Կորոնավիրուս․ ԱՄՆ-ը պատրաստվում է «նախընտրական» պատվաստման

ԱՄՆ առողջապահության նախարարությունը բոլոր 50 նահանգներին հանձնարարել է պատրաստ լինել պատվաստելու բնակչության մի մասին արդեն նոյեմբերի 1-ին՝ նախագահական ընտրություններից երկու օր առաջ։
Օգոստոսի 27-ին բոլոր նահանգների առողջապահության մարմինները նամակ են ստացել Հիվանդությունների վերահսկողության և կանխարգելման կենտրոնից՝ ԱՄՆ առողջապահության դաշնային գործակալությունից, որում հեղինակները մանրամասն նկարագրում են երկու անանուն պատվաստանյութերի տարածման սցենարը և տեղական պաշտոնյաներին խնդրում նախապես կանխել բյուրոկրատական քաշքշուկը՝ պատվաստումն անցկացնելու համար, փոխանցում է New York Times թերթը։
Փաստաթղթում նշվում է, որ առաջին հերթին պետք է պատվաստվեն բուժհաստատությունների աշխատակիցները, 65 տարեկանից բարձր մարդիկ և արտահայտված ռիսկի խմբում գտնվողները։
Հաշվի առնելով, որ կորոնավիրուսի հայտնի պատվաստանյութերից ոչ մեկը դեռ փորձարկման բոլոր փուլերը չի անցել, համաճարակաբաններից ոմանք այդ որոշումը համարում են քաղաքականացված։
Փոխանցում է BBC-ն։