02.09.2020 12:23

ԳԴՀ իշխանություններ․ Նավալնիին թունավորել են «Նովիչոկ» խմբի նյութով

ԳԴՀ իշխանություններ․ Նավալնիին թունավորել են «Նովիչոկ» խմբի նյութով

Գերմանիայի զինված ուժերի լաբորատորիան պարզել է, որ Ալեքսեյ Նավալնին թունավորվել է «Նովիչոկ» խմբի ռազմական թունանյութով։ Այդ մասին ասվում է ԳԴՀ կառավարության հրապարակած հաղորդագրության մեջ։

Հայտարարության մեջ նշվում է, որ բունդեսվերի մասնագետները Բեռլինի «Շարիտե» հիվանդանոցի բժիշկների թույլտվությամբ հետազոտել են Նավալնիի անալիզները։ Այդ հիվանդանոց Նավալնին տեղափոխվել էր Տոմսկից Մոսկվա թռչող ինքնաթիռում կոմայի մեջ ընկնելուց երկու օր անց։

Գերմանիայի կառավարության տվյալներով՝ լաբորատորիայում անհերքելի ապացույցներ են գտել, որ կիրառվել է «Նովիչոկ» խմբի նյարդակաթվածահարող ռազմական նյութ։ ԳԴՀ կանցլեր Անգելա Մերկելը և Գերմանիայի կառավարության առանցքային նախարարները չորեքշաբթի արդեն խորհրդակցություն են անցկացրել, որի ընթացքում որոշել են հաջորդ քայլերը։

Գերմանիայի իշխանությունները նշում են, որ Ռուսաստանի տարածքում Ալեքսեյ Նավալնիին ռազմական թունավոր նյութով թունավորելը չլսված բան է։ ԳԴՀ կառավարությունը դատապարտում է ռուսաստանցի ընդդիմադիր քաղաքական գործչի դեմ իրականացված մահափորձը և պարզաբանումներ է ակնկալում Ռուսաստանի իշխանություններից։

Գերմանիան նաև պատրաստվում է անալիզների հետազոտության արդյունքները ներկայացնել ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի իր գործընկերներին և համաձայնեցնել ընդհանուր արձագանքը կատարվածի նկատմամբ։ Երկրի իշխանությունները նաև մտադիր են կապվել Քիմիական զենքի արգելման կազմակերպության հետ։

Փոխանցում է BBC-ն։