02.09.2020 18:24

Charlie Hebdo-ն վերահրապարակել է մարգարեի ծաղրանկարները

Charlie Hebdo-ն վերահրապարակել է մարգարեի ծաղրանկարները

Ֆրանսիական երգիծական Charlie Hebdo շաբաթաթերթը որոշել է վերահրապարակել Մուհամեդ մարգարեի ծաղրանկարները, որպեսզի այդ կերպ նշի 2015 թ․ հունվարին ահաբեկությունների կազմակերպման կասկածյալների նկատմամբ դատավարության մեկնարկը։

Ծաղրանկարները, որ միշտ բուռն արձագանք են ստանում մուսուլմանների շրջանում, առաջին անգամ հրապարակվել են 2005 թ․ Դանիայում։ Charlie Hebdo-ն դրանք վերատպել էր 2006 թ․։

2015 թ․ արմատական իսլամիզմի հետևորդ եղբայրները հարձակում գործեցին Փարիզում ամսագրի խմբագրության վրա և սպանեցին 12 հոգու, այդ թվում՝ առաջատար ծաղրանկարիչներին և լրագրողներին։ Եվս հինգ մարդ սպանվեց դրա հետ կապված՝ 48 ժամվա ընթացքում կոշերային սուպերմարկետի վրա կատարված հարձակման ժամանակ։

Բոլոր հարձակվողները սպանվեցին ոստիկանության կողմից, սակայն նրանց աջակցելու համար մեղադրվող 15 հոգի այսօր կկանգնեն դատարանի առաջ։ Հենց դրան է նվիրված Charlie Hebdo-ի հատուկ թողարկումը։ Ծաղրանկարները կտեղադրվեն ամսագրի շապիկին՝ «Այս ամենը՝ սրա համար» խորագրի ներքո։

Նախապես այս գործով դատավարությունը նշանակվել էր մարտին, սակայն հետաձգվել է կորոնավիրուսի համավարակի պատճառով։ Դատական լսումները կշարունակվեն մինչև նոյեմբերի 10-ը։

Երգիծական հանդեսի վրա հարձակումը և նրա աշխատակիցների նկատմամբ դաժան հաշվեհարդարը ցնցեցին ողջ ֆրանսիական հանրությանը և կյանքի կոչեցին Je suis Charlie («Ես Շառլին եմ») շարժումը՝ հանուն խոսքի ազատության։

Փոխանցում է BBC-ն։