ուստի, այստեղ անիմաստ է անգամ քննարկել, թե արդյո՞ք նրանց քարոզչական թիրախավորումն ու հակաքարոզչությունը տեղին են, եւ կամ հարցնել` մի՞թե այդ թիրախավորված անձինք ամենաանարդյունավետ աշխատող պաշտոնյաներն են: Այսինքն, այդ կողմի մոտիվացիաների առումով ամեն բան ջրի պես պարզ է: Այլ հարց է, որ քարոզչական այս խառնիճաղանջ վիճակի համար որոշակի պատասխանատվություն ունեն նաեւ իշխանությունները:

Մեկ անգամ չէ, որ իշխանության ամենատարբեր ներկայացուցիչներ եւ հենց ինքը` Փաշինյանը, բարձրաձայնել են նախորդների ու վերջիններիս աջակցող ԶԼՄ-ների կողմից տարբեր պաշտոնյաների վերաբերյալ կեղծիքների, ստերի տարածման մասին: Բայց խնդիրն այն է, որ հակաքարոզչական այդ հստակ աշխատող մեխանիզմի «ողնաշարը ջարդելու» հերքումային փորձերը հաճախ չեն աշխատում, եւ կամ` հանրության շրջանում միշտ չէ, որ դրանք կարող են անվստահելի թվալ: Եվ էլի` իշխանության պատճառով:

Օրինակ, ինչո՞ւ սովորական քաղաքացին չպիտի հավատա պայմանական «Պողոտա» թերթի կողմից իքս պաշտոնյայի մասին հրապարակված ստին, երբ տեսնում է, որ պայմանական իգրեկ պաշտոնյայի մասին այդ ԶԼՄ-ի հրապարակումը տարածում է նաեւ իշխանությանը սատարող մամուլը եւ որ առավել ուշագրավ է` իշխանական պատգամավորները:

Տեսեք, օրինակ` երրորդ խմբում ընդգրկված անձանց պաշտոնավարման առաջին իսկ օրվանից նրանց դեմ ելույթներ են ունենում նաեւ իշխանական` այդ ոլորտների հետ աղերս չունեցող պատգամավորները: Բայց իշխանությունն այդ պատգամավորներին չի փորձել «սանձել», կամ ավելին` հասկանալ, թե ինչ շահեր են հետապնդում այդ պատգամավորներն իրենց վարքագծով: Հետո նույն «քննադատությունները» հնչեցնում էին պայմանական «Պողոտա» ԶԼՄ-ն կամ նախկին որեւէ գործիչ: Հասարակության մոտ բնական տպավորություն է ստեղծվելու, որ ուրեմն` պայմանական «Պողոտա» թերթը, կամ նախկին գործիչը չեն ստում, կամ` միշտ չէ, որ ստում են: Ու երբ հաջոդ օրը նույն լրատվամիջոցը կամ գործիչն աբսուրդի մակարդակի սուտ են հորինում եւ տարածում իշխանության վերին օղակի հասցեին, չպետք է զարմանալ, որ կգտնվեն մարդիկ, որոնք այդ ստին կհավատան:

Այնպես որ, ցավալի է, բայց իրողություն է, որ իշխանության դեմ ներկայիս քարոզչական վակխանալիայի համար որոշակի պատասխանատվություն է կրում հենց ամենաբարձր իշխանությունը, երբ իր կադրերից ոմանց դեմ թույլ չի տալիս սեփական թիմից հարձակումներ (առնելով այդ կադրերին հրապարակային պաշտպանության տակ), իսկ ոմանց դեմ թույլ է տալիս`  ձեւացնելով, թե չի տեսնում սեփական թիմի վարքագիծը: Եվ այդ պարագայում ստեղծվում է քարոզչական անառողջ մթնոլորտ, պարարտ հող, որից շատ հաջող օգտվում են նախորդները:

Հ.Գ. Իսկ ընդհանրապես, իշխանությունը մտածելու բան ունի, թե երբ իր ներկայացուցիչներից ոմանց թիրախավորում են, իսկ ոմանց մասին` մոռանում, ինչո՞ւ է այդպես ստացվում: Պրիմիտիվ պատճառաբանությա՞մբ, թե վատ աշխատողին քննադատում են, լավին` ո՞չ: Թե` հակառակը:

 

Արսեն Օհանյան