03.09.2020 17:23

Լիզա Ճաղարյան. «Աջարակիցներից» խաբվածը

Լիզա Ճաղարյան. «Աջարակիցներից» խաբվածը

Հիշո՞ւմ եք այն ժամանակահատվածը, երբ ամբաստանյալ Քոչարյան Ռոբերտը դեռեւս բանտախցում կամ հիվանդանոցում էր անցկացնում։

Դժվար թե մոռացած լինեք, բայց ամեն դեպքում հիշեցնեմ։ Այդ ընթացքում Հայաստանի քաղաքացիներս անընդհատ լսում էինք ու կարդում, որ ամբաստանյալը վատառողջ է, եւ այս տառապյալ հիվանդին շաբաթվա էս գլխին կամ շաբաթավերջին հա՛ վիրահատում են։ Միայն լսելու ու կարդալու հույսին չէինք, ի դեպ։ Յուրաքանչյուր դատական նիստի ժամանակ բոլորս էլ տեսնում էինք «ծանր հիվանդությունից» խեղճացած, կուչ եկած, անխնամ, ծերացած ու անասելի «համեստ» մի կալանավորի, որն անընդհատ հիշեցնում էր «հարգելի դատավորին», թե ինքն ինչ մեծամեծ գործեր է արել Արցախի ու Հայաստանի համար, ու հիմա տեսնում եք, չէ՞, շատ հարգելի դատավոր, թե այդքան քաջագործություններից հետո ոնց են ապերախտ մարդիկ իրեն փակի տակ պահում։

Հետո թե ինչ եղավ, սկսեցինք տեսնել, երբ այս նույն Քոչարյանը կրկին ազատ արձակվեց «թավշյա» իշխանության թողտվությամբ։ «Ծանր հիվանդ» ու «վիրահատություններից բզկտված» ամբաստանյալը մի գիշերվա ընթացքում փյունիկի պես մոխիրներից վերհառնեց, ու մեկ էլ բոլորս տեսանք, որ այս «խոշտանգումների ենթարկվածը» բողկի պես առողջ է, սեւաններում սկուտեր է քշում ու զվարճանում, եւ մեր առջեւ կանգնած է մի «վոին», որն աջուձախ հարցազրույցներ է տալիս` արդեն առանց ձայնի դողդոջուն, խղճահարություն մուրացող ելեւէջումների եւ պատմում, որ ուզում է «փՌկել» Հայաստանն ու իրեն մինչեւ հոգու խորքն ատող հայաստանցիներիս։

Ահա այսպես. կալանավոր Քոչարյանը պատրաստ էր վիզը ծռել դատարանի առաջ, «մի ոտը գերեզմանում» պացիենտի դեր խաղալ, որովհետեւ այդ շրջանում իր փրկությունը տեսնում էր նման «սերիալի» շրջանակներում, իսկ ահա Հայաստանի «արդար» դատարանի շնորհիվ նպատակին հասնելուց հետո` հիմա էլ ձեռնտու է անհաղթ հերոս Քաջ Նազարի «սերիալը» բեմադրել։

Նորություն չեմ ասում. ոչինչ չի փոխվել։ Այս մարդն իր ողջ անիծյալ գործունեության ընթացքում գունափոխվել է ըստ իրավիճակի։ Տատանվե՞լ է ոտքի տակի հողը, «մարզիկի» իր ուսերը կքել է այդ պահին իրենից ուժեղների առաջ, ձայնի դողդոջաերանգներին է զոռ տվել ու զարմանքից աչքերը չռել` ախր ինքն ի՞նչ կապ ունի այդ սպանությունների հետ, ինքը տեղյակ չէր, անթրաշ էր, քնած էր, էդ պահին չայ էր խմում «մասանդռայում»։ Ամո՞ւր է եղել ոտքի տակի հողը` բացեիբաց «անզգույշ քաշքշել» է տվել իրեն «նյարդացնողներին», հրամայել է կրակել ու սպանել ըմբոստներին, հարյուրավորների բանտերն է լցրել ու հեչ չի հիշել, որ նրանց մեծ մասն իրո՛ք շատ բան է արել Հայաստանի ու Արցախի համար, եւ ի տարբերություն սույն «սկուտերիստի»` նրանք միլիարդներ չեն կուտակել ու աշխարհին ի տես` փադիշահի կյանքով չեն ապրել։ Եվ ամենակարեւորը` իրեն «վոին» զգալու ժամանակահատվածներում ամբաստանյալ Քոչարյանը շատ հաճույքով ու բացեիբաց պարծենում էր, որ Հայաստանում ճանճն անգամ չի տզզում առանց իր իմացության։

Բայց ահա օրերս ռուս լրագրողն ուղիղ հարց տվեց, թե որ այսպես ազգի դավաճան սորոսականների դեմ անձնազոհ պայքար ես մղում, սակայն` ոնց որ թե հենց ձեր վարչապետության շրջանում է Սորոսի գրասենյակը բացվել Հայաստանում։ Ես էլ ավելացնեմ, որ այդ գրասենյակը հանգիստ գործել է տասը տարի` ամբաստանյալ Քոչարյանի նախագահության շրջանում, եւս տասը տարի էլ` իր ժառանգորդ Սերժիկ Սարգսյանի նախագահության օրոք, եւ Հայաստանի քաղաքացիներս նույնիսկ մի «ադեկվաՏ» կիսաշշուկ չենք լսել, որ ահա այս սորոսականները եկել են, որ «հայուգենը» ոչնչացնեն, այլասերեն մեր «կույս» ազգին։ Եվ ի՞նչ պատասխանեց ամբաստանյալը։ Նախ` նրա պատասխանից պարզվեց, որ ինքը վտանգ չի տեսել էն ժամանակ, որովհետեւ դե` իր իշխանության օրոք այդ սորոսականները մարգինալ էին, այսինքն` լուսանցքային, իսկ ավելի պարզ` իրենցից բան չէին ներկայացնում։ Պատասխանի շարունակությունն ավելի հետաքրքիր էր` ամբաստանյալ Քոչարյանը տեղյակ չէր, որ Հայաստանում նման վտանգավոր, ազգին կործանող գրասենյակ է գործում։ Հենց այսպես. Հայաստանի «փՌկիչը» գիտե՛ր, որ Հայաստանում իր օրոք գործել սկսած սորոսականները մարգինալ էին ու չէին կարող մեծ վնասներ տալ իր «սիՌելի» հայաստանցիներին, բայցեւ միաժամանակ` տեղյակ չէր, որ Հայաստանում սորոսական գրասենյակ կա։

Եվ այսքանից հետո` ըստ վտանգի չափի գունափոխվող կենդանուն հիշեցնող այս մարդը հույս է փայփայում, թե Հայաստանի քաղաքացիները  թույլ կտան, որ ինքը երկրորդ անգամ բազմի մեր պետության գլխին։

Երեւի «աջարակիցներն» են դաժանորեն խաբել «հերոսին», որ Հայաստանի քաղաքացիներս էլ ենք ներկա իշխանությունների պես «թավշյա»։