05.09.2020 03:30

Խոակին Կապառոսի եւ Վարազդատ Հարոյանի ասուլիսը Մակեդոնիայում

Խոակին Կապառոսի եւ Վարազդատ Հարոյանի ասուլիսը Մակեդոնիայում

Հայաստանի հավաքականի իսպանացի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսն ու թիմի պաշտպան Վարազդատ Հարոյանը Սկոպյեում պատասխանել են լրագրողների հարցերին Հյուսիսային Մակեդոնիայի թիմի դեմ Ազգերի լիգայի հանդիպման նախախաղային ասուլիսում։

«Մեծ խանդավառությամբ ենք մոտեցել այս մրցաշարին եւ վաղվա խաղին։ Մեր հավաքականում կան վետերաններ եւ նորեկներ։ Բոլորն էլ խանդավառությամբ լի են, ցանկանում են բարձր արդյունքների հասնել։

Մակեդոնիայի հավաքականը եւս լավ թիմ է, բայց մենք մեծ ցանկություն ունենք լավ հանդես գալ այս մրցաշարում։

Այսօր նույնիսկ մեկ շաբաթում աշխարհում շատ բան կարող է փոխվել։ Երկու տարի առաջ տեղի ունեցած խաղին մակեդոնացիների հետ չեմ էլ անդրադառնում։ Մեր թիմում կան երիտասարդներ, որոնք ապացուցելու բան ունեն։ Նրանք կաշխատեն լավ հանդես գալ։

Կարելի է ասել, որ անհնարին է իսպանական ֆուտբոլի ոճը ամբողջովին փոխանցել Հայաստանի հավաքականին, քանի որ տարբեր խաղացողներ են։ Բայց ես աշխատել եմ բարձրակարգ թիմերում եւ կփորձեմ իմ փորձով օգտակար լինել Հայաստանի թիմին։ Կարծում եմ՝ հավաքականն արժանի խաղ կցուցադրի։

Բնականաբար, Մխիթարյանի նման բարձրակարգ ֆուտբոլիստի բացակայությունն ազդում է թիմի վրա, բայց թիմը պետք է ձգտի ցուցադրել շատ ուժեղ թիմային խաղ»,- նշել է Կապառոսը։

«Չեմ կարծում, որ Մակեդոնիան վաղվա խաղում ֆավորիտ է։ Միակ առավելությունն այն է, որ իրենց խաղադաշտում են խաղում։ Ունեն որակյալ, երիտասարդ խաղացողներ։

Արդեն երկու անգամ խաղացել ենք Մակեդոնիայի հետ։ Ֆուտբոլը սխալների խաղ է։ Առաջին խաղում մենք սխալվեցինք, երկու գոլ բաց թողեցինք։ Իրենք երկրորդ խաղում սխալվեցին եւ չորս գոլ բաց թողեցին։

Մեր խմբում մեծ ֆավորիտներ չկան։ Լավ ծանոթ ենք Մակեդոնիայի եւ Վրաստանի թիմերին։ Էստոնիայի հավաքականին էլ կծանոթանանք։ Չեմ կարծում, որ ֆավորիտներ կան»,- նշեց Վարազդատ Հարոյանը։

Ազգերի լիգայի C դիվիզիոնի երկրորդ խմբում Հայաստանի հավաքականը Հյուսիսային Մակեդոնիայի դեմ արտագնա խաղը կանցկացնի սեպտեմբերի 5-ին Սկոպյեում։ Այն կմեկնարկի Երեւանի ժամանակով 17։00-ին: 3 օր անց Հայաստանի հավաքականը երկրորդ տուրում կընդունի էստոնացիներին: