01.09.2020 15:30

Լիզա Ճաղարյան. Սպասենք «խիզախ մարտիկների» թարմ ալիքին

Լիզա Ճաղարյան. Սպասենք «խիզախ մարտիկների» թարմ ալիքին

«Քրեական ենթամշակույթի հետ (գուցե` դե՞մ – Լ.Ճ.) պայքարում մենք գրանցում ենք հաջողություններ»,– երեկ լրագրողներին ասել է ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը։

Եթե հավատանք մեր երիտասարդ նախարարին, ուրեմն այդ «հաջողություններից» հետո շուտով Հայաստանի հպարտ քաղաքացիներս ականատես կլինենք, թե ինչպես են «օրենքով» եւ անօրեն գողերն անողոք պայքար մղում այլոց ունեցվածքը կողոպտողների դեմ, ինչպես են թմրավաճառները հարցազրույցներ տալիս թմրանյութերի սարսափազդու վնասների մասին, ինչպես են գրպանահատները կառավարության շենքի առջեւ բողոքի ակցիաներ անում ջեբկիրների դեմ, իսկ մարդասպանները դասախոսություններ են կարդում մարդասիրության ու առհասարակ մարդկայնության մասին, մանկապիղծներն էլ հացադուլ են անում երեխաների իրավունքների պաշտպանության անհուն մտահոգությամբ կամ իրենց կանանց «ծեծըմ եմ, քանզի սիրըմ եմ» բարձր հովանու ներքո կճղակահարող դրոգապանեգորներն ավտոերթ են անում` նվիրված կանանց ու տղամարդկանց հավասարությանը եւ այլն, եւ այլն։

Բնականաբար, «անաչառագույն» լրատվամիջոցները կսկսեն իրար ձեռից խլխլել այս խիզախ մարտիկներին, որոնք անընդհատ կհիշեցնեն, որ իրենց վախեցնել հնարավոր չէ, եւ իրենք պայքարելու են մինչեւ վերջ։

Եվ իհարկե` նույնքան խիզախ փաստաբանները կլուսանկարվեն սրանց հետ եւ Ֆեյսբուքում կպատմեն, թե ինչ հրաշալի մարդիկ են էդ գողերն ու մարդասպանները, ջեբկիրներն ու թմրավաճառները, մանկապիղծներն ու դրոգապանեգորները...

Էս ի՜նչ անհեթեթ բաներ եմ ասում, չէ՞։

Այլ երկրում` գուցե անհեթեթություն որակվի։

Թավշյա եւ հպարտ Հայաստանում սա արդեն օրինաչափություն է։

Արդեն երկու տարուց ավելի է ապրում ենք հենց ա՛յս մթնոլորտում։

Ընդամենը մեկ տարբերություն կա. այդ մարդասպաններին, գողերին, ջեբկիրներին ու մնացած այլեւայլ հանցագործներին, որ հեղափոխությունից հետո ճամարտակում են արդարության ու մարդասիրության մասին, ճառեր են ասում կոռուպցիայի դեմ, բարոյականության ու ազնվության դասեր են տալիս Հայաստանի հպարտ քաղաքացիներիս, «քրեական ենթամշակույթի ներկայացուցիչներ» չեն ասում։

Դրանք նախկին հանցագործ իշխանություններն են, որոնց դեմ 2018 թվականին ծառս եղավ Հայաստանի հպարտ քաղաքացին, եւ հիմա, թավշյա իշխանության հոգատար հայացքի ներքո, ամեն օր այդ նույն հպարտ քաղաքացին ըմբոշխնում է սրանց ճամարտակությունները, որ օրեցօր ավելի ու ավելի խրոխտանում են։  

Եվ իրոք. իսկ ինչո՞վ են պակաս քրեական ենթամշակույթի ներկայացուցիչները, որ նույն ճանապարհով չգնան։

Մեր արդար եւ անկաշառ դատաիրավական համակարգն էլ դե` ոնց որ գիտենք ու տեսել ենք այս երկու տարվա ընթացքում, հերթով–շարքով բոլորին տուն կուղարկեն։

Սիրում եմ բոլորիդ, հպարտանում եմ բոլորովդ։

Դիմակն էլ չմոռանաք։