04.09.2020 11:38

Նոր գիրք. Հայաստանի անկախության վերականգնումը 1990-1991

Նոր գիրք. Հայաստանի անկախության վերականգնումը 1990-1991

Լույս է տեսել պատմաբան Աշոտ Սարգսյանի՝ «Հայաստանի անկախության վերականգնումը 1990-1991» (Անտարես, Երեւան, 2020, 576 էջ) գիտական աշխատությունը։ Այն Հայաստանի նորագույն պատմությանը նվիրված 2-րդ հատորն է՝ շարունակությունը հեղինակի «Ղարաբաղյան շարժման պատմություն 1988-1989» վերնագրով ուսումնասիրության (Անտարես, Երեւան, 2018, 640+16 էջ)։ Արխիվային փաստաթղթերի եւ այլ առաջնակարգ սկզբնաղբյուրների հիման վրա կատարված գիտական աշխատանքն ամփոփում է կոմունիստական դարաշրջանի ավարտի եւ Հայաստանի անկախ պետականության հիմնարկեքի դրամատիկ շրջանը՝ մի շրջան, երբ Հայաստանը նաեւ շարունակում է իր ակտիվ դերակատարությունը՝ որպես միջազգային ժողովրդավարական գործընթացների եւ աշխարհաքաղաքական զարգացումների վրա ազդող կարեւոր մի գործոն։

(Գրքի մեկենաս՝ «Ապավեն» ՍՊԸ հիմնադիրներ՝ Արսեն Ղազարյան, Գագիկ Աղաջանյան, խմբագիր՝ Արման Մուսինյան, սրբագրիչ-խմբագիր՝ Սեդա Մեսրոպյան, տեխ. խմբագիր՝ Արարատ Թովմասյան

Ստորեւ ներկայացնում ենք գրքի Ներածությունը։

ՆԵՐԱԾԱԿԱՆ ԽՈՍՔ

Հայաստանի անհնազանդության համարձակ գործողությունը ոգեշնչեց նաեւ Կենտրոնական

Եւրոպայի գերեվարված ազգերին՝ հարստացնելով «Սոլիդարնոստի» փորձառությունը եւ ի վերջո

հանգեցնելով 1989թ. նրանց խաղաղ հեղափոխությունների ոսկեդարի բարձրակետին

(Ստանիսլավ Շուշկեւիչ Բելառուսի ԳԽ նախագահ,
Ֆիլիպ Դիմիտրով
Բուլղարիայի վարչապետ)։

 

Այդ հանրաքվեն կարծես քաղաքական արվեստի փոքրիկ գլուխգործոց լինի. այն առաջինն է, որ անցկացվելու է խորհրդային սահմանադրության պահանջներին համաձայն... Հետեւաբար, օրենքների

դիկտատի մեջ հմտացած Կրեմլի ստրատեգների համար շատ ավելի դժվար է այն հաշվի չառնել

(«The New York Times», 15.04.1991)։

 

 

Սույն աշխատությունը շարունակությունն է «Ղարաբաղյան շարժման պատմություն. 1988-1989» ուսումնասիրության[1]։ Վերջինիս ընդարձակ «Առաջաբանը», որպես ընթերցման համար անհրաժեշտ նախապատրաստություն, ամբողջությամբ վերաբերում է նաեւ այս հատորին։ Ուստիեւ՝ այստեղ միայն կարճառոտ նշելով կարեւորը, ի հավելումն դրա, կներկայացնենք ներածական բնույթի մի քանի այլ անհրաժեշտ արձանագրումներ եւ դիտարկումներ։

Ղարաբաղյան կամ Հայկական ժողովրդավարական շարժման քառամյա (1988-1991թթ.) շրջանի իրադարձությունները, ըստ իրենց քաղաքական բովանդակության եւ բնութագրի, բաժանվում են հինգ փուլի։ Առաջին երեք փուլերը (1988-1989թթ.) ներկայացված են մեր վերոհիշյալ աշխատության Առաջին, Երկրորդ եւ Երրորդ բաժիններում։ 1990-1991թթ. իրադարձությունները, որոնք ներկայացված են սույն աշխատության Առաջին եւ Երկրորդ բաժիններում, կազմում են, համապատասխանաբար, Շարժման չորրորդ եւ հինգերորդ փուլերը, ինչպես եւ կոչվում են այդ բաժիններն ամփոփող գլուխներում։

Ղարաբաղյան կամ Հայկական ժողովրդավարական շարժմամբ սկսվող Հայաստանի նորագույն պատմությունը քաղաքական արժեհամակարգի եւ քաղաքական բովանդակության առումով նախորդ 70-ամյա կոմունիստական-խորհրդային շրջանի հակոտնյան է եւ նրանից բաժանվում է հստակ սահմանագծով։

Ժամանակագրական առումով այդ ներքին ջրբաժան-սահմանագիծը որոշելիս, սակայն, չպետք է առաջնորդվել ձեւական մոտեցմամբ։ Այն պետք է տեղադրել ոչ թե 1991-ի վերջում, երբ փաստացի եւ իրավական առումով դադարեց գոյություն ունենալ Խորհրդային Միությունը, եւ սկսվեց Հայաստանի Հանրապետության միջազգային ճանաչումը, ոչ՝ 1991թ. սեպտեմբերի 21-ին, երբ համաժողովրդական հանրաքվեով Հայաստանն անկախ հռչակվեց, եւ ոչ էլ՝ 1990թ. կեսերին, երբ հերթական ընտրությունների միջոցով Հայաստանում տապալվեց կոմունիստական իշխանությունը, եւ Համաժողովրդական շարժման քաղաքական կառույցը հանդիսացող Հայոց համազգային շարժման (ՀՀՇ) գլխավորությամբ հաստատվեց ժողովրդավար իշխանություն՝ քիչ անց իր ընդունած «Անկախության հռչակագրով։ Պատմական, քաղաքական ու բովանդակային առումով այդ ջրբաժանը 1988-ի փետրվարն է, փետրվարի 20-ից ծայր առած Ղարաբաղյան կամ Հայկական ժողովրդավարական շարժումը։

Նկատի ունենք հետեւյալը.

Շարժումը տրամագծորեն հակադրվում էր ոչ միայն պաշտոնական կոմունիստական գաղափարախոսությանն ու իրականությանը, այլ նաեւ՝ հայ ավանդական քաղաքական մտքի ու հասարակական պատկերացումների արժեհամակարգին։ Այդ պահից դրանով սկսեց լցվել Հայաստանի ողջ քաղաքական մթնոլորտը։ Հասնելով երկիշխանական դրության հաստատման՝ Շարժումն էր գերակշիռ մասով ձեւակերպում եւ թելադրում երկրի ներքաղաքական կյանքի օրակարգի հարցերը։ Ավելին՝ այդ պահից սկսած եւ հետագա տարիներին, մեծապես ազդելով ԽՍՀՄ եւ նրա ազդեցության ոլորտ հանդիսացող Արեւելյան Եւրոպայի ժողովրդավարական քաղաքական գործընթացների առաջացման եւ ծավալման վրա, այն յուրատեսակ մի ջրբաժան-սահմանագիծ է նաեւ համաշխարհային պատմության մասշտաբով՝ սկիզբն այն շրջադարձի, որն ավարտվեց ԽՍՀՄ եւ «սոցիալիստական ճամբարի» փլուզմամբ եւ բոլորովին նոր աշխարհաքաղաքական իրավիճակի հաստատմամբ։

Եթե 1988թ. փետրվարը Ղարաբաղյան կամ Հայկական ժողովրդավարական շարժման ժամանակագրորեն ներքին սահմանն է, ապա նրա վերին սահմանագիծը 1998-ն է, երբ հեղաշրջման ճանապարհով իշխանության եկան ուժեր եւ մարդիկ, որոնք պետք է առաջնորդվեին ոչ թե Շարժման որդեգրած (եւ առաջադեմ աշխարհում ընդունված) քաղաքական արժեհամակարգով, այլ պետության եւ իշխանության մասին բոլորովին այլ պատկերացումներով, այլ արժեհամակարգով, եւ ստեղծեին պետական եւ իշխանական բոլորովին այլ մի համակարգ։ Յուրատեսակ մի «անցման շրջան» դիտելով դրան հաջորդած մեկուկես-երկու տարին (ներառյալ՝ Հոկտեմբերի 27-ի հետեւանքով առաջացած մի քանի ամսվա իրավիճակը), 2000 թվականից Հայաստանում հաստատվեց պետական կամ իշխանական մի համակարգ, որն իր քաղաքական բովանդակությամբ նույնքան տարբեր էր նախորդ տասնամյա շրջանից, նույնքան նրա հակոտնյան էր, որքան կոմունիստական-խորհրդայինը[2]։

Այսպիսով՝ Հայաստանի նորագույն պատմության մեջ, առաջին մակարդակի փուլային ստորաբաժանմամբ, իր քաղաքական արժեհամակարգով, քաղաքական բովանդակությամբ եւ էությամբ 1988-1998թթ. տասնամյակն առանձնանում է որպես մի ուրույն, նախորդ եւ հաջորդ քաղաքական համակարգերից շեշտակի տարբերվող պատմաշրջան։ Վերջինս իր ներսում, նկատի ունենալով օրակարգային խնդիրների առաջնայնությունը, երկրորդ մակարդակով ստորաբաժանվում է երեք փուլի.

Ա) 1988թ. փետրվարյան հանրահավաքներից մինչեւ 1989թ. ավարտը, երբ Շարժումը Լեռնային Ղարաբաղի խնդիրը հետապնդում էր որպես ինքնորոշման հարց՝ փորձելով այն լուծել գոյություն ունեցող խորհրդային համակարգի ներսում, ԽՍՀՄ իրավական ընթացակարգերով, մեխանիզմներով եւ ռեսուրսներով։ Այս փուլն ավարտվեց, երբ 1989-ի վերջին աներկբա դարձավ, որ ԽՍՀՄ պայմաններում խնդիրը չի լուծվելու, եւ չի լուծվելու ոչ թե իրավական դաշտի անկատարության կամ հնարավորությունների անբավարարության, այլ կենտրոնական իշխանության կամքի բացակայության պատճառով։ Այս փուլում հայկական ժողովրդավարական շարժումը, որպես այդպիսին, ԽՍՀՄ-ում առաջինը լինելով, վճռորոշ ազդեցություն ունեցավ մյուս հանրապետություններում եւ Արեւելյան Եւրոպայում նույնպիսի շարժումների սկզբնավորման եւ ծավալման վրա[3] (այս երկու տարվա պատմությունը ներկայացված է մեր վերոհիշյալ գրքում)։

Բ) 1990-1991թ., երբ Շարժումը, սպառված համարելով ԽՍՀՄ պայմաններում հիմնական խնդրի լուծման հնարավորությունը, ինչպես նաեւ նկատի ունենալով երկրի ներսում քաղաքական գործընթացների փոփոխվող բովանդակությունը եւ ուղղվածությունը, անկախության խնդիրը դարձրեց առաջնային եւ իշխանափոխության ընթացք որդեգրեց։ Այս փուլն ավարտվեց 1991թ. դեկտեմբերին ԽՍՀՄ կոչվող կայսրության վերջնական փլուզմամբ եւ հանրապետությունների անկախության միջազգային ճանաչմամբ։ Աշխարհաքաղաքական շրջադարձային նշանակություն ունեցող այս գործընթացներում Հայկական ժողովրդավարական շարժումը շարունակել է կարեւորագույն դեր խաղալ, մշտապես լինել դրա առաջամարտիկը, ուստի նաեւ սա է 1990-1991 թվականներն ամփոփող փուլի հիմնական քաղաքական բնութագրիչը։ Սույն հատորը վերաբերում է երկրորդ այս շրջանին։

Գ) 1992-1998 թվականները Շարժման գաղափարական հիմքերի վրա անկախ պետականության կառուցման փուլն է։ Այս շրջանում կատարված ամենաարմատական վերափոխումների շնորհիվ հաստատվեց ժողովրդավարություն, ստեղծվեց տնտեսական եւ քաղաքական նոր համակարգ։ Նոր համակարգերի ու դրանց հիմքում դրված պետականության հիմնադրույթների կենսունակության ապացույցը դարձան անհաղթահարելի թվացող խնդիրների լուծումը, ծանրագույն մարտահրավերներին դիմակայելը, ժողովրդավարության հաստատումը, պետականության կառուցումը։ Ետխորհրդային հանրապետությունների մեջ ռեսուրսներով ամենանվազ, միաժամանակ նաեւ խուլ շրջափակմամբ կաշկանդված Հայաստանը կարողացավ պատվով դուրս գալ իր ունեցած, ետխորհրդային բոլոր հանրապետությունների համեմատ ամենածանր խնդիրների տակից, հաղթել պարտադրված պատերազմում, Լեռնային Ղարաբաղի համար ապահովել փաստացի անկախություն եւ երբեւէ գոյություն չունեցած անվտանգության հուսալի երաշխիքներ։

 

* * *

Շարժման ու նրա ստեղծած պետականության տասնամյա պատմությունը ժամանակագրորեն ներքեւից եւ վերեւից սահմանազատող ջրբաժանները շեշտելը միայն պատմագիտական արձանագրման համար չէ։ Դա հիմք է՝ հասկանալու եւ արժեւորելու համար Հայաստանի նորագույն շրջանի այս տասնամյակի պատմությունը։ Ցավոք, այն համատարած կեղծվել է, եւ դա՝ ոչ միայն դպրոցական ու բուհական դասագրքերում, այլեւ ակադեմիական հետազոտություններում։ Այս իրողությունը եթե չունի իր արդարացումը, ապա ունի իր բացատրությունը։ Պատմագիտությունը (մյուս գիտությունների մեջ՝ առաջին հերթին) խորհրդային շրջանում ստիպված էր լինել գաղափարախոսականացված համակարգի առաջին սպասավորներից մեկը։ Խորհրդային այդ «դպրոցի» պատմաբանների մեծ մասի համար դժվար պետք է լիներ հրաժարվել հին մտածելակերպի իներցիայից եւ վերանալ արդեն իրենց հարազատ դարձած այն արժեքներից, ինչի հակապատկերն էր նոր, ետկոմունիստական իրականությունը։ Ինչ վերաբերում է հիշյալ տասնամյակին հաջորդած շրջանին, ապա այս դեպքում էլ գործ ունենք Շարժման տասնամյա իշխանության մի այլ հակապատկերի՝ ավազակապետական ռեժիմի հետ, որին կենսականորեն անհրաժեշտ էր, որպես համեմատության եզր, հնարավորինս մրոտել, արժեզրկել նախորդ այդ շրջանը։ Իսկ դրան ռեժիմը կարող էր հասնել թե՛ համապատասխան գիտական հիմնարկների վրա իշխանական լծակների գործադրմամբ, թե՛ պատվեր տալու, թե՛ այլ մեթոդներով[4]։

Ինչպես սույն աշխատության առաջին հատորում, այնպես էլ այստեղ, զերծ ենք մնացել յուրաքանչյուր դեպքում այդ կեղծիքներին, վերագրումներին, հերյուրանքներին եւ ուրացումներին անդրադառնալ[5]։ Որպես դրանց հակակշիռ՝ պարզապես աշխատել ենք մեր շարադրանքը կառուցել միմիայն առաջնային սկզբնաղբյուրների, անվիճելի փաստաթղթերի հիման վրա։ Կարեւոր ենք համարել այս տարիների այն հիմնական-բնութագրիչ քաղաքական իրողությունների մանրամասն ներկայացումը, որոնք կա՛մ կեղծվել, կա՛մ շրջանցվել, կա՛մ ուրացվել են պատմագրական աշխատություններում։ Նկատի ունենք, մասնավորապես, հետեւյալը.

1.      Շարժման քաղաքական օրակարգում 1989թ. վերջին, երբ վերջնականապես պարզ դարձավ Լեռնային Ղարաբաղի խնդրի լուծման անհնարինությունը ԽՍՀՄ պայմաններում, Շարժման օրակարգում անկախության խնդիրը դրվեց առաջին տեղում, եւ որդեգրվեց իշխանափոխության ուղի։
2.      Անկախության ուղեգծի դեմ անմնացորդ պայքարի դուրս եկավ հայկական «ինտերֆրոնտը»[6]՝ Կոմկուսը, մտավորական նոմենկլատուրան, շուրջ չորս տասնյակ տարբեր անուններով մանր կազմակերպություններ, իշխանական վերահսկողությամբ գործող զինված ջոկատներ եւ այլն։ «Հայկական ինտերֆրոնտի» խնդիրը Կոմկուսի իշխանությունը եւ Հայաստանը ԽՍՀՄ կազմում պահելն էր, գաղափարական հիմքը՝ «Հայ դատ»/պահանջատիրությունը[7]։
3.      1990թ. մայիսի 20-ին կայացած խորհրդարանական ընտրություններում ՀՀՇ-ն, ի հեճուկս իշխանության իրականացրած բազմաթիվ ընտրակեղծիքների, կարողացավ ակնհայտ առավելություն գրանցել։
4.      Խափանելու համար Շարժման վերջնական հաղթանակը ընտրությունների հաջորդ փուլերում՝ իշխանությունը 1990թ. մայիսի 27-ին, բանակի ներգրավմամբ, կազմակերպեց արյունոտ սադրանք, որին զոհ գնաց 26 քաղաքացի։ Հաղթահարելով նաեւ հետագա բազմազան այլ խոչընդոտները՝ ՀՀՇ-ն կարողացավ հասնել իշխանափոխության։ Հականկախական ուժերի երկրորդ սադրանքը չեզոքացվեց նույն թվականի օգոստոսի վերջին՝ ՀԱԲ-ի լուծարմամբ։
5.      Նոր իշխանությունը Ղարաբաղյան հակամարտության հարցում ի սկզբանե որդեգրեց առճակատումից հրաժարվելու եւ փոխզիջումներով խաղաղության հասնելու քաղաքականություն, ինչին քիչ ուշացումով միացավ նաեւ Լեռնային Ղարաբաղը։
6.      1991թ. ապրիլ- հունիս ամիսներին, Կենտրոնի նախաձեռնած «Կոլցո» ռազմական գործողությունը, ըստ էության, պատերազմ էր Հայաստանի դեմ՝ խափանելու համար նրա անկախության օրինական գործընթացը եւ ստիպելու միանալ միութենական պայմանագրին։
7.      Հայաստանը կարեւոր դեր խաղաց 1991թ. օգոստոսի 19-21-ը Մոսկվայում տեղի ունեցած հեղաշրջման տապալումից հետո Կենտրոնի վերակենդանացման փորձերը կանխելու եւ ԽՍՀՄ անվտանգ կազմաքանդման գործում։
8.      Ինչպես նախորդ՝ 1988-89 թվականներին, այնպես էլ հաջորդած շրջանում, մինչեւ ԽՍՀՄ դե-յուրե կազմալուծումը, Հայաստանը մնաց ժողովրդավարական գործընթացների առաջատարի դիրքերում։

 

* * *

Որեւէ պատմաշրջան լավ հասկանալու համար ելակետային կամ ուղեցուցային պետք է դիտել դրա հիմքը՝ սկիզբը։ 1988-1998թթ. քաղաքական առումով որակապես հստակ առանձնացող պատմական շրջանի համար նման սկիզբ ու հիմք են առաջին չորս տարիները՝ 1988-1991 թվականները։ Այսինքն՝ նաեւ այս հատորում իրադարձությունների եւ ներքաղաքական պայքարի դերակատարներին վերաբերող փաստաթղթային բազայի վրա ծանրանալը, դրանցից կարեւորներն առավել մանրակրկիտ ներկայացնելը, ընդարձակ մեջբերումները եւ այլն, նպատակ ունեն ստեղծելու այն ապահով հիմքը, որը կդյուրացնի ու տրամաբանական կդարձնի պատմաշրջանի հաջորդ՝ քաղաքական իրադարձությունների եւ արդյունքների գրանցման առումով հիմնական մասի ներկայացումն ու ընկալումը։ Հաջորդ ասելով՝ նկատի ունենք 1992 թվականից ի վեր իրադարձությունները, ներքաղաքական պայքարը, իշխանության առջեւ դրված հիմնական խնդիրները՝ համակարգային արմատական վերափոխումները, անկախ պետականության կառույցների ստեղծումը, պատերազմը, արտաքին քաղաքականությունը եւ այլն։ Աշխատել ենք փաստաթղթային բազայի վրա հնարավորինս մանրամասն ու փաստարկված ներկայացնել նաեւ այս շրջանում որպես ընդդիմություն ձեւավորվող ուժերի իրական շարժառիթներն ու նրանց բնութագիրը, ինչը խիստ կարեւոր է ինչպես այս, բայց հատկապես հետագա տարիների ներքաղաքական պայքարը ու դրա իրական բովանդակությունն ու նպատակները ճիշտ հասկանալու համար։

Հիմնական աղբյուրների խմբերն այս հատորում եւս նույնն են. առաջնայինը Շարժման, ապա նրա ձեւավորած իշխանության փաստաթղթերն են, կոմունիստական շրջանի վերջին կես տարվա փակ եւ բաց ախիվային փաստաթղթերը, ժամանակի մամուլը, Հայաստանի, ըստ անհրաժեշտության՝ նաեւ այլ հանրապետությունների եւ ԽՍՀՄ կենտրոնական իշխանության օրենսդրական ակտերը՝ հրապարակված նրանց պաշտոնական Տեղեկագրերում եւ այլն։ Պատմության՝ առաջնային սկզբնաղբյուրների վրա կառուցված քաղաքական առանցքը, ողնաշարը, կարեւոր է, մի կողմից՝ հարակից, օժանդակ այլ փաստաթղթերն ու աղբյուրները ճիշտ ընկալելու եւ մեկնաբանելու, մյուս կողմից՝ ավանդաբար ներկայացվող այլ ոլորտների (մշակույթ, գրականություն, տնտեսություն, Սփյուռք եւ այլն) իրադարձությունների եւ իրողությունների ներկայացման ու գնահատման համար[8]։ Այս տարիներին վերաբերող գիտական ուսումնասիրություններից մի քանիսն են օգտակար, հատկապես նրանք, որոնք հիմնականում վավերագրերի կամ փաստական նյութերի ժամանակագրական բնույթի ժողովածուներ են։

Թյուրընկալումներից խուսափելու եւ ամեն անգամ դա չշեշտելու համար, ավելացնենք եւս մի հանգամանք. ՀԽՍՀ Գերագույն խորհրդի եւ նրա Նախագահության՝ սույն աշխատության մեջ վկայակոչված, 1990թ. առաջին կեսով թվագրվող բոլոր այն որոշումները, որոնք վերաբերում են Լեռնային Ղարաբաղին, պաշտպանական խնդիրներին կամ իրավիճակի հետ կապված կարեւոր քաղաքական հարցերի, ինչպես մինչ այդ, հիմա էլ ընդունվում էին Շարժման ճնշման տակ, վերջինիս նախագծերով։ Տարբերությունն այն էր, որ եթե 1988-1989-ին այդ ճնշումն իրականացվում էր դրսից՝ հզոր հանրահավաքներով, հիմա արդեն, հիմնականում՝ ՀԽՍՀ ԳԽ-ում ՀՀՇ-ից 1988 եւ 1989թթ. ընտրված մի քանի պատգամավորների միջոցով, որոնցից Լեւոն Տեր-Պետրոսյանը, Հրաչիկ Սիմոնյանը, Ռոբերտ Քոչարյանը 1990թ. փետրվարից նաեւ ԳԽ նախագահության անդամ, իսկ Ռաֆայել Ղազարյանը՝ ԳԽ նախագահի տեղակալ էին ընտրվել։

 

 

* * *

Իրերի բերմամբ մտերիմ ընկերական հարաբերություններ ունենալով «Ղարաբաղ» կոմիտեի, առաջին ժողովրդավար իշխանության բարձրաստիճան ղեկավարների հետ, հարյուրավոր զրույցների ընթացքում չհրապարակված եւ որեւէ փաստաթղթում չարձանագրված բազմաթիվ տեղեկություններ ենք ստացել տարբեր իրադարձությունների, դեպքերի, իրողությունների, մարդկանց մասին։ Ձեռնպահ ենք մնացել այդօրինակ նյութերն օգտագործելուց, բացառությամբ եզակի դեպքերի, երբ դրանք խիստ կարեւոր են եղել այս կամ այն հարցի ամբողջացման կամ կարեւոր մի նրբերանգի արձանագրման համար։ Նույն կերպ՝ որպես այս տարիների իրադարձությունների մասնակից եւ ականատես, 1990-1999թթ. Հայաստանի օրենսդիր մարմնի պատգամավոր եւ իշխող կուսակցության ղեկավար մարմնի անդամ, հիմնականում ձեռնպահ ենք մնացել «շահագործել» նաեւ մեր իմացությունները եւ հիշողությունը։

Սուբյեկտիվիզմը հատուկ է պատմաբանին, քանզի յուրաքանչյուրը նաեւ քաղաքական եւ այլ համակրություններ ունի, հատկապես, երբ խոսքը վերաբերում է իր շրջանի պատմությանը։ Սակայն սա ամենեւին չի նշանակում, թե պատմությունը չի կարող մոտենալ օբյեկտիվ իրականությանը՝ նկատի ունենալով իրադարձություններին, դեպքերին եւ դեմքերին տրված գնահատականները կամ դրանց նկատմամբ այլ կերպ արտահայտված վերաբերմունքը։ Ինչպես այլ բնագավառներում, այստեղ եւս կա ընդունված չափորոշիչ, որի կիրառմամբ պատմության շարադրանքը առավելագույնս դառնում է անաչառ, մոտենում օբյեկտիվ իրականությանը։ Դա յուրաքանչյուր ավարտված պատմաշրջանի գրանցած քաղաքական արդյունքն է կամ արդյունքները՝ միակ վստահելի ելակետը, որից հետահայաց՝ այդ պատմաշրջանը կազմող տասնյակ իրադարձությունները, դեպքերն ու դեմքերը կարող են ստանալ իրենց արժեւորումը, օբյեկտիվ գնահատականը։ Տվյալ դեպքում տասնամյա այդ շրջանի անվիճելի քաղաքական արդյունքներն են.

ա) Հայաստանը վերականգնել է իր անկախությունը, կայացել որպես ինքնուրույն պետություն, դարձել միջազգային հանրության լիիրավ անդամ, ունեցել իր Սահմանադրությունը.

բ) Ստեղծել է իր ազգային բանակը, տարել զինական հաղթանակներ եւ ազատագրել Լեռնային Ղարաբաղը.

գ) Հայաստանում դրվել են ժողովրդավարության հիմքերը.

դ) Հայաստանը որդեգրել է ազատ շուկայական հարաբերություններ.

ե) Հայ իրականության մեջ ներդրվել ու կենսագործվել է իրատես քաղաքականության սկզբունքը.

զ) Հայաստանը, առնվազն քառամյա մի շրջան, եղել է ԽՍՀՄ-ում եւ Արեւելաեւրոպական երկրներում ծավալված ժողովրդավարացման գործընթացների վրա որոշակի ազդեցություն ունեցող գործոն։

Հեղինակի անցած վերոհիշյալ քաղաքական ճանապարհից ելնելով՝ կարող են վերապահումներ առաջանալ։ Այս դեպքում, սակայն, «արջի ծառայություն» եւ խիստ վնասակար կլիներ ինչ-որ բան չափազանցելը՝ հօգուտ Հայկական ժողովրդավարական շարժման, ՀՀՇ-ի իշխանության շրջանի ու նրա ղեկավարների։ Քանզի միայն փաստերի եւ իրողությունների օբյեկտիվ ներկայացումը՝ որպես դրանց գնահատման ելակետ ունենալով պատմաշրջանի վերոհիշյալ քաղաքական արդյունքները, ավելի քան բավարար է՝ այս տասնամյակը Հայոց պատմության նշանակալից եւ քաղաքական իմաստով ամենաարդյունավետ տասնամյակներից մեկը ճանաչելու համար։ Որեւէ դեպքում իրողությունների չափազանցումը, գնահատականներում շռայլությունը միմիայն կարող էին վնասել նույն այդ պատմությանը, կասկածի տակ դնել շարադրանքի անաչառությունը, թերահավատություն առաջացնել օբյեկտիվորեն առարկայացված քաղաքական արդյունքների նկատմամբ։ Համենայնդեպս, այս ելակետով գրված մեր վերոհիշյալ երկու աշխատությունները, մեկը՝ նվիրված պատմության այս շրջանի կեղծիքները մերկացնելուն, մյուսը՝ «պաշտոնական» պատմագրությունից բոլորովին տարբեր՝ 1988-1989 թվականների գիտական պատմությունը, որեւէ բացասական արձագանքի, հերքման չեն արժանացել։

Վերջում, որպես հավելված, դնում ենք մի շարք փաստաթղթեր, որոնք հատկապես բնութագրական են այս տարիների քաղաքական համապատկերի համար կամ վերաբերում են առավել կարեւոր իրադարձություններին։



[1]    Տե՛ս Սարգսյան Ա., Ղարաբաղյան շարժման պատմություն, 1988-1989, Երեւան, Անտարես, 2018։

[2]    Անշուշտ, դա չի նշանակում, թե Շարժման բերած քաղաքական միտքը, արժեհամակարգն ու դրանով սնված հասարակական մտածելակերպը 1998 թվականի իշխանափոխությամբ դադարեցին գոյություն ունենալ։ Հաջորդ տասնամյակում՝ անթեղված, թե՝ 2007 թվականից տեւական համաժողովրդական հզոր շարժման վերածված՝ այն շարունակեց պայմանավորվել Հայաստանի հիմնական քաղաքական օրակարգը, ազդել գործընթացների վրա, վերջիվերջո հասցնելով նույն այդ ավազակապետական ռեժիմի տապալմանը։

[3]    Ժամանակին այդ բանը արձանագրել են ոչ միայն քաղաքական վերլուծաբանները, այլեւ պետական-քաղաքական գործիչներ, օրինակ՝ ԱՄՆ Սենատի անդամ Ջոզեֆ Լիբերմանը. «...կոմունիզմի փլուզումը Խորհրդային բլոկի ներսում սկսվեց ոչ թե Ռուսաստանի սրտում կամ Կենտրոնական Եւրոպայում, այլ Հայաստանում: 1988 թվականի փետրվարին հայ ժողովուրդը բողոքի խիզախ ալիք բարձրացրեց կոռումպացված կոմունիստական վարչակարգի դեմ, որը նրան պարտադրվել էր Կրեմլի կողմից: Կոմունիստական տիրապետության դեմ այս ըմբոստությունը որպես մոդել եւ ոգեշնչման օրինակ ծառայեց նույն տարում ավելի ուշ Կենտրոնական Եւրոպայում տեղի ունեցած ապստամբությունների համար» (ՀՀԱՆԱ, թղթ. 13/12.11.1991): Հատկանշական է, որ նույն գնահատականն են տվել նաեւ ավելի ուշ, օրինակ՝ Բելառուսի ԳԽ նախագահ Ստանիսլավ Շուշկեւիչը եւ Բուլղարիայի վարչապետ Ֆիլիպ Դիմիտրովը. «Ինչպես մի ֆրանսիացի սովետաբան է գրել՝ «Բեռլինի պատը նախ սկսեց փլվել Հայաստանում», երբ այս փոքր խորհրդային հանրապետությունը Տեր-Պետրոսյանի ղեկավարությամբ ճանապարհ հարթեց այն գաղափարների համար, որոնք հետագայում հաջողությամբ որդեգրեցին դեմոկրատական այլ շարժումներ եւ ժողովրդական ճակատներ՝ ներառյալ Բալթիկայում, Ուկրաինայում, Մոլդովայում եւ Ռուսաստանում։ Հայաստանի անհնազանդության համարձակ գործողությունը ոգեշնչեց նաեւ Կենտրոնական Եւրոպայի գերեվարված ազգերին՝ հարստացնելով «Սոլիդարնոստի» փորձառությունը եւ ի վերջո հանգեցնելով 1989թ. նրանց խաղաղ հեղափոխությունների ոսկեդարի բարձրակետին» (Գիտնականը եւ Նախագահը. Լեւոն Տեր-Պետրոսյանի 75-ամյակի առթիվ, Անտարես, Երեւան, 2020, էջ 158-159)։

[4]    Այս մասին ավելի մանրամասն տե՛ս Սարգսյան Ա., Ղարաբաղյան շարժման պատմություն, 1988-1989, էջ 7-9։

[5]    Բավարարվել ենք «Հայոց պատմության» բուհական դասագրքի (Հայոց պատմություն, դասագիրք բարձրագույն ուսումնական հաստատությունների համար, խմբագրությամբ Հր. Ռ. Սիմոնյանի, Երեւան, 2002) համապատասխան բաժնի մասին հրապարակած մեր մի աշխատությամբ (Սարգսյան Ա., Հայաստանի նորագույն պատմության ուրացումն ու կեղծումը», Երեւան, 2015) ու դրանում տրված կոշտ գնահատականներով, ինչին դասագրքի հեղինակներից որեւէ մեկն այդպես էլ չարձագանքեց։ Որքան էլ տարօրինակ, սակայն ավազակապետական ռեժիմին հաջորդած իշխանությունը նույնպես շարունակեց նույն դասագիրքը պահել շրջանառության մեջ։

[6]    Այս բառը, չակերտած, հայ իրականության համար օգտագործում ենք պայմանական՝ նկատի ունենալով, մասնավորապես, Մերձբալթյան հանրապետություններում նույն անունով հայտնի կազմակերպությունները։ Վերջիններս, որպես սոցիալական բազա ունենալով «հավատավոր» կոմունիստներին եւ ռուսալեզու բնակչությանը, պայքարում էին անկախության ձգտող «ժողովրդական ճակատների» դեմ։ Հայաստանում այս հիմքերից երկուսն էլ, ըստ էության, բացակայում էին, եւ անկախության դեմ պայքարի համար «գաղափարական» բոլորովին այլ հիմքեր էին ընտրվել (մանրամասները՝ ստորեւ, իր տեղում)։

[7]    «Հայ դատ» — միջազգային Cause Armeniane (Armenian Cause) տերմինի բառացի հայերեն թարգմանությունն է, որ նշանակում է «Հայկական հարց»։ Ծագելով 1878թ. ռուս-թուրքական պատերազմից հետո որպես միջազգային հարցի անուն՝ այն նախապես բոլորովին այլ իմաստ է ունեցել, այն է՝ Օսմանյան կայսրության հոծ հայկական բնակչություն ունեցող նահանգներում եւրոպական գերտերությունների վերահսկողությամբ բարենորոգումներ անցկացնելու ծրագիրը։ 1923թ. Լոզանի կոնֆերանսից հետո, երբ նշված ծրագիրը վերջնականապես թաղվեց, «Հայ դատ» տերմինը հայկական միջավայրում վերաիմաստավորվեց, եւ վաղուց դրա քաղաքական էությունն այլ բան չէ, քան պահանջատիրությունը, որի միջազգային մոտավոր համարժեքը irredentism բառն է։ Ուստիեւ՝ առաջիկա շարադրանքում մենք հնարավորինս կխուսափենք թյուրընկալումների տեղիք տվող Հայ դատ, հայդատականություն հասկացությունների օգտագործումից՝ դրանց փոխարեն կամ զուգահեռ, հարադիր գործածելով քաղաքական իմաստով լիովին համարժեք ու ամենքին հասկանալի՝ պահանջատիրություն եւ պահանջատիրականություն բառերը։

[8]    Այս բնագավառներին անդրադարձել ենք այնքանով, որքանով դրանք անհրաժեշտ են եղել պատմության քաղաքական առանցքի լրացման եւ ամբողջացման համար։