02.09.2020 16:40

Արցախը՝ որպես հանցանքները թաքցնելու վերմակ

Արցախը՝ որպես հանցանքները թաքցնելու վերմակ

Այսօր Արցախի անկախության օրն է: Եւ քանի որ անգամ այսօր նախկին իշխանությունները չեն խնայում ու անգամ այս տոնական առիթն են օգտագործում իրենց քաղաքական շահարկումների համար, ապա թերեւս արժե անդրադառնալ այդ շահարկումներին:

Մի բան, որն արդեն ահռելի ծավալների է հասնում, եւ հաշվի առնելով նախկինների ֆինանսական-քարոզչական ռեսուրսները` նաեւ վտանգավոր է դառնում:

Իսկ շահարկումն այդ որքան իր ազդեցությամբ վտանգավոր է, այդքան էլ իր կառուցվածքով պարզունակ է. Արցախը, Արցախի հանդեպ սերը դարձրու վերմակ եւ դրանով ծածկիր ինչ ուզում ես. է՛լ օրենք խախտիր, է՛լ հանցագործություններ կատարիր, է՛լ թալանիր, է՛լ կեղեքիր, է՛լ բռնության եւ կեղծիքի դիմիր, է՛լ սպանիր, արա՝ ինչ ուզում ես, կարեւորը` որ Արցախը վերմակի պես ուսերիդ լինի, եւ ամեն արած հանցանքիդ զուգահեռ անդադար կրկնես, որ դու սիրում ես Արցախը, որ դու հայրենասեր ես: Դե մենք արդեն վաղուց գիտենք, չէ՞, թե հայրենասիրությունը որ տեսակի վերջին հանգրվանն է:

Հենց այդ տեսակի: Որը Արցախը դարձրել է սովորական PR գործիք, վահան, եւ հենց իրենց ձեռքը բռնում են հանցանքի պահին, լկտիաբար ու անամոթաբար առաջ են բերում այդ վահանը, ու թե` ինձ Արցախը սիրելու համար եք պատասխանատվության կանչում, եթե ինձ պատասխանատվության ենթարկեք, ուրեմն, դուք Արցախի դեմ եք գործում: Չէ, լո՞ւրջ: Ու հասել ենք այնտեղ, որ կապ չունի, թե շարքային հանցագործն ինչ կալիբրի «գործիչ» է, թաղի խուժանն անգամ չի ամաչում եւ Արցախի փեշը քաշում է  իր վրա ու խուժանի բառապաշարով հոխորտում` «ինձ չբռնեք, եթե բռնեք, ուրեմն Արցախի դեմ եք գործում»:

Այսինքն, դու Արցախի անվտանգության համար նախատեսված բյուջեն կեր, դու Արցախի բնակչության համար նախատեսված օգնությունը լափիր, դու թալանիր եւ այդպիսով թուլացրու Արցախը, Արցախի անվտանգությունը, տնտեսությունը, կրթությունը, գիտությունը, բանակը, դու քո լկտիությամբ հուսահատության հասցրու Արցախի շարքային քաղաքացիներին, դու Արցախի համար նախատեսվածը գրպանդ տար, բայց հենց գան քո հետեւից, ասա` Արցախի հետեւից են եկել: Լավ է, չէ՞: Որովհետեւ իրենք իրենց հայրենասեր են հռչակել, եւ ուրեմն՝ հանցագործը հանցանք կատարողը չէ, ըստ դրանց տրամաբանության, հանցագործը իրեն հայրենասեր հռչակածին պատասխանատվության կանչողն է:

Բա եթե սա լկտիություն չէ, բա ի՞նչ է: Սա ՀՀ քաղաքացիների, Արցախի քաղաքացիների հասցեին ուղղված բացահայտ անարգանք է, մարդկանց հիմարի տեղ դնելու սովորական փորձ:

Մեղավոր է իշխանությունը, որ երկու անելիք ունի այս հարցում, մեկ՝ որ չի անում այնպես, որ սրանք «ցուցմունք» տալու փոխարեն դեռ հարցազրույցներ ու ասուլիսներ են տալիս, եւ ապա՝ նաեւ չի առողջացնում քաղաքական դաշտը այնպես, որ նման երեւույթները արմատախիլ լինեն: Որովհետեւ հակառակ պարագայում, եթե այսպես շարունակվեց, մի օր էլ ինքը` իշխանությունն է տրվելու այս գայթակղությանը:

Տոնդ շնորհավոր, Արցախ: Այսօր քո եւ քեզ իրապես` լուռ սիրողների տոնն է:

Ու այս տոն օրը մաղթենք, որ մինչեւ քո հաջորդ տարեդարձը քո անունը շահարկելով հանցանք կատարածները պատասխանատվության ենթարկված լինեն:

 

iLur.am