04.09.2020 17:38

«Ինտելեկտուալը»

«Ինտելեկտուալը»

Մի երկու օր առաջ Քոչարյանն էլի իր ամպլուայի մեջ էր: Ռուսական РБК-ին տված հարցազրույցում նա մի ուշագրավ հայտարարություն է արել։ Ասում է. «Փորձագիտական համայնքի առումով, մտավորականության առումով, ովքեր ունակ են վերլուծել իրավիճակները, խոսել, որոշ հարցազրույցներ տալ, համեմատություններ կատարել, վերլուծություններ կազմել, այսինքն ՝ ստեղծել իմաստալից, հետաքրքիր բովանդակություն, մենք, անկասկած գերակշռում ենք»:

Ինտելեկտուալ առումով, ասում է:

Այսինքն, ըստ Քոչարյանի՝ ինքը ինտելեկտուալ է՝ հերիք չէ, դեռ մի բան էլ իր շուրջը, պարզվում է, ինտելեկտուալներ են հավաքված:

 Մեղա-մեղա:

Մարդ միանգամից ուզում է հարցնել, այդ ովքե՞ր են քո շուրջը հավաքված ինտելեկտուալները, այդ անտեսանելի աջարակիցները: Անտեսանելի, քանի որ եթե դրանք լինեին, տեսանելի կլինեին: Բայց մենք գոնե մինչեւ հիմա այդպիսի շրջապատ նրա շուրջը չենք տեսել` ո՛չ կառավարման տարիներին, ո՛չ էլ, առավելեւս՝ հիմա: Ովքե՞ր են հիմա Քոչարյանի շուրջը հավաքվել, որոնց նա անվանում է իր «աջարակիցները». ընդամենը մի հայացք նետելով առավոտից  երեկո եթերից-եթեր անցնող, ասուլիսներ ու հարցազրույցներ տվող, առավոտից երեկո նրան գովաբանող այդ մասսային, տեսնում ենք միայն քաղաքական եւ հանրային դաշտի ամենաբարոյազրկված, ամենամարգինալ մի այնպիսի խառնամբոխի, որի ծառայություններից ժամանակին անգամ հենց ինքը Քոչարյանն էր ամաչում հրապարակային օգտվել իշխանության եղած ժամանակ: Մարդ-կուսակցություններ, անհասկանալի անցյալով հանկարծակի ակտիվիստ դարձած անձինք, մարդիկ, որոնց անուններն անգամ ամոթ է այս նյութում հնչեցնել:

Քոչարյանն իրականում մտածելու բան ունի: Որովհետեւ քիչ թե շատ անդամներ եւ աջակիցներ ունեցող ուժերն ու գործիչները անգամ, որոնք այսօր կատաղի կռիվ են տալիս իշխանափոխության համար, անգամ այդ ուժերը (որոնց մի մասի հետ իշխանության եղած ժամանակ համագործակցել է) հիմնականում ամաչում են նույնիսկ հրապարակային սատարել  նրան կամ  հայտարարել, որ նրա հետ համագործակցում են, որովհետեւ շատ լավ գիտեն, որ եթե հրապարակային նման բան ասեն, եղած նվազագույն վարկանիշն էլ կկորցնեն: Այսինքն, անգամ այդպիսի ուժերն են իրենից հրապարակավ դիստանցվում, էլ ո՞ւր մնաց իրական ինտելեկտուալները:

Դե բնական բան է, ինչպե՞ս կարող է քիչ թե շատ ինտելեկտ ունեցող մարդը հրապարակավ սատարել Ռոբերտ Քոչարյանին: Հատկապես, որ ինտելեկտուալները նրան իսկի իշխանության եղած ժամանակ չէին սատարում:

Ուստի, անկախ այն բանից, թե ինչ կասի Քոչարյանը, ինչպես իշխանության եղած ժամանակ, այնպես էլ հիմա` նա իրեն շրջապատել է ոչ թե բանիմաց ինտելեկտուալներով, այլ քծնող կարիերիստներով, որոնք այդ ամոթալի եւ նվաստացուցիչ դերակատարությունը ստանձնել են միայն ու միայն  շահադիտական նպատակներով: Մեկին գումար է պետք, մեկն ուզում է հեռուստատեսությամբ երեւալ: Թե չէ` ինտելեկտուալներ: Չէ մի` Նոբելյան մրցանակակիրներ:

 

Արսեն Օհանյան