03.09.2020 15:32

Ալկոհոլային թունավորման 11 նոր դեպք է արձանագրվել

Ալկոհոլային թունավորման 11 նոր դեպք է արձանագրվել

Օգոստոսի 31-ից սեպտեմբերի 3-ի` ժամը 12:00-ի դրությամբ, հանրապետությունում արձանագրվել է ալկոհոլային թունավորման 38 դեպք: Հայտնում են Առողջապահության նախարարությունից` նշելով, որ դեպքերից 25-ն արձանագրվել է Արմավիրի մարզում, 12-ը` Երևանում, 1-ը` Կոտայքի մարզում: Գրանցվել է մահվան 14 դեպք:

Իրականացված համաճարակաբանական հետազոտության արդյունքում պարզվել է, որ Արմավիրի մարզի տուժածների թունավորման հավանական աղբյուր է հանդիսացել մեկ վայրից ձեռք բերված ոչ գործարանային արտադրության օղու օգտագործումը:

Երևանի դեպքերից տուժածների մեծամասնությունն օգտագործել է բժշկական սպիրտ` որպես օղու փոխարինիչ, մյուս մասի, ինչպես նաև Կոտայքի մարզում արձանագրված դեպքից տուժածի օգտագործած սպիրտի տեսակը պարզելու համար համաճարակաբանական հետազոտությունները շարունակվում են:

Ալկոհոլային թունավորման դեպքերից տուժածները բուժում են ստանում հանրապետության տարբեր բժշկական կազմակերպություններում: