03.09.2020 14:24

ԱՄՆ պետքարտուղարությունը պահանջում է ազատ արձակել Բելառուսում ձերբակալված իր քաղաքացուն

ԱՄՆ պետքարտուղարությունը պահանջում է ազատ արձակել Բելառուսում ձերբակալված իր քաղաքացուն

ԱՄՆ պետքարտուղար Մայք Փոմփեոն պահանջել է ազատ արձակել ամերիկյան քաղաքացի, քաղտեխնոլոգ Վիտալի Շկլյարովին, որը ձերբակալվել է Բելառուսում։

Փոմփեոն պատմել է, որ իր գերատեսչությունը ուշադիր հետևում է Բելառուսի իրադարձություններին և համոզված է, որ բելառուսցիներն իրավունք ունեն ընտրելու իրենց ղեկավարներին իրապես ազատ և արդար ընտրություններւմ, անկախ դիտորդների մասնակցությամբ։

Նա պահանջել է անհապաղ դադարեցնել բռնությունները ցուցարարների հանդեպ և ազատ արձակել «բոլոր անարդար ձերբակալվածներին, այդ թվում՝ ԱՄՆ քաղաքացի Վիտալի Շկլյարովին»։

Շկլյարովին ձերբակալել են օգոստոսի 29-ին Մինսկում։ Ըստ տեղեկությունների՝ նրա ձերբակալությունը կապված է Սվետլանա Տիխանովսկայայի ամուսնու՝ բլոգեր Սերգեյ Տիխանովսկու համար նրա՝ որպես քաղտեխնոլոգ, ենթադրյալ աշխատանքի հետ։

 Սերգեյ Տիխանովսկին այժմ կալանքի տակ է՝ ընտրություններին միջամտելու մեղադրանքով։

Սակայն Տիխանովսկայայի մամուլի քարտուղարը հայտարարել է, որ Շկլյարովը երբեք չի աշխատել բլոգերի համար։

Փոխանցում է tvrain-ը։